Չարամտությո՞ւն, թե՞ պայմանավորվածություն.Ինչո՞ւ «Համաներման մասին» նախագիծը հրապարակվեց ԱԺ կայքում
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը «Համաներման մասին» նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը խախտում է համարում:
«Այն լրամշակելու հնարավորություն կա: ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկվելու է փակ ռեժիմով, դրանով հետապնդվում է սահմանադրական նպատակ՝ պաշտպանելու մարդկանց իրավունքները: ԱԺ կայքում հրապարակելը որոշակի հակասության մեջ է մտնում ԱԺ կանոնակարգ օրենքի հետ: Մինչ դա փորձ է արվել այդ փաստաթուղթը ձեռք բերել և հրապարակել: ԱԺ կայքում հրապարակվել է նախագիծը, սակայն այն հրապարակման ենթակա չէր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել էր նա:
«Նախկին Սահմանադրությամբ ԱԺ-ում համաներման մասին որոշում էր լինում, 24-ժամյա ռեժիմով քննարկում էին ու գաղտնի պահում, հիմա սա օրենք է, բոլոր օրենքների նախագծերը հրապարակվում են: Չգիտեմ՝ չարամտությո՞ւն կար, թե՞ պայմանավորվածություն: Առանձին կարգավորում պետք է լիներ, որ որոշ օրենքներ չհրապարակվեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
ԱԺ ամբիոնից ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կա քրեական գործ, որը 100 տոկոսով ապացուցված է, և մի թղթի պաշտոնական պատասխանից հետո նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ:
Շատերը Ն. Փաշինյանի տեղեկացվածությունը քննվող գործերի վերաբերյալ մտահոգիչ են համարում:
Տ. Աթանեսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հայտարարությամբ Ն. Փաշինյանը խախտել է անմեղության կանխավարկածը, ինչպես շատերն են նշում:
«Նախաքննության տվյալի գաղտնիությունն անհասկանալի հասկացություն է, որովհետև, օրինակ, քննիչն իրավունք ունի հրապարակել այնքան, ինչքան ուզում է, իսկ եթե գտել են, որ վարչապետին կարող են տեղյակ պահել, ոչ մի խախտում չկա: Ուղղակի մենք սովոր չենք: Միշտ էլ տեղյակ պահել են բոլորին, Փաշինյանն ուղղակի բաց է աշխատում: Չկա օրենքի խախտում, քանի որ տվյալ չի հրապարակվել»:
Անի Կարապետյան