«Թե՛ սփյուռքահայությունը, թե՛ Հայաստանում ապրողներն այսօր սպասում են ԱԺ ընտրություններին ու դրանից հետո կանցնեն գործի». Րաֆֆի Մխչյան
«Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալներով՝ 2018թ. Հայաստանից արտահանման աճի տեմպը նվազել է, իսկ ներմուծմանը՝ աճել, մինչդեռ նախորդ տարիներին հակառակ պատկերն էր՝ արտահանման աճի տեմպն ավելի բարձր էր, քան ներմուծման աճի տեմպը։ ՀՀ արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը 168.am-ի հետ զրույցում արտահանումները բաժանեց երկու մասի՝ ԵՏՄ երկրներ և Եվրոպա, այլ երկրներ. «Մեր առաջին մեծ ինդեքսները գալիս են ԵՏՄ-ի արձագանքից։ ԵՏՄ-ում առաջին կիսամյակը նորմալ էր, վերջում գյուղատնտեսական ապրանքների մասով բում ունեցանք, բայց մնացած ապրանքների մասով անկում ենք ունեցել՝ ռուբլի-դոլար հարաբերակցության պատճառով։ Ինչ վերաբերում է Եվրոպային, Ամերիկային, չէի ասի, թե անկում ենք ունեցել»։
Րաֆֆի Մխչյանի խոսքով՝ այսօրվա իրավիճակում ամեն ինչ սառեցված է, ոչ ոք իր ներդրումները գործի չի դնում, բոլորը սպասում են ԱԺ ընտրություններին, որ դրանից հետո քայլեր անեն.
«Ես կարծում եմ՝ բավականին մեծ աշխուժություն կլինի հենց հաջորդ գարնանը, և այս պատկերը կփոխվի։ Սա ժամանակավոր երևույթ է՝ մեր երկրի քաղաքական իրավիճակից ելնելով։ Թե՛ սփյուռքահայությունը, թե՛ Հայաստանում ապրողներն այսօր սպասում են ԱԺ ընտրություններին ու դրանից հետո կանցնեն գործի։ Մինչև հունվար-փետրվար մեր վիճակը ծանր կլինի, մինչև այդ գումարային հոսքերը գան և վերածվեն գործի»։
Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած պատժամիջոցները, ըստ նրա՝ Հայաստանի արտահանողների վրա ազդեցություն չեն ունենա, որովհետև Իրանի շուկա մեծ արտահանումներ չունենք.
«Մեր հարաբերություններն Իրանի հետ բոլորովին այլ մակարդակի վրա են։ Եթե ես այսօր պատրաստվում եմ Բելգիա արտահանում անել, ապա ինչո՞ւ պետք է Իրանի պատժամիջոցներն ինձ խանգարեն»։
Արտահանողների միության նախագահը նշեց, որ Հայաստանից հիմնականում արտահանվում են գյուղմթերքներից ստացված բոլոր բարիքները, գինի, կոնյակ. «Այսօր նույնիսկ լիմոնադ ենք արտահանում։ Սա մի քիչ աբսուրդ է, բայց Եվրոպայում՝ Բելգիայում, մի քանի հսկա լիմոնադ արտադրող գործարաններ ունեն իրենց ներկայացուցիչները։ Պահանջարկն այնտեղ ապրող մեր հայրենակիցների կողմից է։ Բացի այդ՝ Եվրոպայում ապրող հայ ներմուծողներն իրենց ներմուծած հայկական ապրանքը ոչ միայն հայերին են վաճառում, այլև տարածում են այդ ապրանքները թուրքական և արաբական խանութների միջոցով, որովհետև մեր հիմքերը մոտ են իրեր։ Օրինակ՝ խաղողի թուփն այսօր օգտագործում է և՛ հայը, և՛ թուրքը, և՛ արաբը. արտահանում են Հայաստանից, բայց ոչ ոք չի ասում՝ սա հայկակա՞ն է, թե՞ թուրքական, բոլորն առնում են այդ ապրանքը»։
Հետաքրքրվեցինք, թե որ շուկաներն են ավելի հեռանկարային։
«Դեպի Եվրոպա, ԱՄՆ ավելի մեծ աշխուժություն կլինի, քան դեպի ԵՏՄ, որովհետև ԵՏՄ տարածքում էլ են պատժամիջոցները սարսափելի վիճակի հասնում, ինչը դժվարացնելու է մեր համագործակցությունը ՌԴ-ի հետ»,- ի պատասխան՝ ասաց նա։
Միևնույն ժամանակ՝ Րաֆֆի Մխչյանն ընդգծեց, որ Հայաստանն այդքան արտադրանք չունի, ինչքան պետք է եվրոպական և ամերիկյան շուկաներին. «Ես միշտ ասել եմ, որ պետք է նոր բաներ մտածենք, նոր ապրանքներ ստեղծենք։ Եթե մենք մեր հանքահումքային արտահանումները դնում ենք մի կողմ, մնացածի ընդհանուր արժեքը բավականին փոքր գումար է կազմում»։
Իսկ IT ոլորտից արտահանումները, ըստ նրա՝ իրատեսական են. «Երկու ճյուղ ունենք, մի ճյուղը, որի արտահանումը չենք տեսնում, ծրագրայինն է, մյուս ճյուղը, որի վրա շեշտադրում է արվում, IT ոլորտում ստեղծվող սարքավորումներն են՝ ռոբոտները, ԱԹՍ-ները և այլն։ Հսկայական ծրագրեր կան, որոնց շուրջ մեծ աշխատանքներ են տարվում, և 2019թ. կսկսենք լուրջ արտահանումներ իրականացնել IT ոլորտի ապրանքային մասով»։