«Հայաստանը չի պատրաստվում իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում փոխել Ռուսաստանի տեղը». Վարդան Տողանյան
Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք կանցկացվեն ս/թ դեկտեմբերի 9-ին։
Այն մասին, թե ինչ է սպասվում ռուս-հայկական հարաբերություններին ընտրություններից հետո, ո՞ր կողմ կթեքվի մեր մերձավոր հարևանն ու ռազմավարական գործընկերը, «МК»-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք կրճատումներով։
– Օրերս ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը Հայաստանին «խորհուրդ տվեց» հրաժարվել «պատմական կաղապարներից»՝ ի շահ ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցության։ Մեր տեսանկյունից ակնարկները բավականին թափանցիկ են։ Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս թեման՝ ոչ այնքան որպես դիվանագետ, որքան՝ որպես կրթությամբ պատմաբան։
– «Պատմական կաղապարների» թեման շատ հետաքրքիր է։ Ճիշտ է, ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել ԱՄՆ նախագահի խորհրդականը, ո՞ր ուղղությունների մասին է գնում խոսքը՝ Արևմո՞ւտք, Արևե՞լք, Հյուսի՞ս, մեր հարևաննե՞րը։ Ցանկացած ժողովուրդ ու քաղաքակրթություն ապրում է պատմական կաղապարների՝ պատմական իրականության որոշակի ընկալման մեջ ու ապագան կառուցում՝ ելնելով պատմական անցյալից։
Իմ կարծիքով՝ պատմությանը պետք է հարգանքով վերաբերվել՝ միևնույն ժամանակ կառուցելով ապագան։ Տվյալ դեպքում, քանի որ պարոն Բոլթոնն իր մեծ հարցազրույցի մեջ խոսում էր հայ-թուրքական սահմանի բացման հնարավորության մասին, միգուցե նա նկատի ուներ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված պատմական կաղապարները։
Դժվար է ենթադրել։ Ամեն դեպքում, հարգելով պատմական հիշողությունը, մենք նոր Հայաստան ենք կառուցում։ Եվ մեր ներկայիս արտաքին քաղաքականության մեջ ակնարկ չկա մեր երկիրն աշխարհաքաղաքական ճակատամարտերի կամ աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ։
Եթե խոսքը գնում է Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների մասին, ապա դրանք մի կողմից, իհարկե, ունեն ընդհանուր անցյալով ամրացած հոգևոր և մշակութային կապերի բազմադարյա պատմություն, իսկ մյուս կողմից՝ մեր հարաբերություններն այսօր գտնվում են ռազմավարական գործընկերության մակարդակի վրա և ուղղված են բոլոր՝ առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, հոգևոր-մշակութային ոլորտներում զարգացմանը։ Դրա համար էլ հաստատ կարող եմ ասել, որ մենք մտադիր ենք կառուցել արտաքին քաղաքականության մեր օրակարգը։
– Որոշ ժամանակ առաջ վարչապետ Փաշինյանն ասաց, որ Հայաստանը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Փորձը ցույց է տալիս, որ հենց որ ինչ-որ երկիր սկսում է կենտրոնանալ Ամերիկայի հետ հարաբերությունների վրա, այլ պատմական գործընկերների հետ հարաբերությունները փոքր-ինչ տուժում են։ Սրա հետ կապված՝ ինչպե՞ս կզարգանան ձեր երկրի հարաբերությունները ԵԱՏՄ-ի հետ։
– Եթե կոնտեքստից չկտրենք վարչապետի բառերը, ապա նա նկատի ուներ, որ պետք է ուշադրություն դարձնել ու կենտրոնանալ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների որոշ կողմերի զարգացման վրա։ Սկզբունքորեն անկախության բոլոր տարիներին այդ հարաբերությունները զարգացել են, բայց խոսքը չի գնացել և չի գնում դրանց՝ մեր հարաբերությունների այլ կողմերի հաշվին զարգացման մասին։ Հայաստանը չի փոխել ու չի պատրաստվում իր արտաքին քաղաքական կողմնորոշումներում փոխել Ռուսաստանի տեղը։ Ավելին, նոր կառավարությունն աշխատում է տնտեսական ու հումանիտար ոլորտների որոշ նախագծերի ուղղությամբ՝ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի զարգացնելու համար։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում մեր պարտավորություններին, ապա այդ հարաբերություններին ոչինչ չի սպառնում։ ԵԱՏՄ շրջանակներում կան շատ հետաքրքիր նախագծեր։ Եվ մենք տնտեսության օրինակով տեսնում ենք, թե ինչպես են զարգանում մեր առևտրային կապերը։ 2017թ. ռեկորդային էր Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալներով վերջին 30 տարիների ընթացքում։ Եթե խոսենք ԵԱՏՄ-ի մասին, ապա 2018թ. հունվար-օգոստոսի արդյունքներով տեսանելի է 22% աճ նախորդ տարվա համեմատությամբ։ Եվ մեր ունեցած պարտավորությունները ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ նույնն են։
– Ընդդիմությունը տարբեր է լինում՝ կառուցողական և ոչ այնքան։ Այսօր Հայաստանում գոյություն ունի՞ արդյոք քաղաքացիական խաղաղությանը սպառնացող վտանգ։ Կա՞ արդյոք վտանգ, որ իրավիճակը կարող է դուրս գալ քաղաքական գործընթացների շրջանակներից ու դուրս գալ փողոց։
– Իշխանությունն ու ընդդիմությունը հեղափոխության պահից սկսած՝ մի փոքր փոխել են իրենց տեսքը, քանի որ ընդդիմությունը, որը հեղափոխությունից հետո խորհրդարանում փոքրամասնություն էր կազմում, եկավ իշխանության, իսկ փաստացի մեծամասնությունը դարձավ խորհրդարանական ընդդիմություն։ Եթե հաշվի առնենք այսօրվա իրողությունները, ապա հայկական հեղափոխության ու փողոցային պայքարի բացառիկությունն այն է, որ այդ գործընթացը չբաժանեց մեր հասարակությունը։ Այս ողջ գործընթացը՝ միտինգներ, քայլերթեր, խորհրդարանի ցրման պրոցես, տեղի ունեցավ խորհրդարանական քննարկումների, երբեմն՝ շատ թեժ դեբատների մթնոլորտում։
Տեղական ընտրությունների ընթացքում շատ ակտիվ պայքարը բնորոշեց քաղաքական դիսկուրսը՝ երբեմն շատ սուր, բայց երբեք սահմանները չանցնող, որից հետո ի հայտ է գալիս որոշակի տապալում։ Մենք չենք նկատել ինչ-որ ֆորսմաժորային երևույթներ. նորմալ քաղաքական պրոցես է ընթանում։ Եվ արտահերթ ընտրությունների արդյունքում մենք կստանանք իշխող կուսակցության ու ընդդիմության ճշգրիտ հարաբերակցությունը։ Այսօր իրեն արդեն ընդդիմություն է համարում նախկին իշխող Հանրապետական կուսակցությունը, որը հայտարարում է այն մասին, որ կգնա ընտրությունների։ Իրենց ընդդիմություն են հայտարարում նաև այլ խորհրդարանական խմբակցությունները, որոնք նույնպես պատրաստվում են ընտրություններին մասնակցել։ Ապակառուցողական կամ մարգինալ խաղացողների քաղաքական դաշտում մենք չենք տեսնում։
– Կարո՞ղ է արդյոք որոշակի ապակայունացնող դեր խաղալ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, որի մասին նա արդեն հայտարարել է։
– Երբ ամռան կեսին նա հայտարարեց այն մասին, որ վերադառնում է քաղաքականություն, բոլոր փորձագետները սկսեցին գուշակել, թե ի՞նչ կոնֆիգուրացիա դա կարող է ընդունել, ո՞ր քաղաքական ուժի հետ նա կարող է միավորվել։ Սակայն այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա հայտարարեց, որ չի մասնակցի այդ գործընթացին։ Քանի որ առաջիկա տարիներին երկրի քաղաքական քարտեզը ձևավորող հիմնական իրադարձությունը դեկտեմբերին անցկացվող խորհրդարանական ընտրություններն են լինելու, իսկ նրա ուժը դրանց չի մասնակցում, կարող ենք համարել, որ առաջիկա տարիներին քաղաքական դաշտում նա չի հայտնվի։
– Ինչպես հայտնի է, բոլոր հեղափոխությունները մի շարք փուլեր են անցնում՝ էյֆորիա, մարում, հիասթափություն… Արդյո՞ք որոշակի սոցիալական հարցումներ անց են կացվել հայ հասարակության տրամադրությունները պարզելու համար, փոխվո՞ւմ է արդյոք նրա վերաբերմունքն անցյալ հեղափոխական իրադարձությունների նկատմամբ. ի՞նչ սպասելիքներ կան երկրի կյանքում տեղի ունեցած փոփոխություններից։
– Բոլոր սպասումները և հասարակական պոռթկումը կապված էին նոր Հայաստան տեսնելու հետ, և անցած կարճ ժամանակահատվածի ընթացքում հասարակության մեջ արժեքների նկատմամբ մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, բայց կառավարությունը հստակ հասկանում է, որ անհրաժեշտ են լուրջ կառուցվածքային ռեֆորմներ և մեր քաղաքական կոնֆիգուրացիայի, և տնտեսական, և սոցիալական ոլորտներում։ Այսօր կառավարությունը լրջորեն աշխատում է դրա ուղղությամբ։ Խորհրդարան են մտցվել բազմաթիվ օրենքների նախագծեր, որոնք քննարկվել են թե բիզնեսի, թե խոշոր արտասահմանյան ընկերությունների, և թե հասարակական կազմակերպությունների հետ։
Եվ եթե մենք կարողանանք հասարակության հետ միասին այդ բարեփոխումներն իրականացնել տարբեր մակարդակներում՝ հանրապետականից մինչև տեղական, չի լինի նաև հիասթափություն։ Եթե ինչ-որ ոլորտներում արգելակում լինի, ու բարեփոխումներն ուշանան, ապա, իհարկե, հերթական ընտրությունների ժամանակ հասարակությունը դա կգնահատի։ Մենք հասկանում ենք, որ աջակցության մակարդակը չկորցնելու համար անհրաժեշտ է պլանավորված աշխատանք տանել։
– Կցանկանայի բարձրացնել նաև կենսաբանական լաբորատորիաների թեման։ Մի քանի շաբաթ առաջ ԶԼՄ-ներում մեծ աղմուկ բարձրացվեց Վրաստանում ԱՄՆ-ի բիոլաբորատորիաների հետ կապված, մարդկանց զոհվելու փաստերի առնչությամբ։ Հայաստանում 2016թ. նույնպես հայտնվեցին 3 բիոլաբորատորիաներ։ Ինչո՞վ են նրանք զբաղվում, և արդյո՞ք դրանք վտանգ չեն ներկայացնում Հայաստանի ու հարևան պետությունների համար։
– 90-ականների սկզբում, երբ բժշկական հետազոտությունների հարցում բարդություն կար, մեր ամերիկացի ու եվրոպացի գործընկերները մեզ օգնեցին տեխնոլոգիական օգնության, սարքավորումների հարցում։ Բայց բոլոր այդ լաբորատորիաները գտնվում են պետական վերահսկողության ներքո։ Դրանցում կատարվող բոլոր գործողությունները վերահսկվում են Հայաստանի կողմից։ Վերջերս, հասկանալով այդ հարցում Ռուսաստանի անհանգստությունը, մենք երկխոսություն ենք վարում տեղական գերատեսչությունների, հատուկ ծառայությունների ու իրավապահ մարմինների մակարդակով այդ աշխատանքը համակարգելու համար, որպեսզի ռուսաստանցի ներկայացուցիչները հնարավորություն ունենան տեսնել այդ լաբորատորիաները։ Եվ ես կարծում եմ՝ շուտով այդ հարցը կլուծվի։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա, և որևէ գործողության մասին, որը կարող է վնաս հասցնել հարևան երկրներին, խոսք անգամ չի կարող գնալ։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը