
Նարեկ և Տիգրան Հախնազարյանները համատեղ սկավառակ են ձայնագրել

Թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանը եղբոր` դիրիժոր, ջութակահար Տիգրան Հախնազարյանի և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ սկավառակ է ձայնագրել: Այն կթողարկվի հաջորդ տարի:
«Ձայնասկավառակում ընդգրկված են Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները: Կարծում եմ` մեծ իրադարձություն է, երբ եվրոպական ամենահեղինակավոր նվագախմբերից մեկը երկու հայ երաժշտի հետ ոչ միայն նվագում, այլև թողարկում է հայ կոմպոզիտորների գործերը»,-մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Հախնազարյանը:
Անդրադառնալով հետագա ծրագրերին` Հախնազարյանն ասաց, որ մեկ համերգով հանդես է եկել աշխարհի ամենահեղինակավոր «Wigmore» կամերային համերգասրահում: Նույն դահլիճում ևս երեք համերգով ելույթ կունենա 2019 թվականին: