Բաժիններ՝

«Սա է, որ մտահոգիչ է». Ատոմ Ջանջուղազյան

Տարիներ շարունակ մասնագետների շրջանում չէր նվազում արտաբյուջեների հետ կապված դժգոհությունը։ Դրանք համարվում էին կոռուպցիայի աղբյուր, և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում առաջարկներից մեկն էլ արտաբյուջեների վերացումն է եղել։ Այսինքն՝  դրանք ներառվեն բյուջեի կազմում, և հնարավորություն չտրվի, որպեսզի տարբեր գերատեսչություններ, ըստ իրենց ցանկության՝ տնօրինեն միլիարդավոր գումարները։

Նախկինում նաև լուրեր էին շրջանառվում, որ գերատեսչությունների ղեկավարներն արտաբյուջեները որոշ ժամանակով օգտագործում են սեփական նպատակներով, նաև արտաբյուջեի գումարները՝ որպես ավանդ, շրջանառության մեջ են դնում բանկերում և եկամուտ ստանում։

Գործող օրենսդրությունը թույլ է տալիս պետական մարմիններին ձևավորել արտաբյուջետային հաշիվներ և դրանք օգտագործել իրենց հայեցողությամբ: Արտաբյուջետային հաշիվներին մուտք են լինում տույժերից ու տուգանքներից գանձվող գումարների մի մասը, այլ պետություններից կամ միջազգային կազմակերպություններից ստացած դրամաշնորհներ, վճարովի ծառայություններից մուտքեր:

Սակայն այժմ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է սահմանափակել արտաբյուջետային հաշիվների գոյությունը. օրենսդրական նախաձեռնությունն արդեն գործադիրում է: Այսինքն՝ արտաբյուջետային միջոցներն այսուհետ կներառվեն պետական բյուջեում: 2019թ. համար կառավարությունն արտաբյուջետային միջոցների չափը սահմանել է մոտ 28 մլրդ դրամ:

Թե ո՞վ է արտաբյուջեների վերացման գաղափարի հեղինակը, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ի հետ զրույցում չբացահայտեց: Նա նշեց, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա արտաբյուջեների գոյությունն ինքը ռիսկային չի համարում:

«Այստեղ ռիսկայնության հարց չի: Այն, ըստ էության, սովորական բյուջետային ընթացակարգով իրականացվող գործառնություն է: 1 տրլն 642 մլրդ դրամի մեջ 28 մլրդ դրամի մասին է խոսքը: Նույնիսկ, եթե տեսականորեն այդ 28 մլրդ-ը համարենք 100% ռիսկային, միևնույն է, դա ամբողջի մեջ ռիսկային չի»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա՝ խնդիրը դա չէ: Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ 2 էական տարբերություն կա՝ արտաբյուջեն ԱԺ-ի կողմից չի հաստատվում, այսինքն՝ ԱԺ-ն չի հաստատում նախահաշիվը, բայց դա չի նշանակում, որ այն գաղտնի էր, այն հրապարակային փաստաթուղթ էր, կառավարությունն էր քննարկում ու հաստատում նախահաշիվը, որի վերաբերյալ ԱԺ-ն իր տեսակետն արտահայտելու հնարավորութուն ուներ թե՛ որոշման ընդունման պահին ցանկացած ձևաչափով, թե՛ հետո՝ հաշվետվության ժամանակ, որովհետև այն հաշվետվության մաս էր դառնում: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ այդ արտաբյուջեի հաշվի նախահաշվի փոփոխությունը իրենից փոփոխություն է ներկայացնում բյուջեում, այսինքն՝ այսօր էլ այդ չափով փոփոխություն կառավարությունն իր որոշմամբ անում է:

Երկրորդ խնդիրը, նախարարի պաշտոնակատարի կարծիքով, այն է, որ ծախսը կապված է եկամտի հետ, այսինքն՝ եկամտից է կախված՝ ծախսը կարվի՞, թե՞ ոչ, և ճանապարհային ոստիկանի արձանագրած խախտման արդյունքում գանձված գումարից կախված՝ ծախս է արվում նույն ոստիկանության ծրագրերի համար:

«Սա է, որ մտահոգիչ է: Հիմա առաջարկվում է, որ պետական բյուջեի եկամուտները գան՝ որպես պետական բյուջեի եկամուտներ, իսկ ծախսերը քննարկվեն՝ առաջնահերթությունից ելնելով: Այսինքն՝ եթե ոստիկանությանն անհրաժեշտ է, այդ գումարն էլի տրվում է ոստիկանությանը, անհրաժեշտ է ՊԵԿ-ին, էլի տրվում է, բայց ոչ նրա համար, որ ՊԵԿ-ը ստիպված լինի գնալ խախտում արձանագրել, որովհետև իր պարգևատրումը կախված է դրանից: Նույնը՝ ճանապարհային ոստիկանության դեպքում: Ինչո՞ւ է այն ընկալումը միայն աշխատում, որ ինքը միայն խախտման համար պետք է պարգևատրվի:

Միգուցե հակառա՞կը՝ կանխարգելման համար պետք է պարգևատրվի: Սա է տարբերությունը, որ բերում է նրան, որ մեր ընկալմամբ՝ այս լուծումը ճիշտ է: Եվ եթե որևէ ժամանակ որևէ որոշում ընդունվել է, հիմա մենք չպետք է հետադարձ հայացքով նայենք դրան ու ասենք, որ շատ սխալ է, որովհետև ճիշտ ու սխալի գնահատականը տալու համար պետք է այդ ժամանակը մոդելավորես, սիմուլյացիա անես ու տեսնես, որ հիմա լիներ, էլի այդ որոշումը կընդունվե՞ր, թե՞ ոչ: Բայց դա չի նշանակում, որ ես հիմա ասում եմ, որ որևէ որոշում չէր կարող սխալ լինել»,- ասաց Ա.Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս