«Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում». փաստաբան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:
Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ հայտը գտնվում է Կառավարությունում, օրենքով սահմանված կարգով քննարկում են գործառույթները՝ գործարք իրականացնելու համար:
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին՝ ասաց.
«Նա այսօր գտնվում է պատանդի կարգավիճակում, և նրա նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Մեզ մոտ պետք է ձևավորվի կուլտուրա՝ անկախ նրանից, թե ո՞վ է դատապարտվում, ամեն ինչ պետք է արվի օրենքով սահմանված կարգով: Այսօր Մանվել Գրիգորյանին ներկայացրեցին այս լույսի ներքո, բայց նույն հաջողությամբ մի քանի տարի անց նույն անձին կարող են սրբադասել, այլ անձի էլ՝ սարքել երկրի թշնամի»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը։
Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև խոշոր չափով գույք հափշտակելու մեջ մեղադրվող Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից:
Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից մի քանիսում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։
Անի Կարապետյան