«Ռեյը և Լիզը» ֆիլմը հաղթել է Սալոնիկի միջազգային կինոփառատոնում
Բրիտանացի Ռիչարդ Բիլինգհեմի «Ռեյը եւ Լիզը» ֆիլմը Սալոնիկի միջազգային կինոփառատոնում ստացել է գլխավոր մրցանակը՝ «Ոսկե Ալեքսանդր» արձանիկը: Այդ մասին հայտարարվել է տասնօրյա կինոհամաժողովի փակման հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին:
Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները, «Ոսկե Ալեքսանդր» պարգեւը, որը շնորհվում է հեղինակավոր միջազգային ժյուրիի կողմից, ուղեկցվում է 8 հազար եվրո դրամական մրցանակով: Ավելի վաղ լուսանկարչական ասպարեզում հայտնի Բիլինգհեմի դեբյուտային կինոժապավենի հերոսները ռեժիսորի ծնողներն են, իսկ ինքը հանդես է գալիս ի դեմս փոքրիկ տղայի, որն ամեն օր ականատես է լինում իր նախնիների ֆիզիկական ու բարոյական անկմանը:
Ժապավենի երեք էպիզոդներում պատմվում է Բիրմինգհեմի ծայրամասում գտնվող բնակարանում ռեժիսորի վաղ տարիքի կյանքի մասին, որը համընկել է խիստ խնայողության միջոցների ժամանակաշրջանին, որոնցով աչքի էր ընկնում Մարգարեթ Թեթչերի կառավարումը: Երկրորդ գլխավոր մրցանակը՝ «Արծաթե Ալեքսանդրը», շնորհվել է Էվա Տրոբիշի «Ամեն ինչ լավ է» գերմանական կինոնկարին, որը կենտրոնանում է մի կնոջ կյանքի պատմությանի վրա, որին բռնաբարել է նրա նոր բոսի ազգականը:
«Բրոնզե Ալեքսանդրը» մրցանակը, որը հիմնվել է լավագույն ռեժիսուրայի համար, բաժին է հասել ռեժիսոր Պուտիպոնգ Արունպենգի «Մանտա Ռեյ» ժապավենին: Կինոնկարը (Թաիլանդի, Ֆրանսիայի եւ Չինաստանի համատեղ արտադրության) այլաբանորեն արծարծում է մարդկային հյուրասիրության թեման, պատմում է ձկնորսի կողմից փրկված վիրավոր մարդու մասին, որը ճակատագրի հեգնանքով հետագայում տիրում է նրա տանն ու աշխատատեղին:
Նոյեմբերի 1-ից մինչեւ 11-ն անցկացված Սալոնիկի 59-րդ միջազգային կինոփառատոնում, որն ամենախոշորն է համարվում Հունաստանում եւ Բալկաններում, ցուցադրվել է 253 ֆիլմ: Սալոնիկի ստուգատեսի միջազգային հիմնական մրցույթի ծրագրում տեղ են գտել Գերմանիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, Ֆրանսիայի, Սերբիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Թուրքիայի, Թաիլանդի, Չինաստանի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Կիպրոսի, Բրազիլիայի, Կատարի, Հարավային Աֆրիկայի, Լեհաստանի արտադրության 15 ֆիլմ: