Իշխանություն-ժողովուրդ հարաբերություններ. Երեկ և այսօր
Իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերությունները միշտ էլ կարևոր են յուրաքանչյուր երկրի, պետության զարգացման համար: Եվ որքան այդ հարաբերություններն ամուր են, կայուն, այնքան երկիրը հաջողություններ և առաջընթաց կարող է ունենալ: Համաշխարհային պատմության ընթացքը դրա վկայությունն է, իսկ այդ փորձն ուսումնասիրելը և դրանից դասեր քաղելը կարևոր է ինչպես բոլոր, առավել ևս, մեր օրերի համար, երբ աշխարհն անընդհատ հարափոփոխ վերափոխումների մեջ է ապրում, երբ հնից նորին է անցնում և ավելի կատարելագործվում: Նման դեպքում շահում են այն երկրները, որոնք անցնցում վերափոխումներով են այդ ամենը կատարում: Բայց նաև, ցավոք, միշտ չէ, որ այդ անցումը կատարվում է հանգիստ, խաղաղ պայմաններում:
Դա կապված է, այլ հանգամանքներից զատ, նաև մարդկանց հասարակական գիտակցության փոփոխության հետ, որը նաև սերունդների փոփոխության հարց է: Ի դեպ, ամեն մի սերունդ իր դերն ունի այդ փոփոխություններում, քանզի առանց նախորդի նախապատրաստման, նորը չի կարող առանց հիմքի, դատարկ տեղն իրականացնել այդ փոփոխությունները: Եվ որքան սերունդների կապն ամուր է, առողջ, այնքան հնից նորին անցնելը, մեղմ ասած, այնքան էլ դժվար չէ, որքան էլ որ դա ժամանակի խնդիր է և պահանջ:
Պատմության տարբեր ժամանակներում դրանք իրականացվել են պատերազմների, հեղափոխությունների և այլ ցնցումների, ընդհարումների միջոցով՝ խլելով հարյուր-հազարավոր մարդկային կյանք:
Իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ իշխանություններն ավելի պահպանողական են, քան ժողովուրդը, քանզի իշխանությունները կորցնելու և ժողովրդին պատասխան տալու շատ բան ունեն: Նրանք հեղափոխական են մինչ իշխանության գալը, իսկ գալուց հետո նրանց գլխավոր հոգսն ամեն գնով իշխանությունը պահելն է, որի ընթացքում նա դիմում է տարբեր քայլերի, անգամ՝ բռնությունների, ճնշումների, մարդկանց իրավունքները ոտնահարելու, հրապարակավ խոսելն արգելելու, ձերբակալություններ իրականացնելու և այլ միջոցների, և այլն: Նման դեպքում իշխանությունները մի կողմ են դնում և հաճախ մոռանում իշխանության գալու ճանապարհին ժողովրդին տված և ժողովրդի աջակցությամբ իշխանության եկած իրենց խոստումները:
Դժվար չէ ենթադրել, որ այդ մեթոդներով կառավարելը, մարդկանց ազատ արտահայտվելու հնարավորություններն ու իրավունքները ոտնահարելը էլ ավելի է մեծացնում իշխանություն-ժողովուրդ-հասարակություն անջրպետը և իշխանափոխության հարցը դարձնում օրակարգի հարց: Այստեղ խնդիրն այն է, թե ինչպես պետք է իրականացվի, որը մեծ չափով կախված է նախ՝ տվյալ երկրի ավանդույթներից, և հետո նաև նրանից, թե հեղափոխությունը կամ երկրի վերափոխումները իրականացնողները որքանով են ճիշտ գնահատում երկրում ստեղծված վիճակը, մարդկանց տրամադրությունները, որը մեծ արվեստ է, հմտություն, քանզի ամեն մի սխալ, սայթաքում կարող է անցանկալի հետևանքներ ունենալ:
Իսկ եթե չխորանանք պատմության բոլոր ժամանակների մեջ, ապա միայն XX դարի և XXI դարի մոտ երկու տասնամյակի ընթացքում մեր ժողովուրդը ապրել է մի քանի իշխանափոխություն, որով էլ արմատապես փոխվել են իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերությունները: Եվ եթե XX դարի սկզբի իշխանափոխությունները կապված են պատերազմի և դրա հետևանքով տեղի ունեցած հեղափոխությունների և երկու հայկական պետությունների ձևավորման հետ, ապա XX դարի ավարտի և XXI դարի սկզբի փոփոխությունները կապված են այլ հանգամանքների և հայ ժողովրդի գիտակցության մեջ տեղի ունեցած նոր փոփոխությունների և նոր մտածողության հետ:
