«Ջոն Բոլթոնի հայաստանյան այցն առաջին հերթին ուներ ճանաչողական նպատակ». փորձագետ

Հոկտեմբերի 25-ին Հայաստան էր ժամանել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Այցի ընթացքում նա հանդիպումներ էր ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի, արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հետ:

Արդեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ջ. Բոլթոնը խոսել էր այն հարցերի շուրջ, որոնք քննարկել էին ՀՀ ղեկավար մարիմնների հետ. Արցախի հիմնախնդրից՝ մինչև հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություների խորացում։

ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ջոն Բոլթոնի հայաստանյան այցին, նկատեց, որ այն առաջին հերթին ուներ ճանաչողական նպատակ։

«Վերջին ժամանակներս ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Պատահական չէ, որ Ջոն Բոլթոնի այցից առաջ Հայաստանում էին ԱՄՆ նախագահ Դոնալթ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը։ Ինչ վերաբերում է Արցախի հակամարտության լուծմանը, ապա գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ը մշտապես ջանքեր է գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման։

Հետևաբար՝ Ջոն Բոլթոնը փորձել է նաև հասկանալ, թե ինչպիսի հնարավորություններ կան մոտ ապագայում հակամարտության կարգավորման հարցում տեղաշարժեր արձանագրելու համար»,- նշեց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության հարցում Ջ. Բոլթոնի դիտարկումներին՝ Արմեն Վարդանյանն ասաց, որ Բոլթոնն ակնարկել է, որ Հայաստանի իշխանություններից Միացյալ Նահանգներն ակնկալում է արտաքին քաղաքականության հարցում ինքնիշխան որոշումներ։

«Ընդհանրապես, իմ խորին համոզմամբ, ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի հիմնական նպատակն Իրանն էր, նա փորձում էր հասկանալ Հարավկովկասյան երեք հանրապետությունների դիրքորոշումն Իրանի հարցով։

Նա ցանկանում էր հասկանալ, թե այդ երկրներն ինչպիսի դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի հակաիրանական արշավում»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։

Նշենք, որ Ջոն Բոլթոնը Հայաստան կատարած այցի մասին Թվիթերի իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե Հայաստանն ԱՄՆ-ի համար տարածաշրջանում կարևոր բարեկամ է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս