«Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում». Վիտալի Բալասանյանը՝ «Սասնա ծռերի» գործողությունների մասին
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներն արդեն հայտնել են, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով նոյեմբերի 17-ին ավտոերթով մեկնելու են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։
168.am-ի հետ զրույցում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռերի» այս մտադրության վերաբերյալ հետևյալն ասաց. «Ըստ իրենց հայտարարության՝ իրենց ներկայացուցչությունն այստեղ դիմել է Ստեփանակերտի քաղաքապետարանին, Թումանյան փողոցում ինչ-որ գրասենյակ են բացել, քաղաքապետարանն էլ համապատասխան թույլտվություն տվել է։ Ուրիշ որևէ գործողություն՝ երթ կամ այլ բան, այստեղ չեն անելու, այսինքն՝ ինչ անեն, պետք է անեն օրենքի սահմաններում։ Եթե անօրինական գործողություն կատարվի, ապա օրենքի ամբողջ խստությամբ ենթարկվելու են պատասխանատվության»։
Բալասանյանը 2016թ. «Սասնա ծռերի» գործողություններն «ահաբեկչական» որակեց.
«Զինված խմբի գործողություններն իմ անձնական գնահատականով՝ ահաբեկչություն էր, որովհետև պետական շենք-շինությունների գրավում, սպանություններ եղան, և ամենակարևորը՝ թաղամասերում ինչքան մարդ է եղել, այդ բնակչությունը թողել-փախել է։
Ահաբեկչությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. դա ահաբեկչություն էր։ Հիմա որոշել են կուսակցություն բացել. ցանկացած մարդ Արցախում իրավունք ունի հասարակական կազմակերպություն, կուսակցություն բացել, բայց որպես ուժ, որպես կուսակցության մասնաճյուղ՝ Արցախի Հանրապետության օրենքն արգելում է, և մենք գործելու ենք օրենքի շրջանակեներում»։
Քիչ առաջ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը հաղորդագրություն տարածեց, որում ասվում է՝ դեպի Արցախ 2018 թ. նոյեմբերի 17-ի ավտոերթի և Արցախում նախատեսվող միջոցառումների հիմնական նպատակն է՝ ՀՀ-ին Արցախի դե յուրե միացումն ամրագրել՝ որպես համահայկական օրակարգի գերակա հարց: