«Մենք ուղղակի չենք կարող օդում կախված ծրագրերի հեռանկարով փչացնել հարաբերություններն Իրանի հետ». Վարդան Ոսկանյան
«Դատելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարություններից՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները որոշակի անհանգստություններ առաջացնում են ԱՄՆ-ի մոտ»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի վերաբերյալ արված հայտարարություններին։ Մասնավորապես, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ, ըստ Բոլթոնի՝ Իրանը չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից:
«Ակնհայտ է, որ մենք չենք ուզում վնաս հասցնել մեր բարեկամներին այս գործընթացում: Ուստի կարծում եմ, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև զրույցը շատ կարևոր կլինի: Սակայն, ինչպես ընդգծեցի վարչապետի հետ զրույցում, մենք մտադիր ենք ողջ ուժով կիրառել այս պատժամիջոցները: Սա Օբամայի վարչակազմը չէ: Մենք մտադիր ենք սեղմել Իրանի շուրջ օղակը, որովհետև կարծում ենք, որ Մերձավոր Արևելքում և ողջ աշխարհով մեկ նրանց վարքագիծը չարամիտ է և պետք է փոխվի»,- ասել է Բոլթոնը։
«ԱՄՆ-ը ըմբռնումով կմոտենա»
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ, սակայն, պաշտոնական Երևանը կարծես թե հստակորեն բացատրել է հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը մեր պետության համար. «Հետևաբար՝ պետք է ակնկալել, որ ԱՄՆ-ը ըմբռնումով կմոտենա հայկական կողմի դիրքորոշումներին՝ հաշվի առնելով, որ Իրանի հետ հարաբերությունները և հատկապես՝ հայ-իրանական սահմանը մեր պետության կենսական շահերի և անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչ է։ Անկախ ԱՄՆ-ի դիրքորոշումից՝ Հայաստանը չի կարող սեփական շահերից հրաժարվել, առավել ևս՝ չի կարող հրաժարվել սեփական անվտանգության կարևորագույն բաղադրիչից։ Այս ամենը կարծես թե բացատրվել է նաև Բոլթոնին»։
«Հայաստանը 2 ուղղությամբ պետք է աշխատի»
Հայաստանը, ըստ իրանագետի՝ երկու ուղղությամբ պետք է աշխատի. «Մի ուղղությունն Իրանն է. Հայաստանի նման անզիջում դիրքորոշումը բխում է մեր, բայց նաև՝ Իրանի շահերից, այստեղ մեր շահերը համընկնում են։ Հետևաբար՝ Իրանի հետ մեր հարաբերություններում պետք է մեր կայուն և վստահելի գործընկերոջ կարգավիճակը կապիտալիզացվի, մասնավորապես՝ իրանական կողմի հետ բանակցություններ տարվեն Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող տրանսպորտային ծրագրերին իրանական լուրջ և ակտիվ մասնակցության վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է «Հյուսիս-Հարավ» մայրուղուն, Հայաստան-Իրան երկաթուղային ծրագրին։
Մյուս կողմից էլ՝ պետք է աշխատենք ԱՄՆ-ի հետ, որովհետև այս պետությունը համաշխարհային գերտերություն է։ Լուրջ անելիքներ ունենք նաև ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Հայաստան-Իրան հարաբերություններ հարցում արտոնյալ կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ, որովհետև ԱՄՆ-ի նախկին վարչակարգերը հաշվի են նստել Հայաստանի կենսական շահերի հետ։ Չեմ կարծում, թե այս անգամ որևէ մեկն իրավունք ունի մեզ պարտադրել՝ հրաժարվել սեփական շահերից։ Բայց այս ամենին հասնելու համար պետք է հստակ, համակարգված, բարդագույն աշխատանք տանել, որը ենթադրում է նաև մեր պետության հասարակական, քաղաքական և այլ վերնախավերի համախմբում՝ Հայաստանի զարգացման ընդհանուր տեսլականի շուրջ»։
«Անտրամաբանական է»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Սյունիքի մարզում մի ուշագրավ հայտարարություն է արել։ Նա մասնավորապես ասել է, որ Սյունիքում շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն։
«Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, և մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։ Ինձ համար հատուկ կարևորագույն խնդիր է՝ ջարդել նարկոթրաֆիկի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում։ Այդ օտարկերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում գործակիցներ չունենան»,- ասել է Փաշինյանը։
Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ վտանգներով է հղի այս հայտարարությունը, արդյո՞ք սա հետագայում չի կարող օգտագործվել հենց ԱՄՆ-ի կողմից՝ հայ-իրանական սահմանը փակելու պահանջ ներկայացնելու համար, որովհետև գրեթե բոլոր կոնֆլիկտային գոտիներում գերտերություններն իրենց գործողություններն արդարացնում են՝ նշելով, որ պայքարում են նարկոթրաֆիկի դեմ։ Ի պատասխան՝ իրանագետը հետևյալն ասաց.
«Նախ պետք է հստակորեն արձանագրել, որ Իրանը թմրանյութերի միջազգային տարանցման դեմ պայքարի առաջամարտիկներից է, իրանական պետական կառույցները պայքարում են դրա դեմ։ Թմրանյութերի արտադրման հիմնական կենտրոնն Աֆղանստանն է, որը գտնվում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Եթե նույնիսկ ելնենք այդ տրամաբանությունից, ապա ակնհայտ է, որ Մեքսիկայի սահմանն ԱՄՆ-ի հետ շատ ավելի մեծ վտանգներ է պարունակում, բայց ԱՄՆ-ը այդ սահմանը փակ չի պահում։
Հետևաբար՝ ակնկալել, որ այդ տրամաբանությամբ շարժվելու դեպքում Հայաստանը պետք է վերանայի իր դիրքորոշումները՝ կապված Հայաստան-Իրան սահմանի հետ, անտրամաբանական է։ Հայաստան-Իրան սահմանն աշխարհում ամենախաղաղ, ամենակայուն սահմաններից մեկն է։ Այս սահմանն ունի նաև մեկ այլ կարևորագույն հատկանիշ՝ դա երկու պետությունների միջև երբևէ գոյություն ունեցած և ունեցող հնագույն սահմաններից մեկն է՝ պատմական տարբեր ժամանակահատվածներում կրած փոփոխություններով հանդերձ։ Հետևաբար՝ այս սահմանին պետք է չափազանց մեծ ուշադրությամբ և պատասխանատվությամբ մոտենալ»։
«Իրատեսական չէ»
Ոսկանյանի խոսքով՝ Հայաստանը պետք է հաշվի առնի տարբեր խաղացողների շահերը, բայց չի կարող դա անել՝ սեփական շահերը ոտնահարելու գնով. «Հետևաբար՝ ակնկալիքները Հայաստանից պետք է լինեն չափավոր։ Մենք ուղղակի չենք կարող եթերային խոստումների կամ օդում կախված ծրագրերի հեռանկարով փչացնել հարաբերություններն Իրանի հետ։ Սա դուրս է խելամտության սահմաններից։ Մեր բոլոր գործընկերները պետք է դա հասկանան»։
Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե Հայաստանի ճիշտ աշխատանքի դեպքում պաշտոնական Երևանը կարող է լինել այն հարթակը, որտեղ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ կարող են ընթանալ, Ոսկանյանն ասաց, որ այս պահի դրությամբ դա իրատեսական չէ. «Բայց Հայաստանի այդ ամորտիզացնող դերակատարությունը պետք է դիտարկել, և հաշվի առնելով, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ է պահպանում մի կողմից՝ Իրանի, և մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ, կարծում եմ՝ մեր այս դիրքորոշումը պետք է գնահատվի երկու կողմերում էլ։ Եվ միգուցե հնարավորություն ստեղծվի հայկական հարթակն օգտագործել նման բանակցությունների համար։ Բայց կրկնեմ՝ այս պահի դրությամբ դա իրատեսական չեմ համարում»։