Հանրության 40 տոկոսի կարծիքով՝ Հայաստանն իր անվտանգությունը պետք է ապահովի սեփական ուժերով. հարցում
Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ամենաքննարկվող հարցերի շուրջ՝ ձերբակալություններ, կոռուպցիոն բացահայտումներ, ուժային կառույցների գործունեություն և այլն, հանրության կարծիքը ճշտելու նապատակով «GALLUP International association» Հայաստանում լիիրավ անդամ «ԷՄ ՓԻ ՋԻ» ՍՊԸ-ն սեպտեմբերի 3-11-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ողջ տարածքում 18 տարեկանից բարձր 1106 անձանց շրջանում իրականացրել է հարցում, հասկանալու համար, թե մարդիկ ինչ վերաբերմունք ունեն այս կամ այն քաղաքական հարցի վերաբերյալ։
«GALLUP International association»-ի տնօրեն Արման Նավադարդյանի խոսքով՝ հարցմանը, թե ո՞ր երկրների հետ կցանկանային, որպեսզի միավորվեր Հայաստանը, հարցվողների 40,9 տոկոսը պատասխանել է՝ Ռուսաստան, 30 տոկոսը նշել է, թե որևէ երկրի հետ Հայաստանը չպետք է միավորվի, 12, 3 տոկոսն էլ ցանկություն է հայտնել միավորվելու ԵՄ-ի հետ, 7,7-ը՝ ԱՄՆ-ի, իսկ 2,9 տոկոսը՝ Վրաստանի։
«Մենք ներկայացրել ենք նաև դինամիկան, թե որ երկրների հետ կցանկանային միավորվել, և բերել ենք տվյալներ 2011 թվականից սկսած։ Եթե խոսում ենք ԵՄ երկրների հետ միավորման մասին, ապա տեսնում ենք, որ ցանկացողների տոկոսը 2011 թվականին 11-ի փոխարեն՝ 2013 թվականին հասել է 6 տոկոսի։ Եթե համեմատենք վերջին 9 տարվա զարգացումները, ապա այդ ցուցանիշը գրեթե երկու անգամ աճել է, և այս հետազոտության շրջանում միայն 12,3 տոկոսն է ասել, որ կցանկանան միավորվել ԵՄ-ի հետ»,- նշեց Ա. Նավասարդյանը։
Ըստ նրա, հետաքրքիր դինամիկա է նկատվում նաև Ռուսաստանի հետ միավորվելու առումով. 2011-2014 թվականներին հարցվողների 63 տոկոսը ցանկություն էր հայտնել միավորվելու Ռուսաստանի հետ, իսկ 2014 թվականից մինչ օրս այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 40,9 տոկոսի։
Հարցին, թե ՀՀ նոր իշխանությունները Հայաստանի արտաքին քաղաքական ինտեգրումը դեպի ո՞ր երկրի կամ երկրների ուղղությամբ կտանեն, հարցվողների 35,4 տոկոսը պատասխանել է, որ Հայաստանը հավասար հարաբերություններ կունենա ազդեցության բոլոր կենտրոնների հետ, 28,9 տոկոսի կարծիքով՝ ինտեգրումը կլինի դեպի Ռուսաստան, իսկ 14,1 տոկոսի համար էլ՝ Եվրամիությունը, 7,1 տոկոսն էլ պատասխանել է՝ Միացյալ Նահանգներ։
Պատասխանելով հարցին, թե որ կառույցը կամ երկրները պետք է երաշխավորեն Հայաստանի անվտանգությունը, հարցվածների 40 տոկոսը նշել է, որ Հայաստանը սեփական ուժերով պետք է ապահովի իր անվտանգությունը, 39,7 տոկոսի կարծիքով՝ ՀՀ-ի անվտանգությունը պետք է ապահովի Ռուսաստանը, 9 տոկոսը պատասխանել է՝ ՆԱՏՕ-ն, 3,9 տոկոսն էլ նշել է՝ ՀԱՊԿ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան