Բաժիններ՝

«Հորդորում եմ հրապարակել անհրաժեշտ տեղեկությունը Մանվել Գրիգորյանի առողջության վերաբերյալ». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, պետք է տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն, եթե ազատազրկման վայրում՝ կալանքի տակ գտնվելիս, ունի առողջական խնդիրներ։

Կալանքը որպես խափանման միջոցի կիրառման հիմնավորումները չպետք է խոչընդոտեն պատշաճ բժշկական օգնության տրամադրմանը։

Չգիտեմ, ինչքանով են հավաստի տարածվող լուրերը կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը պետք է հստակ և հիմնավոր տեղեկություններ տրամադրեն հանրությանը կալանքի տակ գտնվող անձի թե առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ։

Տարիներ շարունակ, երբ կալանավորված և ազատազրկված անձանց առողջական խնդիրների վերաբերյալ մեր ահազանգերին պատշաճ արձագանք չկար, ավելին, հատկապես քաղաքական հիմքով ազատազրկվածներին չէին տրամադրում պատշաճ բժշկական օգնություն, որը վատ, մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք է, հիմա, ժողովրդավարական և իրավական պետության իշխանության պայմաններում, նույն վերաբերմունքը թույլ տալ չենք կարող։

Հորդորում եմ Արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը հրապարակել անհրաժեշտ տեղեկությունը կալանավորված Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական համարժեք օգնության վերաբերյալ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս