5 պատճառ, որոնք կանխատեսում են դրամի արժեզրկում
Հայկական դրամի փոխարժեքը մշտապես եղել է տարբեր քննարկումների առարկա, անկախ նրանից, այն գտնվել է կայո՞ւն, թե՞ ցնցումային վիճակում: Հասարակության մեծ հետաքրքրությունն այս թեմայի նկատմամբ բացատրվում է մի շարք հանգմանքներով, որոնցից առավել կարևորն են հանդիսանում արտասահմանից եկող տրանսֆերտները և արտաքին շուկաներից մեր երկրի կախվածությունը:
Եթե ընդամենը մի ամիս առաջ մենք քննարկում էինք հայկական դրամի տարօրինակ կայունությունը, ապա արդեն այսօր կանխատեսումների վեկտորն ուղղված է դրամի հնարավոր արժեզրկման ուղղությամբ: Մեր նախորդ հրապարակումներից մեկում՝ «Հայկական կայունությունը՝ ընդդեմ համաշխարհային տնտեսական վայրիվերումների: Ե՞րբ սպասել ցնցումների» խորագրի ներքո, մենք հանգամանալից ներկայացրել ենք այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին հայկական դրամի կայունության քրոնիկոնը, իսկ այս վերլուծության մեջ հաշվի առնելով վերջին շրջանի տնտեսական զարգացումները, կքննարկենք 5 պատճառ, որոնք մատնացույց են անում առաջիկայում հայկական դրամի հնարավոր արժեզրկմանը:
1. Համաշխարհային զարգացումները: 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դիտարկվող երկրների մեջ հայկական դրամն ունեցել է ամենացածր արժեզրկումը, որը կարելի է աննշան համարել:
Ավելին, եթե դիտարկելու լինենք ավելի մեծ ժամանակային միջակայք, կտեսնենք, որ դրամն անգամ արժևորվել է, և սա՝ այն պարագայում, երբ ռուբլին, օրինակ, արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով: Նախորդ մեր հրապարակման մեջ մենք մանրամասն անդրադարձել ենք մյուս զարգացող երկրներում արժույթների արժեզրկման հարցին և եկել այն եզրակացության, որ ճիշտ է, հայկական դրամի փոխարժեքի էական փոփոխություն դեռևս չի եղել, սակայն ասել, որ Հայաստանը անմասն կմնա ցնցումներից, միանշանակ ճիշտ չէ:
Փոքր-բաց տնտեսությունը չի կարող անմասն մնալ համաշխարհային զարգացումներից, և Հայաստանն անպայման զգալու է տնտեսական շոկերի ազդեցությունը, միակ հարցն այն է, թե երբ և ինչ ծավալներով: Բանն այն է, որ տնտեսական շոկերը Հայաստանը զգում է ոչ թե անմիջապես, այլ միջնորդավորված, և եթե համաշխարհային շոկերը բավարար ուժգին են, որ մեր միջազգային գործընկեր երկրների տնտեսության (հատկապես՝ Ռուսաստանի տնտեսության իրական հատվածի) մեջ էական փոփոխությունների հանգեցնի, ապա այդ ցնցումները կհասնեն նաև Հայաստան:
2. Արտահանման կրճատում: Հոկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական (շտապ հավաքագրված) տվյալները, որի համաձայն՝ կտրուկ անկում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների նվազումներով: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար: 2.7 տոկոսանոց աճ է արձանագրվել ներմուծման ոլորտում՝ դրամային արտահայտությամբ կազմելով 397.5 մլն դոլար:
Արտահանման ցուցանիշի նման կտրուկ անկումը իր ուղղակի ազդեցությունն է ունենում նախ երկրի վճարային հաշվեկշռի վրա: Փոխարժեքի վրա ազդող հաջորդ կարևոր բաղադրիչը, որ կապված է արտահանման հետ, տնտեսության մեջ արտարժույթի ներհոսքն է: Որքան ցածր է արտահանումը, այնքան ավելի քիչ արտարժույթ է հոսում մեր երկիր: Այս ամենի արդյունքում, ազատ լողացող փոխանակային կուրսի պայմաններում, տնտեսության մեջ արտարժույթի ծավալի նվազեցումը բերելու է հայկական դրամի արժեզրկման:
3. Օտարերկրյա ներդրումների նվազում: Համաձայն Կենտրոնական բանկի հրապարակումների՝ 2018 թվականի 2-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են շուրջ 11 անգամ՝ 90.5 մլն դոլարից դառնալով 9.4 միլիոն դոլար: Ավելին, նույն տվյալների համաձայն՝ Հայաստանից օտարերկրյա ներդրումները կազմել են 27 մլն դոլար, այսինքն՝ մենք հանդես ենք եկել ոչ թե՝ որպես ներդրումներ ստացող, այլ ընդհակառակը՝ ներդրումներ կատարող դոնոր երկիր:
Նման երևույթ վերջին տասնամյակում գրանցվել է միայն մեկ անգամ՝ 2014 թվականի 4-րդ եռամսյակում: Օտարերկրյա ներդրումների միջոցով Հայաստան են ուղղվում արտարժութային հոսքեր, ինչը հնարավորություն է տալիս բարելավել հաշվեկշիռը, ինչպես նաև՝ դրական ազդեցություն ունենալ դրամի փոխարժեքի վրա: Այդ հոսքերի կրճատման պարագայում, ինչպես նաև արտահոսքի ավելացման արդյունքում՝ առավել իրատեսական է դառնում դրամի հնարավոր արժեզրկումն այլ արժույթների նկատմամբ:
Այստեղ տեղին է անդրադառնալ նաև տրանսֆերտների խնդրին: Ինչպես ավելի վաղ նշեցինք, ռուբլին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով, դա նշանակում է, որ առնվազն այդ արժեզրկման չափով պակասել է նաև Ռուսաստանից եկող տրանսֆերտների իրական արժեքը, ինչը ևս լուրջ դերակատարում կարող է ունենալ, հատկապես հաշվի առնելով, որ թևակոխում ենք տարեվերջյան ժամանակահատված, և սպասելիքները տրասֆերտների նկատմամբ ավելի բարձր են:
4. Նախատոնական ակտիվացում: Տարեվերջին առավել հիմնական ազդող գործոնը կապված է սպառման ծավալների ավելացման հետ: Ոպեսզի բավարարեն ամանորի նախատոնական պահանջարկի բումը, ներմուծող ընկերությունները արդեն նոյեմբեր ամսին պլանավորում են իրենց ներմուծումները, կնքում պայմանագրեր և կատարում վճարումներ: Սա հանդիսանում է արտարժույթի արտահոսք մեր երկրից, ինչը բերում է տնտեսության մեջ շրջանառվող արտարժույթի ծավալի նվազեցման, այդպիսով կրճատելով արտարժույթի շուկայում առաջարկը, որն էլ հանգեցնելու է հայկական դրամի արժեզրկման:
5. Հանրության սպասումներ: Եվ վերջապես, 5-րդ պատճառը, որով պայմանավորված՝ սպասվում է դրամի արժեզրկում, կապված է հասարակության սպասումների հետ: Այստեղ նախ և առաջ դեր է խաղում ձևավորված այն հայտնի կարծիքը, որ ամանորից առաջ, այսպես ասած, «դոլարը թանկանում է»: Այս երևույթը, թեև ոչ մեծ, սակայն իր ազդեցությունն ունենում է փոխարժեքի վրա: Սպասումների ազդեցության վերջին ալիքը դա դրամի արժեզրկման մասին խոսելն է, որի բաղադրիչներից մեկը հանդիսանում է նաև այս վերլուծական ակնարկը:
Բանն այն է, որ հասարակական սպասումները դասվում են այն կատեգորիային, որ որքան շատ է խոսվում այդ մասին, այնքան սպասումներն ավելանում են, այդպիսով առաջացնելով արտարժույթի կեղծ պահանջարկ, որը լրացուցիչ ճնշումներ է առաջացնում շուկայի վրա: Իհարկե, եթե լիներ միայն այս հանգամանքը, Կենտրոնական բանկը կիրականացներ արտարժութային ինտերվենցիաներ, կայուն պահելով փոխարժեքը, սակայն այս հանգամանքը ընդամենը հանդիսանում է բաղադրիչներից մեկը, և ԿԲ ինտերվենցիաները միայն կարող են զերծ պահել կտրուկ ցնցումներից:
Ամփոփելով վերոգրյալը, կարող ենք փաստել, որ ըստ էության դրամի արժեզրկման համար ստեղծվել են գրեթե բոլոր բարենպաստ պայմանները: Դա նախ և առաջ դրսևորվել է տարբեր ուղիներով արտարժույթի արտահոսքի ավելացմամբ, ինչպես նաև, միաժամանակ ներհոսքն ապահովող ուղիների խաթարմամբ: Արդյունքում՝ մեզ մնում է միայն սպասել վերջին մի իմպուլսի (այն կարող է լինել քաղաքական գործընթացների, միջազգային տարբեր զարգացումների և այլնի արդյունք), որը, այսպես ասած, գործի կգցի մեխանիզմը, և մենք, այսպես կոչված, «առաջին շարքերից» կհետևենք հայկական դրամի արժեզրկմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