«Ալավերդու պղնձաձուլարանի և՛ փակելն էր ճիշտ, և՛ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա իրականացնելը». Բնապահպան
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Ալավերդու պղնձաձուլարանի և՛ փակելն էր ճիշտ, և՛ աշխատակիցների կողմից բողոքի ակցիա իրականացնելը, քանի որ, երբ էկոլոգիական, սոցիալական և տնտեսական խնդիրները մտնում են կոնֆլիկտի մեջ՝ այն վատ է անդրադառնում բնակչության և տվյալ երկրի վրա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում էին, որպեսզի «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։
Նշենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի սահմանած նորմատիվներից հետո որոշում էր կայացվել դադարեցնել գործարանի աշխատանքները, քանի որ թույլատրելի արտանետումների քանակի այնպիսի թիվ էր սահմանվել, որ այն պահպանելու դեպքում գործարանի շահագործումը պետք է կասեցվեր։
Ըստ բնապահպանի, եթե գործարանը ժամանակավոր են փակել, որպեսզի պայմանները բարելավեն, ապա պետք է լուծեին մարդկանց սոցիալական խնդիրները, իսկ եթե փակել են հիմնովին, ապա զուգահեռաբար մարդկանց աշխատանքի այլընտրանքային տարբերակներ պետք է տային, որից հետո միայն փակեին։
«Լոռիում էկոլոգիական, հետևաբար նաև՝ առողջական խնդիրները շատ լուրջ են։ Դեռևս 2009 թվականին ՄԱԿ-ի պատվերով աշխարհի քաղաքներն ուսումնասիրելու ժամանակ ուսումնասիրություն է կատարվել նաև Ալավերդիում։ Այստեղ երևում է ծանր մետաղներով աղտոտվածության աստիճանը շրջակա միջավարում, մարդկանց առողջապահական վիճակը, և այլն։ Օրինակ, համեմատություններ են անցկացվել տասնամյակի ընթացքում, թե ինչպես է աճել քաղցկեղը, արյան հիվանդությունները։ Սա պատահականություն չէ, չնայած ՀՀ առողջապահության նախարարությունը միշտ խույս է տալիս տեսնել այդ կապը շրջակա միջավայրի և առողջության միջև, սակայն դա ակնհայտ է, այս կապն ուսումնասիրությունների արդյունքում միշտ երևում է»,- շեշտեց Կարինե Դանիելյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 2016 թվականին հավաքել են տարբեր ուսումնասիրություններ շրջակա միջավայրի աղտոտվածության վերաբերյալ, նմանատիպ մանրամասն ուսումնասիրություններ կատարել է Հայաստանում Ամերիկյան համալսարանը, որի արդյունքում պարզվել է, որ ամենաշատ աղտոտված շրջակա միջավայրն ունի Ալավերդի քաղաքը։
«Այս պարագայում պղնձաձուլարանի փակելը լրիվ հասկանալի է։ Վերջերս բարձրացրեցին գործարանի ծխնելույզը, սա խնդրի լուծման ճանապարհ չէր, դրանով կարծես թե քաղաքից հեռացրեցին արտանետումները, բայց արտանետումների քանակը նույնը մնաց, պարզապես ավելի շատ տարածվեց։ Պետք է մտածել մարդկանց առողջության մասին, և ակնհայտ է, որ Լոռին այլընտրանքային տնտեսական զարգացման խնդիր ունի»,- շեշտեց Կ. Դանիելյանը։
«Էկոլուր տեղեկատվական» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանի կարծիքով՝ այսօր Լոռու մարզը գտնվում է խորը կրիզիսային և աղետալի վիճակում, և դրա համար որևէ մեկը պատրաստի լուծում չունի՝ ո′չ պղնձաձուլարանը շահագործող ընկերությունը, ո′չ ՀՀ կառավարությունը, ո′չ «ՎՏԲ-Հայաստան» բանկը։
«Պետք է նկատի ունենանք, որ «Վալլեքս» խմբի երկու ընկերություններն անցնում են «Գույք՝ պարտքի դիմաց» գործընթաց և այժմ ամբողջ գույքը փոխանցում են ռուսական «ՎՏԲ-Հայաստան» բանկին։ Սա ֆինանսական գործընթաց է, միևնույն ժամանակ՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրություններ կատարեց, և մեծ աղմուկ եղավ տուգանքների պատճառով։ Մեզ համար հարց է առաջանում, արդյո՞ք «ՎՏԲ-Հայաստան» բանկն իր վրա կվերցնի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվությունը, որն արդեն կա»,- ընդգծեց Ինգա Զառաֆյանը։
Նա տեղեկացրեց, որ նամակ են ուղղել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին և կառավարությունից պահանջել են, որպեսզի ֆինանսական աուդիտի հետ միասին՝ գործարանը շահագործող ընկերությունը ներկայացնի նաև սոցիալական և էկոլոգիական աուդիտ՝ հասկանալու համար, թե վերջինս ինչպե՞ս է իրականացնում իր պարտավորությունները։
168.am-ի հարցին, թե պղնձաձուլարանը շահագործելու համար կա՞ն արդյոք այլընտրանքային ուղիներ, որոնց դեպքում բնապահպանական խնդիրներ չեն առաջանա, Կարինե Դանիելյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում կան լուրջ տեխնոլոգիաներ, որոնք մշակվել ու մշակվում են, սակայն դրանք թանկ են, և դրանց գործածության դեպքում այդ շահույթը, որը կստանա ընկերությունը, կկրճատվի։
«Սկզբունքորեն խնդիրները լուծելի են, միայն թե կամք է անհրաժեշտ»,- ասաց բնապահպանը։
Ինգա Զառաֆյանի կարծիքով էլ՝ այս գործում պահանջվում է կառավարության միջամտությունը, քանի որ առանց այդ միջամտության՝ ընկերությունն իր վրա որևէ պարտավորություն չի վերցնի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։
Զվարթ Խաչատրյան