Ֆուտբոլի թիմն արդեն հասցրել է մարզվել Վադուցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արդեն Վադուցում է և հասցրել է մարզվել:
Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Շվեյցարիա: Մեր թիմն ավտոբուսով ուղևորվեց Իսպանիայի Մալագա քաղաք, այնտեղից մեկնեց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք, որտեղից էլ ավտոբուսով՝ Շվեյցարիայի Բադ Ռագաց քաղաք: Ազգային հավաքականը հանգրվանել է «Գրանդ Ռեզորթ» հյուրանոցում: Բադ Ռագացն ընտրվել է՝ որպես ազգային հավաքականի հանգրվան, քանի որ այն գտնվում է Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցից 10 րոպեի հեռավորության վրա:
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Լիխտենշտեյնի մայրաքաղաք Վադուցում: Եղանակային պայմաններն այստեղ այնքան էլ ֆուտբոլային չեն, բավականին ցուրտ է: Մարզման ընթացքում ջերմաստիճանն ընդամենը +2 էր:
Երկար ճանապարհից հետո մարզումային ծանրաբենվածությունը մեծ չէր, և մարզումն ավելի շատ կրում էր վերականգնողական բնույթ: Ընդհանուր խմբում մարզվում էին նաև Ջիբրալթարի հանդիպումը բաց թողած Արտյոմ Խաչատուրովը և Լևոն Հայրապետյանը: Մարզմանը չէր մասնակցում միայն Կամո Հովհաննիսյանը, ով հավանաբար բաց կթողնի Լիխտենշտեյնի հետ հանդիպումը Ջիբրալթարի խաղի վերջնամասում ստացած ծնկի վնասվածքի պատճառով: