Ինչո՞ւ է տնտեսությունը մոտենում 0-ին. Հրապարակվել է սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական (շտապ հավաքագրված) տվյալները, որի համաձայն՝ դեռ նախորդ ամիս արձանագրված 0.6 տոկոս ցուցանիշը շարունակել է նվազել՝ արձանագրելով վերջին տարիների նոր մինիմում: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի սեպտեմբեր ամսին 2017 թվականի սեպտեմբերի նկատմամբ կազմել է 0.2 տոկոս:

Արդյունքում՝ 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով ՏԱՑ-ը նվազել է՝ կազմելով 6,5 տոկոս, հունվար-օգոստոսի նկատմամբ դանդաղելով 1.2 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել Գյուղատնտեսության ոլորտում գրանցված -17.7 տոկոս բացասական ցուցանիշով:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության ցուցանիշի շարունակական կտրուկ անկման պատճառները, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից, սեպտեմբեր ամսին առավել մեծ բացասական նպաստում է ունեցել գյուղատնտեսության ոլորտը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազելով 17.7 տոկոսով: Ոլորտի նման գահավիժմանը մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներից մեկում, այդպիսով արձանագրելով, որ նման անկումը հիմնականում պայմանավորված է սեզոնային տեղաշարժով:

Ցածր աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է ընդամենը 0.9 տոկոս աճ, որի արդյունքում տարեկան կուտակային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով՝ հասնելով 4 տոկոսի: Շինարարության ոլորտի թողարկման մեջ գնալով զգալի է դառնում Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման բացասական ազդեցությունը, իսկ հաշվի առնելով հոկտեմբերի 2-րդ տասնօրյակում Ալավերդու գործարանի աշխատանքների կասեցումը, Ամուլսարի շահագործման անհայտ ժամանակով հետաձգելը, առաջիկա սպասելիքներն էլ ավելի հոռետեսական են դառնում:

Դանդաղումը շարունակվել է նաև շինարարության ոլորտում: Նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 3.5 տոկոս, որը պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից 0.9 տոկոսային կետով: Արդյունքում՝ այս տարվա առաջին 9 ամիսների կտրվածքով ոլորտի թողարկման ծավալների աճի դինամիկան առաջին կիսամյակի երկնիշ աճից նվազել է՝ կազմելով 7.6 տոկոս: Սեպտեմբեր ամսին դանդաղում է նկատվել նաև առևտրի ոլորտում: Ամսական աճի ցուցանիշը կազմել է 8.8 տոկոս, իսկ ոլորտի կուտակային ցուցանիշը նվազել է 0.1 տոկոսային կետով՝ կազմելով 9.6 տոկոս:

Միակ ոլորտը, որտեղ նկատվել է աճի և բարձր աճի ցուցանիշի արձանագրում սեպտեմբեր ամսին, եղել է ծառայությունների ոլորտը: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ոլորտի աճը կազմել է 19.8 տոկոս, որն արագացրել է ոլորտի կուտակային աճի ցուցանիշը ևս 0.2 տոկոսային կետով՝ այն հասցնելով 19.1 տոկոսի:

Ցավալի անկում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների նվազումներով: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար: 2.7 տոկոսանոց աճ է արձանագրվել ներմուծման ոլորտում՝ դրամային արտահայտությամբ կազմելով 397.5 մլն դոլար:

Ամփոփելով հակիրճ վերլուծությունը՝ պետք է փաստենք, որ տնտեսության մեջ սեպտեմբեր ամսին շարունակել են դրսևորվել նախորդ ամսվա զարգացման դանդաղելու միտումները: Բացառությամբ ծառայությունների, մյուս ոլորտների տարեկան աճը զգալի նվազել է՝ այդպիսով դեպի ներքև ձգելով տնտեսական ակտիվության ցուցանիշը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ շուտով տնտեսությունը մտնում է մեր երկրի բնակլիմայական դիրքով պայմանավորված պասիվ սեզոնի մեջ, և տնտեսական նման զարգացումների պարագայում լուրջ տնտեսական խնդիրների առաջ կարող ենք կանգնել:

Հայկ Բեջանյան

Տեսանյութեր

Լրահոս