Այդ փոփոխությունների գլխավոր պատճառը խորհրդային համակարգի ճգնաժամն էր, համաշխարհային զարգացման գործընթացից նրա ետ մնալն էր, իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների սրումն էր, Խորհրդային Միության կազմից տարբեր ժողովուրդների դուրս գալու մղումն էր, ազգային ինքնագիտակցության զարթոնքն էր, սեփական պետություն ունենալու ձգտումն էր, ազատ ինքնադրսևորվելու հասարակական և համաժողովրդական պահանջն էր, իր ազգային ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու այդքան ցանկալի երազանքի իրականացումն էր, և այլն:
Այդ իմաստով դժվար է գերագնահատել այն մեծ ոգևորությունը, որը համակել էր նաև մեր ժողովրդին, երբ երկրում՝ Խորհրդային Միությունում սկսվեց պատմությանը հայտնի գորբաչովյան «վերակառուցումը», որը, այլ հետևանքներից զատ, վեր հանեց նաև խորհրդային կարգերի ավելի քան 70-ամյա պատմության արատները, ժողովուրդ-իշխանություն-կուսակցություն հակասությունները, բայց նաև նպաստեց այդ ամենի մասին ի լուր աշխարհի բարձրաձայնելու, Խորհրդային Միության կազմից դուրս գալու և սեփական երկիրը, պետությունը կառուցելու պատրաստակամությունը: Եվ պետք է ասել, որ հենց այստեղ էլ կրկին դրսևորվեցին ժողովուրդ-իշխանություն հակասությունները, որոնցից յուրաքանչյուրը իր մոտեցումն ու դիրքորոշումն ուներ երկրում առաջացած խնդիրների լուծման գործում:
Եթե մեր ժողովրդի կառավարող վերնախավը, կուսակցական ընտրանին այդ հարցում պաշտպանում էր Միության, հատկապես՝ ԽՄԿԿ Կենտկոմի, նրա գլխավոր շտաբ Քաղբյուրոյի վարած գիծը՝ երկրում գործերին տալ նոր շունչ, նոր մտածողություն և բավարարվել միայն մակերեսային, այսպես կոչված, կոսմետիկ վերափոխումներով, ապա ժողովուրդը, նրա բոլոր հատվածները և հատկապես Լեռնային Ղարաբաղի հայությունը ոտքի կանգնեց իր նկատմամբ խորհրդային իշխանությունների կատարած սխալն ուղղելու և մայր հայրենիքի հետ վերամիավորվելու համար:
Այդ պայքարը դարձավ, իր հերթին, յուրօրինակ պայքար իշխանությունների և ժողովրդի միջև, որտեղ շատ պարզ երևաց կողմերից յուրաքանչյուրի իրական դեմքը, դիրքորոշումը, որը ևս իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների ոլորտից է, որտեղ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց պաշտպանելու իր իրավունքները, վերականգնելու իր անկախությունը, իսկ Արցախն էլ միավորելու մայր հայրենիքի հետ: Եվ հենց այս հարցում է, որ ավելի մեծ չափով դրսևորվեցին ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում երկու կողմերի հակասություններն ու տարբեր կարգի մոտեցումները:
Խորհրդային Հայաստանի հատկապես կուսակցական ղեկավարությունը, նրա առաջին դեմքերը՝ Կարեն Դեմիրճյան, Սուրեն Հարությունյան, Վլադիմիր Մովսիսյան, Ստեփան Պողոսյան և ուրիշներ, չկանգնեցին ժողովրդի կողքին և երևի չէին էլ կարող, որքան էլ որ ներքուստ, հոգու խորքում միգուցե նաև ժողովրդի կողմն էին, որն էլ շատ արագորեն մեծ ճեղքում առաջացրեց ժողովրդի և իշխանությունների միջև: Այստեղ ժողովուրդն իր մտածողության մեջ շատ ազատ էր, անկաշկանդ և իր մեջ կուտակած ողջ էներգիան ուղղեց հայ ժողովրդի նկատմամբ խորհրդային իշխանությունների թույլ տված սխալները, անարդար որոշումներն ուղղելու և պատմական ճշմարտությունը վերականգնելու համար:
Այդ սխալների շարքում առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հարցն էր, որը անարդարացի կերպով տրվել էր Խորհրդային Ադրբեջանին: Եվ եթե Լեռնային Ղարաբաղում Արցախի հարցի նկատմամբ իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում բոլորը միանման էին մտածում, ապա նույնը չէր Խորհրդային Հայաստանում: Այստեղ ժողովուրդ-իշխանություններ հարցում պառակտումն ակնհայտ էր, որը նշանակում էր, որ, եթե հանրապետության ղեկավարությունը կանգնած էր ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի Լեռնային Ղարաբաղի մասին որոշումները անվերապահորեն կատարելու դիրքերում, ապա հայ ժողովուրդը, ամեն օր համաժողովրդական հանրահավաքներ կազմակերպող հայ հասարակությունը, նրա կազմակերպիչները, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները կանգնած էին ժողովրդի կողքին և պայքարում էին Լեռնային Ղարաբաղի անկախության, մայր հայրենիքի հետ նրա միավորման համար:
Նման հանգամանքն էլ հանրապետությունում ստեղծեց բավական լարված մթնոլորտ: Բայց ի պատիվ շարժումը կազմակերպող ուժերի, «Ղարաբաղ» կոմիտեի և նրա հետ միասին անկախության համար պայքարի մյուս մասնակիցների: Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում ամենօրյա հանրահավաքները, երթերը անցնում էին բավական կազմակերպված, որն էլ առիթ չէր տալիս հանրապետության իշխանություններին դիմելու արտակարգ միջոցների: Այս հարցում միութենական կառավարությունը շատ ավելի կոշտ, բռնի քաղաքականություն էր վարում, դիմում տարբեր պատժամիջոցների. արտակարգ իրավիճակ, պարեկային ժամ մտցնելուց մինչև այլ կարգի սահմանափակումները ու խիստ միջոցառումները:
Բայց անկախ այդ ամեն ինչից, հայ ժողովուրդը չկորցրեց իր հավատը և պայքարեց մինչև վերջ, մինչև և Արցախի և Հայաստանի անկախությունը: Այդ պայքարում իշխանության եկած նոր ուժերի և ժողովրդի միասնությունը ամուր էր: Վերջին հաշվով, ժողովրդի պահանջով, ժողովրդի պայքարով ծնվեց հայոց Երրորդ Հանրապետությունը: Դա միասնական պայքարի արդյունք էր, որտեղ ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում կար ամուր կապ, փոխադարձ վստահություն և հավատ, որ ժողովրդի բռունցքված կամքով իշխանության եկած ուժերը կիրականացնեն հրապարակավ ժողովրդին տված իրենց խոստումները, որն էլ կնպաստի երկիրն ավելի արագ զարգացնելու և նախկին արատներից ազատվելու համար:
Բայց, ինչպես հաճախ լինում է, իշխանությունները միշտ չէ, որ հավատարիմ են լինում իրենց խոստումներին, որն էլ կրկին աստիճանաբար նոր ճեղքում է առաջացնում իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում: Եվ եթե դա համաշխարհային պատմությունը ուղեկցող երևույթներից, օրենքներից մեկն է, ապա «Ղարաբաղ» կոմիտեն բացառություն չէր, որն էլ վաղ թե ուշ պետք է հեռանար իշխանությունից, իր տեղը զիջելով նոր ուժերին:
Սակայն այդ փոփոխությունները այնքան էլ չհանգեցրին ժողովուրդ-նոր իշխանություններ հարաբերություններում համերաշխ մթնոլորտի ստեղծմանը, մանավանդ որ նոր իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ, էլ ավելի խորացրին իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում անջրպետը, առավել ևս, երբ այդ ամենին գումարվեց 1999թ. հոկտեմբերի 27-ի Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգությունը, որին զոհ գնացին Հանրապետության ընտրանու մի շարք անդամներ՝ երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և մի շարք այլ պատգամավորներ:
Այդ մինչ այսօր չբացահայտված ոճրագործությունը էլ ավելի խորացրեց ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում անջրպետը, որն էլ շարունակվեց ու կրեց շարունակական բնույթ՝ ընդհուպ մինչև 2008թ. մարտի 1-ի նոր ողբերգությունը, որին այս անգամ զոհ գնացին 10 հոգի և հարյուրավոր վիրավորներ:
Ցավոք, այդ ողբերգությունը կրկին առ այսօր բացահայտված չէ, որը համընկնում էր Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան իշխանափոխության ժամանակաշրջանի հետ, որն էլ իր խորը և բացասական հետքը թողեց Սերժ Սարգսյանի հետագա շուրջ տասը տարիների կառավարման վրա, որի ժամանակ հանրապետությունում էլ ավելի սրվեցին ժողովուրդ-իշխանություն հարաբերությունները, իսկ դժգոհությունն ու անվստահությունը նոր իշխանությունների նկատմամբ կարծեք թե ուղեկցում էին նրա կառավարման բոլոր տարիներին:
Գլխավոր պատճառը վերը թվարկված հարցերը անպատասխան թողնելն էր, որն էլ օր օրի լցնում էր ժողովրդի համբերության բաժակը՝ կրկին դարձնելով անհրաժեշտություն երկրում, հանրապետությունում նոր իշխանափոխության, որը կոչված էր բացահայտելու այդ ամենը և վարելու ժողովրդի շահերից բխող քաղաքականություն:
Այդպիսի հեղափոխություն տեղի ունեցավ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, որը կատարվեց բացառիկ արագությամբ և նույնքան բացառիկ հանգիստ պայմաններում, որի արարողը, իրականացնողը ժողովուրդն է, որի տրամադրությունները շատ լավ էին հասկանում և ըմբռնում հեղափոխությունը նախապատրաստողները և առավել ևս՝ նրա նախաձեռնողն ու կազմակերպիչը, Ազգային ժողովի պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր(ՔՊ) կուսակցության հիմնադիր, «Ելք» խմբակցության անդամ, «Մեկ քայլ» նախաձեռնության նախաձեռնող Նիկոլ Փաշինյանը, որն էլ ժողովրդի կամքով, նրա պարտադրանքով՝ 2018թ. մայիսի 8-ին Ազգային ժողովում ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ և սկսեց իրականացնել իշխանության գալու ճանապարհին ժողովրդին տված իր խոստումները: Իսկ դա նշանակում է, որ նա հավատարիմ է իշխանության գալու ճանապարհին ժողովրդին տված իր խոստումներին, որն էլ ստեղծում է նրա նկատմամբ ժողովրդի վստահության մեծ պաշար:
Բավական է մի սխալ, տված խոստումներից նահանջ, ժողովուրդը, որն ի դեպ այսօր անհամեմատ փոխվել է և հավատում է իր ուժին, նույն ուժով նորից կդնի իշխանափոխության հարցը և չի սպասի և չի հավատա, որ իշխանությունները, առանց ժողովրդի պահանջի, իրեն կնվիրի ժողովրդի սպասելիք պահանջները:
Իսկ դա նշանակում է, որ այսօր իշխանությունները ոչինչ չեն կարող անել, եթե ժողովուրդը չպաշտպանի նրա ձեռնարկած քայլերը: Իսկ այն հարցին, թե այսօր մեր ժողովուրդը ինչո՞ւ է պաշտպանում երկրի իշխանություններին, կարծում ենք՝ պարզ է, քանի որ հավատում է նրան, որի պաշարը դեռ ամուր է: Դա շատ կարևոր գործոն է, և իշխանությունները այդ հանգամանքը շատ լավ են հասկանում, հակառակ դեպքում ամեն ինչ կարող է շատ արագ փոխվել ոչ հօգուտ իշխանությունների, քանի որ ժողովուրդը ևս փոխվել է և վաղուց նա երեկվա ժողովուրդը չէ:
Նա ևս դասեր է քաղել անցյալից, դարձել ավելի պահանջկոտ և այլևս չի սպասի, որ իշխանությունները իր իրավունքները որպես ողորմածություն կնվիրեն իրեն: Կարծում ենք, որ դա արդեն անցյալի դասերից է, պատկերավոր ասած, պատմության դասերից, որոնց հետ պետք է հաշվի նստել, հակառակ դեպքում պատմությունն ինքը կստիպի քեզ դասեր քաղել, որի գինը բավական մեծ է:
Մյուս խնդիրն այն է, թե որքան ժամանակ իշխանությունները պատրաստ կլինեն ունկնդրել ժողովրդին, նրա ձայնին և իշխանությունը հանձնել նոր ուժերին, եթե դա ժողովրդական պահանջ է: Ի դեպ, այդ հանգամանքը ժողովրդավարական երկրների գործունեության արդեն դարերով ամրագրված և դարեր շարունակ իրականացվող կարգ է, որը չի խախտում իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում միմյանց նկատմամբ վստահությունն ու հարգանքը և իրականացվում է համաժողովրդական հանրաքվեի միջոցով, որն էլ ապահովում է հերթափոխով իշխանությունը մեկ ուժից անցնցում մյուսին անցնելը, չբացառելով, որ իշխանությունը կորցրած ուժերը դասեր քաղելով անցյալից՝ կարող են, որը, ի դեպ, հաճախ է լինում, նորից գալ իշխանության:
Հակառակ պարագայում իշխանափոխությունը տվյալ երկրում դառնում է ցավագին մի գործընթաց, որը հանգեցնում է իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների սրմանը, դրանով էլ ավելի խորացնելով իշխանություն-ժողովուրդ հակասությունները, առավել ևս, երբ իշխանությունները իրենց իշխանությունը պահելու համար դիմում են ժողովրդի, առանձին քաղաքական ուժերի նկատմամբ տարբեր ճնշումների, բռնությունների և նույնիսկ ձերբակալությունների: Նման պայմաններում ժողովուրդը գնում է այն ուժերի ետևից, որոնց հավատում է, և որոնք բարձրաձայնում են այդ անարդարությունների մասին և ժողովրդին կոչ անում պայքարել իշխանությունների դեմ՝ իրենց իրավունքները վերականգնելու համար: Նման հանգամանքը ստեղծում է իշխանություն-ժողովուրդ նոր տիպի հարաբերություններ: Այստեղ շահում են այն ուժերը, որոնք կանգնում են ժողովրդի կողքին և նրա հետ պայքարում ժողովրդի շահերը պաշտպանելու և իշխանափոխությունը իրականացնելու համար:
Մյուս կարևոր հանգամանքը, որը մեծ չափով ազդում է իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների վրա, դա երկրում իրականացվող տարբեր մասշտաբի, մակարդակի ընտրություններն են, դրանց անցկացման արդարացի կամ անարդարացի լինելն է, որը կարող է նպաստել իշխանությունների նկատմամբ վստահության կամ անվստահության ձևավորմանը:
Ցավոք, հանրապետության ավելի քան քառորդդարյա պատմության ընթացքում տեղի ունեցած նախագահական թե Ազգային ժողովի ընտրությունները գրեթե միշտ անցել են մեծ խախտումներով, որքան էլ որ դրանց հետևել են միջազգային դիտորդները և հայտարարել, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշերին: Խնդիրն այն է, որ հանրապետությունում անցկացվող բոլոր կարգի ընտրություններում տեղ է գտել կաշառակերությունը, կեղծ ցուցակների առկայությունը, կրկնակի ընտրություններ անցկացնելը, այսպես կոչված, «կարուսելներ» կազմակերպելը, մարդկանց անձնագրային տվյալները վերցնելը, թաղային հեղինակությունների օգտագործումը, ձայները հաշվարկելու ժամանակ տարբեր կարգի խախտումները և այլ կարգի անօրինականությունները, և այլն:
Պատահական չէ, որ յուրաքանչյուր ընտրությունից հետո ընդդիմության կողմից միշտ էլ բարձրացվել է հանրապետության, առավել ևս, նախագահի լեգիտիմության հարցը, որը կամա թե ակամա ազդել է նրա միջազգային հեղինակության վրա: Բնական է, որ այդ հանգամանքը ևս իր հերթին մեծ չափով վնասել է իշխանություն-ժողովուրդ հարաբերություններին: Այդ հարաբերություններին մեծ չափով ազդել է նաև այն հանգամանքը, որ հանրապետության Սահմանադրական դատարանը և ոչ մի անգամ այդ հարցում ժողովրդի օգտին որոշում չի ընդունել, և, անկախ տարբեր կարգի բողոքներից, միշտ էլ պաշտպանել է իշխանություններին, դրանով կորցնելով հարգանքը՝ ինչպես Սահմանադրական դատարանի, այնպես էլ՝ օրենքի, արդարադատության նկատմամբ:
Դա ևս իշխանություն-ժողովուրդ փոխհարաբերությունների ոլորտից է, որտեղ իշխանությունները շատ բան ունեն անելու: Խոսքը վերաբերում է մեր օրերում հանրապետությունում ձևավորված նոր իշխանություններին, որոնք հիմք են դնում իշխանություն-ժողովուրդ նոր տիպի հարաբերությունների ձևավորմանը, որը որքան էլ երկար գործընթաց է, բայց սկիզբը խոստումնալից է:
Իսկ խոստումնալից է այն պատճառով, որ հանրապետությունում իշխանության եկած նոր ուժերը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առ այսօր հավատարիմ են իշխանության գալու ճանապարհին ժողովրդին տված իրենց խոստումներին, իրենց ամեն քայլը ստուգում են ժողովրդի հետ հանդիպումներում, որը հրապարակային դեմոկրատիայի ոլորտից է, որը որքան էլ որ ոգևորիչ է և իր կատարածը ժողովրդի հետ ստուգելու ձև է, այնուամենայնիվ պետք է զուգակցվի ներկայացուցչական դեմոկրատիայի հետ, որը հնարավորություն է տալիս երկրի առջև ծառացած խնդիրները քննարկել և որոշումներ ընդունել համապատասխան օրենսդրական մարմիններում՝ իրար համադրելով տարբեր կարծիքներ, տեսակետներ և այլն: Խոսքը հանրապետության Ազգային ժողովի, նրա համապատասխան հանձնաժողովների մասին է:
Նաև չմոռանանք ընդգծել, որ իշխանություն-ժողովուրդ հարաբերություններում շատ է կարևորվում և գնահատվում անհատը, նրա գործունեությունը, առավել ևս արդար, իր գործը սիրող և բարեխղճորեն կատարող մարդ-անհատը, ինչպես ասում են՝ իր աշխատանքով օրվա հացը վաստակող մարդը, որն էլ մեր օրերի համաժողովրդական ոգևորության պատճառներից մեկն է, քանզի իշխանությունների գլխավոր հոգսերից մեկը ամենուրեք արդարության և օրենքի գերակայության հաստատումն է: Ժողովուրդն այս հարցում վճռական է և հետևողական: Եվ ոչ ոք իրավունք չունի այդ գծից նահանջել և կասկածի տակ դնել ժողովրդի հավատը, որն այս անգամ շատ ավելի թանկ կնստի բոլորիս վրա:
Կասկած չկա, որ երկրի նոր իշխանությունները, նոր կառավարությունը այս հարցում նույնպես վճռական են, հաստատակամ և շատ լավ գիտակցում են դրա նշանակությունը, գիտակցում, որ իրենց հաջողությունների կարևոր պայմաններից մեկը ժողովուրդ-իշխանություն հարաբերություններում ստեղծված վստահությունը պահպանելն է, որի մասին էլ խոսեց Նիկոլ Փաշինյանը իր գլխավորած կառավարության 100 օրվան նվիրված համաժողովրդական հանրահավաքում:
Նիկոլ Փաշինյանը ամփոփեց իր կառավարության կատարածը և նույն ոգևորությամբ, որով եկել էր իշխանության, ամենամեծ լավատեսությամբ ողջ ժողովրդին, ողջ հայությանը կոչ արեց ետ չկանգնել ընտրած ուղուց և պայքարել հանրապետության առջև ծառացած խնդիրները համատեղ իրականացնելու համար, գտնելով, որ իշխանությունների ուժը, ուժի աղբյուրը ժողովուրդն է, որը հավատում և վստահում է իշխանություններին, նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին, որն իր հերթին՝ հավատում է և նվիրված է ժողովրդին, իսկ այդ երկուսի միասնությունը դիտում՝ որպես երկրի առաջընթացի, զարգացման գլխավոր աղբյուր:
Եվ այն հարցին, թե ինչով են տարբերվում մեր հանրապետությունում մեր օրերի իշխանություն-ժողովուրդ հարաբերությունները ոչ վաղ անցյալի հարաբերություններից, ապա պետք է ասել, որ դրանք արմատապես և անճանաչելիորեն տարբերվում են:
Բանը նրանում է, որ ի շնորհիվ հանրապետությունում տեղի ունեցած թավշյա հեղափոխության՝ հանրապետությունում ամեն ինչ փոխվեց: Փոփոխությունների շարքում ամենից կարևորը մեզ հետաքրքրող իշխանություն-ժողովուրդ-հասարակություն հարաբերությունների փոփոխությունն է, երբ ժողովուրդը հավատում է իշխանություններին, պաշտպանում նրա ամեն մի քայլը, իսկ իշխանություններն էլ հավատում են ժողովրդին և իրենց ամեն մի քայլը ստուգում և քննարկում են ժողովրդի հետ, որն արդեն նոր իրավիճակ է և մեր ժողովրդի, մեր պատմության, թերևս, ամենակարևոր դասերից մեկը: Եվ երևի հենց դրա մեջ է իշխանություն-ժողովուրդ հարաբերությունների երեկվա և մեր օրերի տարբերությունը, որը պետք է ընդունել և հասկանալ: Նաև պետք է հասկանալ, որ այդ տարբերությունը պետք է դառնա մեր երկրի կյանքի գլխավոր ձեռքբերումներից և դասերից մեկը:
Բայց նաև պետք է հասկանալ, որ եթե թե իշխանությունները և թե ժողովուրդը կորցնեն այդ ձեռքբերումը, ապա երկուստեք կհայտնվեն ոչ նախանձելի վիճակում, որից դուրս գալը շատ ավելի մեծ ջանքեր և ժամանակ կպահանջի:
Միաժամանակ իշխանությունները պետք է հասկանան, որ ժողովրդի ոգևորությունը անսպառ չէ, և որ հասարակության բոլոր խավերը, շերտերը չեն, որ պաշտպանում են իշխանության բոլոր քայլերը, ուստի նրանք պետք է իրականացնեն այնպիսի միջոցառումներ, որոնք աստիճանաբար կփոխեն մարդկանց վիճակը, երբ մարդիկ իրենց կաշվի վրա կզգան այդ փոփոխությունների ընթացքը, որն էլ ավելի կամրապնդի ժողովուրդ-իշխանություն կապը և հավատը իշխանությունների նկատմամբ:
Մնում է լինել լավատես և հավատալ, որ հանրապետությունում իշխանության եկած նոր ուժերը հավատարիմ կմնան իրենց սկզբունքներին և խոստումներին և ամեն ինչ կանեն իշխանություն-ժողովուրդ կապը էլ ավելի ամրապնդելու համար, որն էլ կդառնա կարևոր գործոն նոր հաջողությունների հասնելու և անցյալից դասեր քաղելու համար:
ՀԵՆՐԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրատարակման, երբ հայ հասարակությունը ապրեց մի նոր անակնկալ. հրապարակվեց Հանրապետության ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցը, որն անակնկալի բերեց ողջ հայ հասարակությանը: Ենթադրությունները և կարծիքները անչափ տարբեր և իրարամերժ են, մինչև անգամ հասարակությունը «սև» և «սպիտակի» բաժանելը, միմյանց շատ բաներում մեղադրելը:
Իշխանությունները հայ հասարակությանը վստահեցնում են, որ կբացահայտեն գաղտնալսման մեղավորներին, և օրենքի ուժով նրանք կստանան իրենց արժանի պատիժը:
Բայց դա հարցի մի կողմն է: Ավելի վտանգավորը հասարակության ներսում այլ կարգի խմորումների հասունացումն է, որը լի է այլ կարգի վտանգավոր հետևանքներով: Ուստի հասարակությունը հանգստացնելու և միմյանց նկատմամբ վստահության մթնոլորտ ստեղծելը մեր օրերի գլխավոր խնդիրներից մեկն է, որի բանալին իշխանությունների ձեռքում է, որը կոչված է ամեն ինչ անել, որպեսզի երկրում չստեղծվի միմյանց նկատմամբ անվստահության և անհանդուրժողականության մթնոլորտ, որը որևէ լավ բանի չի կարող հանգեցնել, որի ապացույցը ոչ վաղ անցյալի մեր պատմությունն է, իսկ դասեր քաղելը՝ մեր օրերի հրամայականը:
Մի ցանկություն ևս. եթե մեր հեղափոխությունը «թավշյա հեղափոխություն» է, իսկ կառավարությունը՝ «սիրո և համերաշխության», ապա ցանկալի է, որ նրա առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդի հետ խոսի այդ տոնով, իսկ նրանք, ովքեր կատարել են օրենքից դուրս քայլեր, թող պատասխանեն օրենքի ուժով: Նման դեպքում ամեն ինչ կգա իր տեղը, իսկ հեղափոխությունն էլ կծառայի իր նպատակին: