Բյուջեն՝ իներցիոն, իսկ մանիպուլյացիանե՞րը…

Ազգային ժողովի լիագումար նիստում ընթանում է «2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի քննարկումները, որը մեկնարկեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթով:

Ըստ Ն. Փաշինյանի կես ժամ տևողությամբ ճառի՝ «Հայաստանի 2019թ. բյուջեի նախագիծը իներցիոն է», և հիմնված է այն չափանիշերի վրա, որոնք ժառանգություն են ստացվել նախկին իշխանություններից: Այն, որ Փաշինյանը հաճախակի մանիպուլյացնում է ցուցանիշները, տալիս խոստումներ, որոնց չիրականացման համար մեղադրում է բոլորին, դա արդեն սովորական երևույթ է դարձել, բայց այն, որ նա անգամ պաշտոնական փաստաթղթով ստանձնած պարտականությունները չի կատարում, սա, թերևս, նորություն է:

Եթե հաշվի առնենք, որ 2018 թվականի շուրջ 8-9 ամիսները բաժին է ընկնում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ապա անհասկանալի է դառնում, թե ի՞նչ իներցիայի մասին է խոսքը: Ավելին, երբ հուլիս ամսին կառավարությունը լուռումունջ հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, Փաշինյանի կառավարությունն այդ ծրագրի 1-ին էջում ավելացրեց, որ «ծրագիրը չի արտացոլում հեղափոխական իշխանության մոտեցումները, և պետք է նկատի ունենալ, որ պետական մարմիններն առաջիկայում ձեռնամուխ են լինելու ծախսերի արդյունավետության մանրազնին ուսումնասիրմանը և ոլորտային առաջնահերթությունների վերանայմանը՝ հիմնվելով տարբեր ոլորտներում իրականացվող քաղաքականությունների ախտորոշման արդյունքների վրա, ինչն անպայմանորեն իր արտացոլումն է ստանալու առաջիկա տարիների պետական բյուջեների նախագծերում»։

Միջնաժամկետ ծախսերի ծրագրից անցել է շուրջ 6 ամիս, և արդեն քննարկման է դրված բյուջեի նախագիծը, որում, հավատալով գործող իշխանության խոստումներին, պետք է արձանագրվեին նոր արդյունքներ և առաջնահերթություններ, սակայն, արի ու տես, որ այս բյուջեն իներցիոն դուրս եկավ, և ըստ Փաշինյանի ելույթի՝ «ընթացիկ քաղաքական քննարկումների որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն»: Այնպես որ, իշխանության մոտեցումները տեսնելու համար պետք է ևս մի տարի սպասենք:

Այստեղ, իհարկե, ակնհայտ է դառնում, որ իներցիոն է ոչ միայն բյուջեն, այլև իշխանության կողմից խոստումները չկատարելը: Այո, բյուջեն իներցիոն է, ճիշտ այնպես, ինչպես իներցիոն զարգանում է տնտեսությունը՝ առանց Փաշինյանի միջամտության, և տնտեսությունն այսօր գտնվում է ավտոպիլոտի ռեժիմում, ինչը, ըստ էության, ձեռնտու է գործող իշխանությանը, որովհետև այդպիսով նրանք դրական արդյունքները կարող են սեփականաշնորհել՝ իրենց վերագրել, իսկ վատ արդյունքի դեպքում՝ մեղքը գցել նախկին իշխանությունների վրա:

Արդյունքում՝ ստանում ենք մի պատկեր, երբ հնչում են խոստումներ ու հայտարարություններ, սակայն, երբ գալիս է դրանք իրականացնելու ժամանակը, սկսում ենք փնտրել արդարացումներ և մեղադրում նախորդներին: Իհարկե, այս տարին ևս կարելի է այդ գործելաոճով անցկացնել, սակայն ի՞նչ արդարացում է դրվելու սեղանին դրանից հետո, օրինակ, 2019 թվականի հուլիսին Միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) քննարկման ժամանակ:

Հաջորդ չիրականացված խոստումը, որ ուղղակի կապ ունի Փաշինյանի ելույթի հետ, վերաբերում է հարկային բարեփոխումներին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը ՀԴՄ կտրոն չխփողներին գրեթե «ազգի դավաճան» է համարում, և որպես սրա հիմնավորում՝ մեջբերում նախատեսվող հարկային բարեփոխումը: Մինչդեռ մինչ իշխանափոխությունն ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննադատել է նախկին իշխանություններին՝ այն բանի համար, որ գործող համակարգը քամում է փոքր ձեռներեցներին։

Այժմ, առանց հարկային բարեփոխումն իրականացնելու, իշխանությունը սկսել է «ավելի ուժեղ քամել» փոքր ձեռներեցներին՝ դրա դիմաց հրամցնելով հետագայում միկրոբիզնեսն ընդհանրապես հարկերից ազատելու տեսլականը: Այստեղ տեղին է վերափոխել ավանդական խոսքը՝ «առուն թռի, նոր ասա՝ հարկերը մուծեք»: Այստեղ, իհարկե, պետք է հասկանալ, որ նախ անհրաժեշտ է բարեփոխումներ իրականացնել, որից հետո նոր միայն պահանջներ դնել, հակառակ դեպքում ստացվում է, որ Փաշինյանի կառավարությունն ավելի կոպիտ ձևով իրականացնում է այն, ինչի համար նույն ինքը ժամանակին քննադատել է նախորդներին:

Եվ որպես ամփոփում՝ «տորթի վրայի բալը», ինչպես ասվում է ռոմանտիկ պատմություններում:

2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը նախագծվել է՝ հաշվի առնելով գործող Հարկային օրենսգիրքը, և, եթե այստեղ կտրուկ փոփոխություններ արվեն, ապա անմիջապես կազդի բյուջեի եկամտային մասի վրա, ինչը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Բացի այդ, նոր Հարկային օրենսգրքի ներդրումը տևական ժամանակ է պահանջում, հետևաբար՝ լավագույն դեպքում մենք նոր հարկային օրենսգրքի ամբողջական կիրառման մասին կարող ենք խոսել ՄԺԾԾ 2020-2022թթ. ծրագրի և 2020 թվականի բյուջեի նախագծի ժամանակ: Այնպես որ, պետք չէ հիմա բարեփոխումների անվան տակ մանիպուլյացնել իրավիճակը. միևնույն է, ժամանակն ամեն բան իր տեղն է դնելու, և բոլոր իրականացված ու չիրականացված խոստումները վաղ թե ուշ ջրի երես են դուրս գալու:

 Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս