Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները դամբարան են վավերացրել
Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում պեղումներն այս տարի անցկացվել են երկու փուլով: Ապրիլ-մայիս ամիսներին Արցախի հնագիտական արշավախումբը տեղում աշխատանքներ է կատարել՝ վավերացնելու այնտեղ հայտնաբերված դամբարանի խուցը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հնագետները պեղել են այն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նոր Կարմիրավանի արշավախմբի ղեկավար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարի պեղումները հետաքրքիր արդյունքներ են գրանցել: «Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզել ենք, որ հայտնաբերված դամբարանի խուցը արևելք-արևմուտք ուղղվածություն ուներ, իսկ թաղումը հիմնահողային էր: Հետաքրքիր էր, որ առհասարակ մարդակերպ կոթողների տարածքում, դրանց հարևանությամբ կամ դրանց տակ վավերացվեց դամբարան: Ինչպես գիտեք, մենք երկար տարիներ հետազոտում էինք այդ մարդակերպ կոթողները, որոնք բոլորը նախկինում տեղաշարժված վիճակում էին գտնվում: Նոր Կարմիրավանի այս տարվա պեղումներով մեզ հաջողվեց առաջին անգամ կոթողների տակ դամբարան վավերացնել, ինչը շատ կարևոր հետազոտություն էր»,-նշեց Երանյանը՝ հավելելով, որ Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ:
Հնագիտական արշավախմբի ղեկավարը փաստեց, որ դամբարանի պեղումներով գտնված հնագիտական նյութը ոչ պակաս կարևոր էր: «Դամբարանից մենք հայտնաբերել ենք մետաղից, ոսկորից, ապակուց պատրաստված տարբեր իրեր, այդ թվում՝ ուլունքներ, կոճակներ, կախիկներ: Դամբարանից պեղված ողջ նյութը թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբով, կամ ավելի կոնկրետ՝ մ.թ.ա. 8-6-րդ դարերով»,-նշեց Նժդեհ Երանյանը:
Նրա խոսքով՝ 2016 թվականին Նոր Կարմիրավանում մեկնարկած պեղումները կիսատ էին մնացել և լուրջ կասկածներ կային, որ տեղում նաև դամբարան ենք հայտնաբերելու: «Եվ ահա այս տարվա պեղումներով հստակեցրեցինք, որ մեր ենթադրություններն իսկապես ճիշտ էին: Նախնական հետազոտությամբ կարող ենք ասել, որ շրջակայքում նմանատիպ այլ դամբարաններ կարող են լինել, սակայն վերջնական եզրակացության հանգելու համար հարկավոր է ֆինանսական միջոցներ ներառել, հետազոտել դամբարանի շրջակայքը, ինչը շատ հետաքրքիր տեղեկություններ է մեզ բերելու»,-ընդգծեց հնագետը՝ հավելելով, որ Նոր Կարմիրավանում հայտնաբերված դամբարանի և մարդակերպ կոթողների հետազոտությունը Տիգրանակերտի շրջակայքի ուսումնասիրության մաս է կազմում:
Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլ Կովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար, քանզի Արցախի քարե մարդակերպ կոթողները նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են: