
NASA-ի առաջին «միջմոլորակային» նանոարբանյակներն ստացել են Մարսի լուսանկարները

MarCO մարսյան զույգ զոնդերը, որոնք տիեզերք էին արձակվել InSight վայրէջքային մոդուլի հետ միասին, հաջողությամբ դուրս են եկել «քնածության վիճակից» եւ դարձել առաջին նանոարբանյակները, որոնք ստացել են այլ մոլորակի լուսանկարներ: Այդ մասին հայտնել է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիան:
«Մեզանից մոտավորապես վեց ամիս պահանջվեց, որպեսզի հասնենք Մարս: Առաքելության այս փուլը միշտ էլ բավականին դժվարին է եղել մարսյան զոնդերի համար, ուստի նույնիսկ փոքր հաջողությունները մեզ համար մեծ հաղթանակներ են դառնում: Ահա թե ինչու այն, որ մենք վերջապես տեսանք Մարսը, մեծ հաղթանակ դարձավ մեզ համար»,- հայտարարել է Քոդի Քոլին՝ առաքելության ղեկավարը NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայում: CubeSat համակարգի երկու փոքրիկ արբանյակները, որոնց NASA-ի մասնագետներն անվանել են Mars Cube One (MarCO), մայիսի սկզբին միջմոլորակային տարածություն են արձակվել այն նույն Atlas V հրթիռով, որը InSight ավտոմատ կայանը դուրս բերեց Մարսի ուղեծիր:
Այս նանոարբանյակները NASA-ի կողմից ստեղծվել են մեկ պարզ, բայց շատ հետաքրքիր խնդիր լուծելու համար. դրանք տիեզերական գործակալության ինժեներներին կօգնեն Երկրի հետ InSight-ի կապը պահպանել Մարսի վրա վայրէջքի ժամանակ եւ հանդիսատեսներին թույլ կտան այդ գործընթացը դիտել «ուղիղ եթերով», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: