Բաժիններ՝

Մենք ձեր կողմից ընտրված թեկնածուին չենք ճանաչելու, որովհետև հակաեզդիական նշանակում կլինի. Մի խումբ եզդիների հայտարարությունը

Մի խումբ եզդիների հայտարարությունը 

Հայաստանի Հանրապետությունում եզդի ժողովրդի նկատմամբ ազգային հալածանքի քաղաքականություն է տարվում ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կողմից:

Այժմ խոսենք փաստերով. թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցավ իշխանափոխություն, հազարավոր մարդիկ տարբեր բնագավառներում պաշտոններ ստացան: ՀՀ-ում հայերից հետո թվաքանակով երկրորդ ազգը եզդիներն են, բայց որևէ եզդի որևէ տեղում պաշտոն չստացավ: Մենք ունենք բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդներ, որոնք Հայաստանը թողնում, արտագաղթում են: Հայաստանի եզդի համայնքը ունի իր ղեկավարությունը՝ Եզդիների ազգային միությունը, որի նախագահն է Ազիզ Թամոյանը: Իշխանավորները նրա հետ որևէ անգամ հանդիպում կամ ընդունելություն չեն կազմակերպել:

Ա. Թամոյանի կողմից 1988 թ.-ից սկսած ԵՊՀ-ում պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի աջակցությամբ ստեղծվել է Ջանգիր աղայի անվան ռազմական ջոկատ, Ա. Թամոյանի ղեկավարությամբ 500 եզդի կամավորականներ իրենց մասնակ-ցություւնը բերեցին ինչպես Արցախում, այնպես էլ Երասխի ճակատամարտերում: Եզդիները ունեցել են 40-ից ավելի զոհեր, որոնցից մեկը Քյարամ Սլոյանն էր, որին թշնամիները գլխատեցին: Ա. Թամոյանի ղեկավարությամբ Սպիտակի երկրաշարժի ժամանակ կազմվեց եզդիական ջոկատ: Տասնյակ մարդկանց փրկեցին փլատակների տակից: Սակայն իշխանավորների կողմից այս ամենը չի գնահատվում:

Ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս իշխանությունների կողմից Հայաստանում տանում են ազգահալած քաղաքականություն: Օրինակ, Հայաստանում կա մեկ քուրդ ընտանիք: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Արագածոտնի 5 գյուղերում երեխաները սովորում են քրդերեն լեզու, պատմություն, կրոն, իսկ եզդի երեխաների ծննդյան վկայականներում գրված է «եզդի»: Նույն մարզի Ռյա Թազա գյուղում կա Քրդական Բանվորական կուսակցություն գրասենյակ, քուրդ աշխատողներ: Նրանք Թուրքիայի բնակիչներ են: Միշտ շրջագայում են եզդիական համայնքներում և ասում, որ եզդին քուրդ է : Այդ մասին Եզդիների ազգային միությունը՝ Ա. Թամոյանի գլխավորությամբ հարյուրից ավելի նամակներ է հղել ՀՀ ղեկավարությանը: Լռում են, հարցը չի կարգավորվում, լուծում չի ստանում: Միաժամանակ պետք է ասել, քրդական բանվորական կուսակցությունը միջազգայնորեն ճանաչվում է որպես տեռորիստական կազմակերպություն:

Հետաքրքիր է, որ ինչպես նախկին, այնպես է ներկայիս իշխանավորները արհամարհում են, խտրականություն են դրսևորում եզդի համայնքի նկատմամբ: Օրինակ, նախկին և այս ընտրություններում արհամարհում են մեր համայնքին: Հայաստանում կա մեկ քուրդ, նրան էլ դարձրել են ազգային ժողովի պատգամավոր, իսկ եզդիների համայնքին անտեսել են: Նախկինում էլ Հանրապետական կուսակցության կողմից բերեցին քրդամետ մեկին, այսինքն, եզդի չի ընտրվել: Իշխանությունները հաշվի չեն նստում Եզդիների ազգային միության ղեկավարության հետ: Դարձյալ կբերեն այնպիսի մարդու, որ անընդունելի է եզդի համայնքի համար: Ազգային փոքրամասնությունները Հայաստանում կազմում են երկու տոկոս: Աշխարհում չկա ուրիշ այդպիսի երկիր: Այժմ ուշ չի, թողեք, Եզդիներն ընտրեն իրենց թեկնածունին: Սա ևս պատճառ կդառնա արտագաղթի շարունակման համար:

Մեկ ամսից ավելի առաջ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նախագահության նիստով ներկայացվել էին համայնքի ներկայացուցիչներ Խդր Սուրենի Հաջոյանի և հոգևոր առաջնորդ Բրո Հասանյանի (լուսանկարը՝ «Հայ ձայնի») թեկնածությունները։ Մեկ ամիս անց՝ նոյեմբերի 7-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում, որը գտնվում է Երևանի Զաքյան փողոցի վրա, ասել են, որ ներկայացնենք նաև ներկայացված անձանց վերաբերյալ անձնական փաստաթղթերը։ Այս ամսվա նոյեմբերի 9-ին վերոհիշյալ գրասենյակում ասել են, որ ցուցակները արդեն լրացրել են և արդեն ուշ է։

Պահանջում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պահանջի ցուցակները և պարզի իրականությունը։ Մեր միությունը թեկնածուների անունները ներկայացրել է բոլորից առաջ, բայց հիմա էլ ասում են, թե ուշ է։ Մենք համոզվում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չգիտի, թե ինչ է կատարվում իր կուսակցությունում։ Պահանջում ենք չեղյալ համարել չորս մարդկանց ցուցակը, որ ասում են` գրել են։

Ի՞նչ են անում եզդիները Հայաստանում. զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Մեկ կգ կաթը եզդիները վաճառում են 130 դրամով: Հուսով ենք, իշխանավորները թույլ կտան, որ մենք ինքներս Ազգային ժողովի պատգամավոր ընտրել, իսկ եթե ոչ մենք ձեր կողմից ընտրված թեկնածուին չենք ճանաչելու, որովհետև հակաեզդիական նշանակում կլինի:

Հայաստանում վերջին տարիներին հին գյուղերի անվանումները վերացվել են, այդ թվում Կոտայքի մարզի Ամո գյուղը վերածվեց Զովունի գյուղի: Եզդիների անունից փողոցից մեկին պետք է բերեն և ասեն՝ սա մեր մարդն է: Իհարկե, ոչ ոք իրավունք չունի նման հայտարարություններ անելու, դա մեր նախագահության որոշելիք հարցն է, ոչ թե ձեր: Չի կարելի սեպ խրել մեր դարավոր բարեկամության մեջ: Մեր բարեկամությունը մնում է կայուն, հաստատ, մեր երկու ազգերի պատմության էջերում սև էջ չի գրանցվել:

Հուսով ենք, որ իշխանավորները ճիշտ կվարվեն, ճշմարտությանը վնաս չեն պատճառի:

Դիմողներ՝

Բրո Հասանյան (հոգևոր առաջնորդ)
Խուդոյան Մակո
Սլոյան Քյարամ
Սլոյան Խդր
Աջամյան Չոլո
Աջամյան Վալոդ
Ասոյան Գոգո
Ասե Ալիյան
Սուրիկ Ավդալյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930