Որքան գումար է հատկացվելու ոստիկանությանը, ԱԱԾ-ին և ԱԻՆ-ին 2019թ. բյուջեով
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստի ընթացքում անդրադառնալով «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներին և ծախսերին, նշեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությանը 2019 թվականին կանխատեսվող բյուջեի մեծությունը շուրջ 12, 6 մլրդ դրամ է:
Ոստիկանության ծախսերի համար նախատեսված է 61, 9 մլրդ դրամ, որն իր մեջ ներառում է նաև արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, իսկ Ազգային անվտանգության ծառայության կանխատեսվող բյուջեի մեծությունը կազմում է 32,7 մլրդ դրամ։
«Կցանկանայի ներկայացնել այն առանձնահատկությունը, որ այս առաջարկվող նախագծում մոտավորապես 30 տոկոսի է հասցված խրախուսման, պարգևատրումների ֆոնդը, սա կառավարման ամբողջ ապարատի գումարն է, որի տակ դրված է հետևյալ տրամաբանությունը, որ մշտապես եղել է դժգոհություն այն մասին, որ պետական ապարատում բարձր որակում ունեցող մասնագետների ներգրավումը սահմանափակված է հենց աշխատանքի վարձատրության պատճառով, ինչի հետ կապված իրականացնում ենք որոշակի մոտեցումներ, սա այդ միջոցառումներից միայն մեկն է»,- տեղեկացրեց Ա. Ջանջուղազյանը։
Զվարթ Խաչատրյան