«2018թ. նվազել է արտահանման աճի տեմպը, իսկ ներմուծմանը՝ աճել. օտարերկրյա ներդրումների կտրուկ նվազում է տեղի ունեցել». Մանուկ Հերգնյան

«2018թ. նվազել է արտահանման աճի տեմպը, իսկ ներմուծմանը՝ աճել։ Մենք արձանագրում ենք, որ 32%-ով ներմուծումն է  աճել, իսկ 16%-ով՝ արտահանումը։ Նախորդ տարիներին հակառակ պատկերն էր՝ արտահանման աճի տեմպն ավելի բարձր էր, քան ներմուծման աճի տեմպը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը՝ ներկայացնելով «Համաշխարհային տնտեսական ֆորումի «2018թ. մրցունակության համաշխարհային զեկույցի» (ՄՀԶ) հրապարակած տվյալները։

Նրա խոսքով՝ դա կարևոր ազդանշան է, և պետք է այդ խնդրին ուշադրություն դարձնել։ Ինչ վերաբերում է ներդրումներին, նա ասաց, որ կապիտալի համախառն կուտակումը ՀՆԱ-ի մեջ պիկային թվի է հասել միայն 2008թ., իսկ դրանից հետո նկատվում է նվազում. «2018թ. հունվար-հունիսին այդ պոզիտիվ միտումը նորից շարունակվում է։ Բայց դա տեղի է ունեցել ոչ թե հիմնական միջոցների մեջ ներդրումների հաշվին, այլ ավելի շատ նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխության հաշվին։ Սա կարող է կապված լինել և բիզնեսի թափանցիկության ավելացման, և ուղղակի պաշարների կուտակման հետ։ Ապագա տնտեսական աճի տեսանկյունից շատ կարևոր է պահպանել ներդրումների բարձր դինամիկան ՀՆԱ-ի մեջ»։

Օտարերկրյա ուղղակի ներդրումները 2018 առաջին եռամսյակում կազմել են 91 մլն դոլար, իսկ երկրորդ եռամսյակում կտրուկ նվազում է տեղի ունեցել՝ կազմելով ընդամենը 9 մլն դոլար. «Սրանք շատ փոքր թվեր են, այստեղ կարևոր է, որպեսզի կարողանանք այս միտումը կոտրել»։

Մանուկ Հերգնյանի խոսքով՝ տնտեսության առումով ամենակարևոր մարտահրավերներից է զբաղվածության հարցը. «2010-2016թթ. զբաղվածների թիվը կրճատվել է՝ 1 միլիոն 185 հազարից դառնալով 1 մլն 60 հազար։ Պետական հատվածն այստեղ կազմում է 24%, ոչ պետական հատվածը՝ 42%, և գյուղատնտեսությունը՝ 34%։ Մենք ունենք 18% գործազրկություն, որը կարևոր մարտահրավեր է»։

Ամփոփելով՝ Հերգնյանն առանձնացրեց տնտեսության առջև եղած հիմնական մարտահրավերները. «Մասնավոր հատվածում բարձր արտադրողական աշխատատեղերի ստեղծում, նոր, կայուն և ներառական տնտեսական հնարավորությունների ստեղծում, այսինքն՝ նոր, ավելի արտադրողական, շահութաբեր ներդրումային նախագծերի, տնտեսական նոր ոլորտների ստեղծում, մարդկային կաիպտալի զարգացում, որը հանդիսանում է կարևորագույն սահմանափակում՝ Հայաստանի տնտեսական զարգացման տեսանկյունից։ Մենք իսկապես ներդրում անում ենք, բայց աշխատաշուկայի պահանջներին համապատասխան աշխատուժ ունենալու տեսանկյունից ունենք լուրջ խնդիրներ։

Հաջորդը կապիտալի շուկայի զարգացումն է, և ընդհանրապես, ավելի բազմազան ֆինանսական համակարգ ունենալն է, որովհետև այսօր մեր ֆինանսական ակտիվների գերակշիռ մասը բանկային վարկերն են, և շատ կարևոր է ունենալ նոր գործիքներ։ Ամենակարևոր, գլոբալ գործոններից մեկն աշխարհում տեղի ունեցող տեխնոլոգիական հեղափոխությունն է, և սրանից մենք կարող ենք կամ օգտվել, կամ իսկապես դրա վտանգները կարող են լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի վրա, մասնավորապես՝ ավտոմատացման, գործազրկության բարձրացման առումով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031