Հետաքննության նյութերի շարժը հարկային և մաքսային համակարգում
Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ամփոփ տեղեկատվության, 2018թ. հունվար-սեպտեմբերին համակարգում մուտքագրվել է 331 հետաքննության նյութ, որը 2017թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 335: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածում համակարգում մուտքագրվել էր 468 հետաքննության նյութ, որը 2016թ. նյութերի մնացորդի հետ կազմել է 473։
Այս տարվա ընթացքում մուտքագրված նյութերն ունեցել են հետևյալ շարժը. 17-ն ուղարկվել է այլ մարմին նախաքննության, 110-ի վերաբերյալ մերժվել է քրեական գործի հարուցումը, 195-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Նյութերի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում կազմել է 13: Հետաքննության ընթացքում վերականգնվել է 59.1 մլն. դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 131.8 մլն դրամի դիմաց):
Հարկային և մաքսային համակարգում հետաքննության նյութերով առնչվող անձանց թվաքանակը 2018թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 338 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 472-ի դիմաց։ Ամենաշատը հարկերից, տուրքերից և այլ վճարներից խուսափողներն են՝ 175 մարդ։