Հայկական կայունությունը՝ ընդդեմ համաշխարհային տնտեսական վայրիվերումների: Ե՞րբ սպասել ցնցումների

Հայաստանից կապիտալի արտահոսք չի եղել.  օգոստոսի 30-ին լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանը: Ի հավելումն սրա՝ պետք է նշենք, որ չնայած օտարերկրյա ուղղակի ներդրումների ցածր մակարդակին, երկրի տրանսֆերտներից կախվածությանը, պետական պարտքի բարձր ցուցանիշին, քաղաքական վերիջին զարգացումներին, Հայկական դրամը հանդիսացել է 2018թ.-ի  ամենակայուն արժույթներից մեկը զարգացող երկրների մեջ:

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ անհրաժեշտ է հասկանալ՝ ո՞րն է դրամի նման կայունության ֆունդամենտը, և արդյոք այդ կայունությունը կլինի տևակա՞ն, թե՞ այնուհանդերձ մեր արժույթը, ի վերջո, կհայտնվի անկումային իրավիճակում:

Ինչպես երևում է գծապատկերից, 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին դիտարկվող երկրների մեջ հայկական դրամն ունեցել է ամենացածր արժեզրկումը, որը կարելի է աննշան համարել: Ավելին, եթե դիտարկելու լինենք ավելի մեծ ժամանակային միջակայք, կտեսնենք, որ դրամն անգամ արժևորվել է, և սա՝ այն պարագայում, երբ ռուբլին արժեզրկվել է ավելի քան 20 տոկոսով:  Խոսելով այս և մյուս զարգացող  երկրներում արժույթների արժեզրկման մասին, հայտնի վերլուծաբանները՝ որպես հիմնական պատճառ, նշում են կապիտալի արտահոսքը, որը պայմանավորված է զարգացած երկրներում տոկոսադրույքների փոփոխությամբ:

Այսպես, ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը սեպտեմբերի 26-ին բարձրացրեց բազային տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով, այն վերջնականապես սահմանելով  2.25 տոկոս, ինչին անմիջապես արձագանքեցին զարգացող երկրների ֆինանսական շուկաներն ու փոխարժեքները:  Բանն այն է, որ ներդրողները, որոնք անցյալում զարգացած երկրների ցածր տոկոսադրույքների պատճառով զարգացող երկրներում են տեղափոխել ակտիվները, այժմ հետ են տանում:  Օրինակ, ՌԴ պետական պարտատոմսերի  կառուցվածքում ոչ ռեզիդենտ ներդրողների կշիռը իր պիկին էր հասել 2018թ ապրիլին՝ 34.5 տոկոս, մինչդեռ 2012թ.-ին այն կազմում էր 3.7 տոկոս: Այժմ ցուցանիշը նվազման միտում ունի, ինչը, իհարկե, պայմանավորված է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով, սակայն այս գործընթացն է տեղի ունենում նաև մյուս զարգացող երկրներում, որտեղ ներդրողները այլ պատճառ չունեն վաճառելու ակտիվները, քան զարգացած երկրներում տոկոսադրույքների աճը: Ահա հենց այս պատճառով էլ տեղի ունեցող արտահոսքը հանգեցնում է ազգային արժույթների աժեզրկման:

Անդրադառնալով Հայաստանում կապիտալի արտահոսքի թեմային, պետք է նշենք, որ ֆինանսական շուկայի ամենազարգացած հատվածը հանդիսանում է պետական պարտատոմսերի շուկան: Համաձայն հրապարակվող տվյալների,  Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտ ներդրողների կշիռը 2018թ. հուլիսին կազմել է ընդամենը 1.5 տոկոս, իսկ 2012թ.-ին՝ 0.2 տոկոս, ինչը, բնականաբար, էական ցուցանիշ չէ: Մյուս կողմից, եթե Ռուսաստանը և մյուսներն ունեն զարգացման որոշակի մակարդակի հասած արժեթղթերի շուկա, որը կարող է կապիտալի սպեկուլյատիվ շրջանառություն ձևավորել, ապա մեզ մոտ այն տնտեսության նկատմամբ աննշան է: Այսինքն, նախկինում երբեք  Հայաստանում ներդրումային խոշոր հոսքեր չեն եղել, և Հայաստանը սպեկուլյատիկ կապիտալի հանգրվան երբևէ  չի հանդիսացել, որ այժմ համախարհային տնտեսական ցնցումների արդյունքում ականատես լինենք այդ կապիտալի արտահոսքին:  

Ամփոփելով վերլուծությունը, անդրադառնանք այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է՝ Հայաստանն անմասն մնա  ցնցումներից, և այդպես էլ մեր տնտեսությունը չզգա բացասական հետևանքներ: Պատասխանը միանշանակ բացասական է, քանզի, ինչպես ներկայացրել ենք վերևում, փոքր-բաց տնտեսությունը չի կարող անմասն մնալ համաշխարհային զարգացումներից, և Հայաստանն անպայման զգալու է տնտեսական շոկերի ազդեցությունը, միակ հարցն այն է, թե երբ և ինչ ծավալներով: Բանն այն է, որ տնտեսական շոկերը Հայաստանը զգում է ոչ թե անմիջապես, այլ միջնորդավորված, և եթե համաշխարհային շոկերը բավարար ուժգին են, որ մեր միջազգային գործընկեր երկրների տնտեսության (հատկապես՝ Ռուսաստանի տնտեսության իրական հատվածի) մեջ էական փոփոխությունների հանգեցնի, ապա այդ ցնցումները կհասնեն նաև Հայաստան:

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս