«Որոշ մասնավոր բուհեր այսպես թե այնպես ստիպված են լինելու օպտիմալացվել, հակառակ դեպքում՝ կփակվեն»
Հոկտեմբերի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ոլորտում կիրականացվեն օպտիմալացման գործընթացներ, որոնց շրջանակներում որոշ բուհեր հնարավոր է՝ միավորվեն։ ԿԳ նախարարը նաև հայտնել էր, որ քննարկումներ կլինեն Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության և միավորման հարցի շուրջ:
Նախարարի այս հայտարությունից հետո կրթության ոլորտի շատ ներկայացուցիչներ մտահոգություն հայտնեցին այն մասին, որ բուհերի օպտիմալացումը բազմաթիվ դասախոսների կդարձնի գործազուրկ։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով բուհերի հնարավոր օպտիմալացմանը, նկատեց, որ որոշ մասնավոր բուհեր այսպես թե այնպես ստիպված են լինելու օպտիմալացվել, հակառակ դեպքում՝ կփակվեն։
«Ինչ վերաբերում է պետական բուհերին, ապա կողմնակից եմ, որ մարզային բուհերը մնան և ուժեղացվեն, քանի որ բազմաթիվ ուսանողներ ֆինանսական միջոցների պատճառով չեն գալիս մայրաքաղաք։ Մենք միշտ խոսում ենք ուսման վարձերի մասին, որ դրանք բարձր են, բայց եթե հաշվենք մարզից եկած ուսանողի համար Երևանում ապրելու ծախսերը, կպարզվի, որ դա շատ ավելի մեծ գումար է, քան ուսման վարձը։ Որոշ դեպքերում խրախուսենք, որ այստեղի դասախոսներից էլ գնան մարզերում դասավանդելու»,- ասաց Ս. Խաչատրյանը և ընդգծեց, որ Երևանում պետական բուհերի օպտիմալացման համար տարբերակները շատ չեն։
Անդրադառնալով դասախոսներին սպառնացող հնարավոր գործազրկության խնդրին՝ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ այսօր էլ բուհերի վիճակը լավ չէ, քանի որ սեպտեմբերին մի շարք դասախոսների կրճատել են. դասաժամերը պակասել են։ Պատճառն այն է, որ դիմորդների թիվը նվազել է, և բուհերն առաջիկա չորս տարիների ընթացքում լինելու են ծանր վիճակում։
«Ամենամեծ խնդիրն այն է, որ բուհերի պետական ֆինանսավորումն ուղղակի զավեշտ է։ Այսօր Հայաստանում ունենք բուհեր, որոնք պետությունից ստանում են իրենց բյուջեի 5-6 տոկոսը, և այն կոչվում է պետական ԲՈՒՀ։ Կարծում եմ՝ ամենաբարձրը ստանում է Երևանի պետական համալսարանը՝ 20 տոկոս, որը նույնպես ծիծաղելի գումար է»,- նշեց կրթության փորձագետը։
Հարցին, թե կրթության որակը բարձրացնելու համար ԿԳ նախարարությունն անցնող վեց ամիսների ընթացքում ի՞նչ տեսանելի քայլեր է կատարել, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ ԿԳ ղեկավարությունն արդեն ունի որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես՝ դպրոցների ազատագրումը նախընտրական գործընթացներից, սակայն սա դեռ չի նշանակում, որ դպրոցի տնօրեններն ու ուսուցիչները, եթե չեն մասնակցում նախընտրական գործընթացներին, ապա կրթության որակը բարձրանում է։
«Տեսնում եմ, որ մեծ ուշադրություն են դարձնում նաև նախադպրոցական համակարգին, և նոր օրակարգում կարևոր է վաղ մանկության կրթությունը։ Մենք պետք է հիշենք, որ երեխայի զարգացումը հիմնականում տեղի է ունենում մինչև վեց տարեկան, եթե մինչև վեց տարեկան երեխայի կրթության հարցերով չեն զբաղվում, ապա դա վատ ազդեցություն է ունենում դպրոցի և բուհի վրա։ Այդ պատճառով էլ մենք պետք է ընդլայնենք մանկապարտեզների կրթության ցանցը և բարձրացնենք որակը։ Օրինակ, Ֆրանսիայում նախագահ Մակրոնը 3 տարեկանից կրթությունը հաջորդ տարվանից դարձրել է պարտադիր»,- եզրափակեց Ս. Խաչատրյանը։
Զվարթ Խաչատրյան