«Չեմ կարծում, որ մենք ունենք այդքան լծակ, որ պահանջենք մյուս երկրների ղեկավարներից կեցվածք պահպանել». Արմեն Ռուստամյան
«Ես ցավում եմ, որ այսպիսի իրավիճակ է առաջանում նման կարևոր ձևաչափում, որ ՀԱՊԿ-ն է: Միանշանակ է, թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և այն համագործակցության տրամաբանությունից, որ ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ Բելառուսի վերջին արձագանքին:
Ըստ նրա՝ այդ խնդիրները քննարկելու համար նախկինում նախ ներքին պայմանավորվածություններ էին ձեռք բերում. «Նման ավանդույթներ եղել են, որ երբ խոսքը գնում է զգայում հարցերի մասին, մինչև ներսում չեն համաձայնեցվում, չեն հրապարակվում: Դա համախոհությամբ պետք է լուծվի: Եվ երկու նախագահների հայտարարությունները դրան չեն նպաստել: Բայց մենք էլ մեր խնդիրները պետք է այնպես ձևակերպենք, որ խնդիրներ չառաջացնենք»:
Ա.Ռուստամյանը նշեց, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը կոնկրետ անձի հետ կապված չենք պահպանում, անձին հետ ենք կանչում, նախապես պետք էր ճշտել՝ ինչ է լինելու, իսկ հիմա այդ խնդիրը կատարված փաստից հետո է փորձ արվում լուծել.
«Տարբեր տեսակետներ են հնչում, գործող քարտուղարն է հայտարարություն անում, որ պետք է լուծվի համախոհությամբ: Կարծում եմ՝ մինչև մեր տեղն այդտեղ կասկածի տակ դնելը պետք էր նախապատրաստվել դրան: Այսինքն՝ մինչև Խաչատուրովին հետ կանչելը պետք էր նախապատրաստվել: Կար խնդիր և դա նոր չէր ծագել, պարզ էր, որ այդ անորոշությունը կար, Խաչատուրովի նշանակումը հարթ չի եղել, դեռ այն ժամանակ հակադրվող կողմեր կային, բայց հարցը լուծվեց, և եթե կանոնադրությունը չի ասում՝ ինչ պետք է տեղի ունենա, մենք չպետք է անեինք:
Մյուս կողմից հարցը ուրիշ տեղ շեղելու փորձերից պետք է խուսափենք: Չեմ կարծում, որ մենք ունենք այդքան լծակ, որ պահանջենք մյուս երկրների ղեկավարներից կեցվածք պահպանել: Եթե այդ տրամաբանությամբ սկսվի խոսակցությունն առաջիկա նիստում, լավ տեղ չի տանելու:
Ընդհանուր առմամբ՝ կրքերը բորբոքվում են, և եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ լինեն, դրանից Ադրբեջանն է լինելու օգտվողը: Սլաքն ուղղվելու է ՀՀ-ի վրա, որ եթե կա խնդիր, դա Հայաստանն է: Այսինքն՝ մենք շատ նրբանկատ պետք է լինենք, որ մի կողմից ՀԱՊԿ-ի կարևորությունը և մեր անվտանգության հարցում այս նոր իրավիճակում իրական դառնա և դրա հետ կապված քայլերն էլ կատարվեն համապատասխան տրամաբանությամբ, մյուս կողմից՝ այլ դաշտերում այլընտրանք չունենալով, մեր գործունեությունն այդտեղ հարվածի տակ դրվի, չեմ կարծում, որ հեռանկարային է»:
Ա.Ռուստամյանը նշեց, որ անձնական հեղինակության խնդիր է արդեն կարծես դառնում, իրենց հայտարարություներից դա զգացվում է: Նա նկատեց, որ ոչ միայն պետությունների հարաբերության խնդիր է, այլ նաև անձնական հարաբերությունների, և պետք չի հարվածի տակ դնել:
Դիտարկմանը, որ Բելառուսի և Ղազախստանի ղեկավարները դիկտատորներ են, Փաշինյանին չեն ընդունում, Ա.Ռուստամյանը նշեց, որ նման սուր գնահատականները տեղին չեն.
«Գիտենք՝ ում հետ գործ ունենք, մարդիկ այնպիսի գնահատականների են սովոր, որ իրենց համար ցանկացած այլ գնահատական ոչ միայն լսողությունն է խզում, այլև առողջությունն է քայքայում:
Մարդկանց վիրավորում ենք՝ հին դիկտատոր ասելով: Դա չի կարելի այդ հարաբերություններում դարձնել բառապաշարի հիմք: Մարդիկ դրան հեշտ ու հանգիստ պատասխան են տալիս՝ անկախ նրանից, ով ինչ կասի: Ասում են՝ մեր ժողովուրդը մեզ ընդունում է, ով է իրավունք տվել ասել, որ ժողովորդավարության խնդիր կա: Հիմա իզուր տեղը ջուր լցնե՞նք ուրիշի ջրաղացին և դրանով մեր դիրքերը թուլացնե՞նք»:
168.am-ի հարցերին, թե ի՞նչ դիրքորոշում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը դեռ լռում է, և Բելառուսի ու Ղազախստանի նպատակն է ՀԱՊԿ կանոնադրությունում փոփոխություն կատարելը և Ադրբեջանի ու Պակիստանի մուտքը կազմակերպություն ապահովելը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀԱՊԿ-ում հարցերը կոնսենսուսով են որոշումները կայացվում, և կարևոր է, որ ոգին պահպանվի.
«Մենք պետք է բոլորին մղենք, որ համախոհության հասնելու ջանքերը չվերանան: Ես չեմ կարծում, որ այդտեղ ինչ-որ խնդիր կաորղ է առաջանալ, Հայաստանն իր ձայնի իրավունքն ունի»:
Ըստ նրա՝ Պուտինը ճիշտ է վարվում, չի փորձում դառնալ կողմ, պետք է մեկը գոնե արբիտր լինի և հունի մեջ պահի մյուսներին. «Ակնհայտ է, որ ՀԱՊԿ կառույցի շարժիչ ուժը Ռուսաստանն է, և նման բոլոր դեպքերում, երբ տարաձայնություն է առաջանում, մեկը պետք է լինի, որ բոլորի հետ բարեկամական հարաբերություն ունենալով, կողմերին բերի համաձայնության դաշտ»:
Ա.Ռուստամյանի կարծիքով՝ այս իրավիճակն ամենևին չի նշանակում, որ Հայաստանը պետք է զիջի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը. «Երկու ղեկավարների հայտարարություն էլ համախոհության հնարավորությունները փոքրացնում են: Պետք է մեր ասածը ձևակերպենք այնպես, որ հակամարտությունների դաշտ չտեղափոխենք: Մենք մեր դիրքերի տերը պետք է լինենք և պահանջները ներկայացնենք՝ ի շահ ՀԱՊԿ ձևաչափի պահպանության և նշանակության: Հայաստանն իր ասելիքով շատ ճիշտ է, բայց այդ ասելիքի տեղն ու ձևն էլ կա»: