«Մասնավոր, բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս առկա են»
Հաշվի առնելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տարբեր միջազգային գնահատումների արդյունքում ստանձնած հանձնարարականները, ՀՀ արդարադատության նախարությունը, ՎիվաՍել ՄՏՍ-ը և «Ներդաշնակ» զարգացում հ/կ-ն՝ համագործակցելով՝ իրականացնում են «Մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում» ծրագիրը, որը նպատակ ունի ստեղծել կոռուպցիայից ազատ բիզնես միջավայր և բիզնեսը ներգրավել կոռուպցիայի դեմ պայքարում։
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը և դրան հաջորդած իրադարձությունները կարելի է որակել՝ որպես աննախադեպ, և բիզնեսն այն հիմնական շահառուներից է, որի վրա անմիջապես պետք է անդրադառնան ժողովրդավարական պայքարի պտուղները։
«Այս առումով, որպես անհրաժեշտ քայլ, պետք է հաղթանակած հեղափոխությունը վերածել ինստիտուցիոնալ բարեփոխումների, ինչն առաջիկա ընտրություններից հետո պետք է նոր թափ առնի։ Խիստ անհրաժեշտ է հանրության, հատկապես՝ գործարար հանրության շարունակական ընդգրկումը բարեփոխումների մեջ։ Անհրաժեշտ է ստեղծել սպասելիքների կառավարում՝ հանրությանը տալով իրատեսական ժամկետներով, իրատեսական փոփոխությունների ցանկ։ Սա շատ կարևոր է, քանի որ շատերը սպասում են անթերի որոշումների և բացառապես դրական արդյունքների, ինչը շատ պարտավորեցնող է»,- ասաց Ա. Զեյնալյանը և նկատեց, որ այս գործընթացքում կարևորում է քաղաքացիական հասարակության և բիզնեսի անմիջական մասնակցությունը և սատարումը երկրում տեղի ունեցող բարեփոխումներին։
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ թեև առաջնային խոսում են պետական համակարգի կոռուպցիայի և դրա դրսևորումների մասին, բայց մասնավոր, բիզնես ոլորտում կոռուպցիոն ռիսկերը ևս առկա են։
Ըստ նրա, հակակոռուպցիոն պայքարում բիզնեսը հանդես է գալիս կարևոր դերակատարմամբ՝ բիզնեսը հակակոռուպցիոն պայքարի հիմնական շահառուներից է, քանի որ գործարարները շահագրգիռ են տեսնելու հակակոռուպցիոն պայքարի արդյունքները, կոռուպցիայից ազատ տնտեսական միջավայր, իրական ազատ տնտեսական մրցակցություն։
«Մեր կառավարությունը փորձում է թե՛ ավանդական, թե՛ նորարարական եղանակներով ժողովրդավարական պայքարի դրական էներգիան ուղղել կառավարման գործընթացին՝ հասարակության անմիջական մասնակցությամբ։ Մասնավորապես՝ կառավարությունն ընդլայնում է պետական ծառայությունների պատվիրակման գաղափարը և ավելացնում է պետական ծառայությունների մատուցման գրասենյակների քանակը, նշված գրասենյակները գործում են «Հայփոստ», «Մոբիդրամ» և մի շարք բանկային գրասենյակներում՝պետական ծառայություններն ավելի հասանելի դարձնելով քաղաքացիներին։
Ներկայումս 120 միասնական գրասենյակների կողմից մատուցվում է շուրջ 67 ծառայություններ։ Էլեկտրոնային ռեգիստրի բարելավման արդյունքում բարելավվել է գործարար միջավայրը, կրճատվել է իրավաբանական անձանց պետական գրանցման տևողությունը և մեկ պատուհանի կիրառման միջոցով ապահովել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը մեկ այցի ընթացքում»,- շեշտեց Արտակ Զեյնալյանը։
Նրա խոսքով՝ այս բոլոր գործողությունների արդյունքում Համաշխարհային բանկի 2018 թվականի գործունեությամբ զբաղվելու զեկույցով բիզնես սկսելու ցուցանիշով Հայաստանն ամբողջ աշխարհում զբաղեցրել է 8-րդ տեղը։
Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ ավարտին են մոտենում «Իլայսենս» համակարգի ներդրման աշխատանքները, որի արդյունքում պետական մարմինների կողմից լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեության տեսակների գրանցման համար նախատեսված գրանցամատյանները կթվայնացվեն, և կստեղծվի միասնական էլեկտրոնային գրանցամատյան։
«Կառավարությունը չի կարող միայնակ պայքարել կոռուպցիայի դեմ, ակնկալում եմ, որ կյանքի կկոչվեն ոչ միայն բիզնես միջավայրի կողմից առաջարկվող նորարարական գաղափարները, այլև կայուն կապ կհաստատվի բիզնես հանրության հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականությունը համակարգելու համար»,- եզրափակեց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։
Զվարթ Խաչատրյան