Ինչո՞ւ Սիլվա Համբարձումյանը ներկա չէր խոշոր գործարարների հետ վարչապետի հանդիպմանը
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ուրբաթ երեկոյան աշխատանքային ընթրիք ունեցավ Հայաստանի խոշոր գործատուների և խոշոր հարկ վճարող ընկերությունների ղեկավարների հետ:
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այն նպատակները, որոնք կառավարությունը դրել է իր առջև, առանց բիզնեսի արձանագրած հաջողությունների՝ իրականություն չեն դառնա, և գործադիրը շահագրգիռ է գործարարների հաջողություններով:
Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է բիզնես հանրության հետ ակտիվ երկխոսությունն ու փոխգործակցությունը և հավելել, որ կառավարության քայլերն ուղղված են աշխատանքը և նոր արդյունք ստեղծելը խրախուսելուն, հնարավորություններն առավել հանրամատչելի դարձնելուն:
Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ կառավարության գործունեության ընթացքում հարկ վճարողների եկամուտները կավելանան, նրանք կարձանագրեն նոր հաջողություններ և արդյունքում՝ կավելացնեն պետությանը վճարվելիք հարկերը:
Ինչպե՞ս, պարոն Փաշինյան, եթե խոշոր հարկ վճարող ընկերության սեփականատիրոջը՝ Սամվել Մայրապետյանին են կալանավորում անհեթեթ մեղադրանքով, և դա տեսնում են Ձեզ հետ հանդիպած գործարարներն էլ:
Ինչպե՞ս, եթե այդ նույն մարդուն պատկանող ընկերություններում քննչական տեռոր է. ՀՔԾ-ից գալիս են, միգալկաներով մեքենաներով ամբողջ օրը դեմոնստրատիվ կանգնում են հիմնարկի առջև, հետո տանում են խոշոր հարկատու ընկերության փաստաթղթերը՝ ստեղծման օրվանից մինչև այսօր, որոնք, ի դեպ, բազմիցս ստուգվել են ՊԵԿ-ի կողմից:
Ինչպե՞ս ավելանան Փաշինյանի կողմից ակնկալվող եկամուտները՝ այն դեպքում, երբ այդ նույն տեռորի հետևանքով հաճախորդն արդեն զգուշանում է գործ ունենալ այդ ընկերության հետ, որպեսզի հանկարծ իրեն էլ վաղը ՀՔԾ չկանչեն:
«Ինչպես»-ների պատասխանները բազմաթիվ են:
Ահա այսպիսի իրարամերժ իրավիճակ. երբ վարչապետը մի բան է ուզում, բայց նրանից ներքևի օղակներում նրան արջի ծառայություն են մատուցում կամ միգուցե գիտակցաբար են անում՝ վարչապետի ասած ու երկրի համար այդքան կարևոր հարկային մուտքերի ապահովումը տապալելո՞ւ համար: Ո՞վ գիտե, ո՞ւմ կողմից են ուղղորդվում նախկին իշխանությունից ժառանգություն մնացած ՀՔԾ «խիստ պրոֆեսիոնալ» քննիչները: Շատ չխորանանք, քանի որ սա առանձին քննարկման թեմա է:
ՀՀ քաղաքացի
Հ.Գ. Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ չկար վարչապետի հետ այդ կարևոր հանդիպմանը Դուբայից տասնյակ միլիոնավոր դոլարներ Հայաստան բերած «խոշոր գործարար» Սիլվա Համբարձումյանը: Մի՞թե նա չի արժանացել վարչապետի հետ հանդիպման շնորհին: Ում՝ ում, բայց Սիլվա Համբարձումյանի հանդեպ խտրականությունն անարդար է: