Թավշյա թվերի կոշտ գահավիժումը։ Պե՞տք է արդյոք տխրել

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական (շտապ հավաքագրված) տվյալները։ Դեռ նախորդ ամիս արձանագրված 11,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հեղափոխությունը Հայաստանում ոչ միայն տնտեսական անկման չի բերել, այլև հանգեցրել է տնտեսական ակտիվության: «2018-ի յոթ ամսվա ՏԱՑ-ը, ըստ այդմ, նույնպես աճել է՝ հասնելով 9.3 տոկոսի, հունիսի 8.9 տոկոսի ֆոնին: Տնտեսական աճի կառուցվածքը փոխելը մեր քաղաքական առաջնահերթություններից է»,- նշել էր վարչապետը:

Այս հայտարարությունից ընդամենը 1 ամիս անց հրապարակված տվյալները, սակայն, ցույց տվեցին, որ օգոստոս ամսին արձանագրվել է վերջին տարիների, թերևս, ամենացածր ակտիվության ցուցանիշը։ Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի օգոստոս ամսին 2017 թվականի օգոստոսի նկատմամբ կազմել է 0.6 տոկոս:

Արդյունքում՝ 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով ՏԱՑ-ը կազմել է 7,7 տոկոս, հունվար-հուլիսի նկատմամբ դանդաղելով 1.6 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ոլորտում գրանցված -16.7 տոկոս բացասական ցուցանիշով:

Հասկանալու համար տնտեսական ակտիվության ցուցանիշի նման կոշտ գահավիժման պատճառները, պետք է վերլուծել առանձին ոլորտների թողարկումների աճի դինամիկան։ Ինչպես երևում է գծապատկերից (կարմիրով առանձնացված են նոր իշխանության կառավարման ընթացքում արձանագրված ցուցանիշները), վերջին ամիսներին կայուն աճ է արձանագրվել ծառայություննների ոլորտում, 8 ամիսների արդյունքով ապահովելով 18,9 տոկոս կուտակային աճ։ Ճյուղի աճը հիմնականում պայմանավորված է եղել մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղերի աճով։ Զգալի են եղել նաև կացության և հանրային սննդի կազմակերպում և տրանսպորտ ենթաճյուղերի նպաստումները։

Արագացում է նկատվել նաև առևտրի ոլորտում, իսկ ճյուղի թողարկած ցուցանիշի կուտակային աճը կազմել է 9,7 տոկոս, որը հիմնականում պայմանավորված է եղել մեծածախ առևտրի աճով։

Շինարարության ոլորտում ապրիլ ամսից սկսած աճի տեմպի դանդաղումը դեռևս շարունակվում է, և օգոստոս ամսին կազմել է 8,5 տոկոս, ինչը պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից շուրջ 2 տոկոսային կետով։ Այս ոլորտի գնալով դանդաղող աճի մասին բազմիցս է խոսվել, ինչը մասամբ պայմանավորված է հանքարդյունաբերության ոլորտում տարեսկզբից իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների կրճատմամբ։

Մյուս ոլորտների համեմատությամբ բավականի տարօրինակ վարքագիծ է դրսևորում գյուղատնտեսության ոլորտը։ Վերջինիս օգոստոս ամսին արձանագրած -16,7 տոկոս անկումը հանդիսանում է տվյալ ամսվա համեմատաբար ցածր ՏԱՑ-ի հիմնական «մեղավորը»։ Դիտարկենք այս ոլորտի աճի տարեկան դինամիկան առանձին։

Ինչպես երևում է գծապատկերից, գյուղատնտեսության ոլորտի թողարկումն ունեցել է երկու հիմնական շոկ, դրանցից առաջինը եղել է 3,8 տոկոսանոց դրական և ապահովել է հունիս ամսին ճյուղի համար կուտակային 5,2 տոկոս աճի ցուցանիշ, իսկ արդեն օգոստոս ամսին՝ բացասական շոկն իջեցրել է այդ ցուցանիշը մինչև -1,0 տոկոս։ Այս երևույթի բացատրությունը տրվել է դեռևս հունիս ամսին՝ մատնանշելով, որ տաք գարնանային եղանակով պայմանավորված՝ բուսաբուծության ոլորտում բերքի հասունացումը սկսվել էր ավելի շուտ, ինչն էլ պատճառ է հանդիսացել աննախադեպ աճի։ Նույն երևույթի տրամաբանական շարունակությունն է նաև այս ամիս արձանագրված անկումը, որը պայմանավորված է ճյուղում բերքահավաքի ավելի շուտ ավարտվելով։

Անդրադառնալով այն հարցին, թե պե՞տք է արդյոք գյուղատնտեսության ճյուղի նման անկումը տխրեցնի մեզ, պատասխանենք, որ՝ ՈՉ, ճիշտ այնպես, ինչպես պետք չէր ուրախանալ հունիս և հուլիս ամիսների գյուղոլորտի բարձր աճի ցուցանիշներով, քանի որ ընդամենը տեղի է ունեցել գյուղատնտեսական սեզոնի տեղաշարժ, դրա արդյունքում սեզոնն առաջ է ընկել 1-2 ամսով, ինչն էլ պայմանավորել է ինչպես՝ նախորդ 2 ամիսների բարձր, այնպես էլ՝ այս ամսվա ցածր աճի տեմպերը։

ՀԱՅԿ ԲԵՋԱՆՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս