Ինչո՞ւ է սերը համարվում առաքինությունների աղբյուր
Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ, հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ, ընտանիքն առանց սիրո մարդուն դարձնում է անտուն։ Ինչու՞ է սերը համարվում առաքինությունների աղբյուր։ Ս. Պողոս առաքյալն ասում է, որ անգամ հզոր հավատքն առանց սիրո ոչինչ է (Ա Կորնթ. 13: 1-3):
Սիրո մասին բազմիցս խոսվել ու գրվել է: Աստվածաշնչում այն դրվում է հավատի և հույսի կողքին: «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13:13): Հավատում ենք, որ կփրկվենք, և երբ գա այդ օրը, հավիտենության մեջ հավատքն իր տեղը զիջելու է տեսությանը, քանզի ինչին որ հավատում ենք, արդեն տեսնելու ենք, իսկ ակնհայտ իրողությունը հավատի կարիք չի զգում: Հույս ունենք, որ կփրկվենք, և երբ գա այդ օրը, այլևս հույս տածելու կարիք չի լինի, քանի որ ինչի հանդեպ որ հույս ենք տածում, այն ստանալու ենք: Միայն սերն է, որ մնալու է։ Ուրեմն, ի՞նչ է սերը…
Սերը՝ երբ որ հարցնում են, թե մամային եմ շատ սիրում, թե պապային, չեմ իմանում ճիշտ պատասխանը:
Հրաչ 5 տ.
Սերը՝ որ իմ սիրած ուտելիքն եմ տանում դպրոց, բայց տալիս եմ Արմինեին, որովհետև ձեռքը կոտրելուց հետո առաջին օրն էր, որ եկել էր դպրոց… Ու որովհետև ինքը լավն է:
Համլետ 13 տ.
Ջութակն է ու իմ մյուս հոբբիները: Ամեն ինչ՝ դասերից բացի:
Եվա 18 տ.
Բանակում հայրենիքն էր ու հայրենիքի պաշտպանությունը: Հիմա hետ եմ եկել, արդեն կարծես թե հայրենիքը չէ, բայց դեռ չգիտեմ, թե ինչն է: Կամ էլ երևի չգիտեմ, թե հայրենիքն ինչ է:
Հովհաննես 21 տ.
Ես ավելի շատ նյութականի հետ եմ ասոցիացնում: Երևի դրա պատճառով էլ չեմ սիրում խոսել սիրուց:
Նարե 21 տ.
Սերը մեր դեռ չծնված երեխան է ու ընտանիք ունենալու զգացումը: Հրաշքին սպասելու զգացումն է ու ապահովությունը:
Մոնիկա 22 տ.
Սերը՝ երբ լուսանկարում եմ:
Արամ 24 տ.
Ինքդ քեզնից գոհ լինելն է, խղճիդ առաջ մաքուր լինելն է սերը: Եվ սիրած գործով զբաղվելը:
Նաիրա 30 տ.
Իմ ընտանիքն է, երեկոյան ընթրելը մի սեղանի շուրջ:
Կարինե 39 տ.
Սերը՝ երբ աղջիկս շատ պարզ հարցեր է տալիս, ես համբերատար ու մեծ սիրով պատասխանում եմ, բայց եթե փողոցում մեկը նույն հարցերը տա, հունից դուրս կգամ:
Սուրեն 42 տ.
Սերը, ես ինչքան հասկացել եմ, նպատակներ ունենալն է կյանքում, անիմաստ չապրելը, աշխարհի երեսին մեզնից մի բան թողնելն է:
Մուշեղ 56 տ.
Ե՛ս եմ սերը, չէ՞, մամ:
Նարե 4 տ.
«Աստված Սեր է» (Ա. Հովհաննես 4:8-9)
Վիկտորյա Մարտիրոսյան