Ինչո՞ւ են հրաժարվում ապահովագրել դեղին համարանիշերով երթուղայինները
«ԱՊՊԱ-ն հրաժարվում է դեղին համարանիշերով երթուղայիններն ապահովագրել: Որին դիմում ենք՝ ասում են, թե չենք ապահովագրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց 28 համարի երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ դա պատճառաբանում են նրանով, թե վթարները շատ են, լիմիտն էլ լրացել է:
«Եթե չեն ապահովագրում, մեքենաները չեն աշխատելու: Ավելին, եթե առաջ 48.000 դրամ էին պահանջում, հիմա՝ 120.000-150.000: Առաջ իրենց ձեռնտու էր, այժմ՝ ոչ: Երևի ցանկանում են գները բարձրացնել ու դարձնել 200.000: Եթե ԱՊՊԱ արված չէ, մեքենաների վթարի դեպքում ծախսն ամբողջությամբ մենք ենք անելու: Նույնը՝ նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում: Վարորդին տուգանում են, նա էլ թողնում-հեռանում է, օրինակ՝ Ռուսաստան, ստիպված ընկերության տնօրենն է վճարում. ինչի՞ համար»,- ասաց Վլադիկ Աբրահամյանը:
Նրա դիտարկմամբ՝ մեքենաները շատ են քաղաքում, ամեն ամիս միայն 28 համարի երթուղու վթարները 5-6-ն են:
Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ ապահովագրական ընկերություններն ունեն մեկ համակարգ, որը կոչվում է՝ մինուս-բոնուս:
«Այսինքն, եթե ընկերության վարորդները բոլորը կարգապահ են, վթարներ չկան, հաջորդ տարի զեղչով են ապահովագրվում»,- նշեց Հրանտ Եղիազարյանը:
«Զե՞ղչ, նման բան չկա»,- ընդհատեց Վլադիկ Աբրահամյանը:
«Դուք լավ տեղեկացված չեք»,- ասաց Հրանտ Եղիազարյանը:
«Երբ վարորդները սկսում են մեքենաների վթարներ գրանցել, և այն ապահովագրական ընկերություններում է կատարվում, տեղի է ունենում բացասական գործակցի կիրառում, գումարի չափը մեծանում է: Չապահովագրել չկա, պարզապես ավելի թանկ գնով է լինում այն՝ պարզ պատճառով. ապահովագրական ընկերությունները նույնպես շահույթ են հետապնդում: Իսկ թանկ գնով ապահովագրելը երթուղայինների տնօրեններին ձեռնտու չէ, որովհետև նրանք սարսափելի վատ ֆինանսական վիճակում են»,- ասաց նա:
«Թանկ գնով էլ չեն ապահովագրում»,- նկատեց Վլադիկ Աբրահամյանը:
«Հիմա դուրս կգանք, կտանեմ կապահովագրեմ»,- խոստացավ Հրանտ Եղիազարյանը:
Փոխադրողների միության նախագահը նաև փակագծերը բացեց: Պարզվում է, որ երթուղայինների վարորդները հաճախ պայմանավորվում են մեկ այլ վարորդի հետ, զանգահարում ԱՊՊԱ ու ասում, որ վթար է տեղի ունեցել:
«Ասենք՝ 100.000 դրամ են վերցնում, կիսում ու հեռանում, որ խցանում չլինի: Պատասխան տվողն ընկերության տնօրենն է, բայց իրականում վթար չի եղել: Սա էլ է պատճառ, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են պայմանագիր կնքել»,- եզրափակեց Հրանտ Եղիազարյանը:
Անի Կարապետյան