«Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության աճ է նկատվում». Տարասով
«Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հարցում արտաքին միջամտության հավանականության հարցը կբացահայտվի ժամանակի ընթացքում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկումների վերաբերյալ Մոսկվայի անհանգստությանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել էր Հայաստանում առաքելությունն ավարտած ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունները: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր. «Ա՛յ քեզ բա՜ն։ Եկեք կողմնորոշվենք, այլ պետությունների գործերին խառնվելը լա՞վ է, թե՞ վատ»։ Զախարովան ընդգծել է, որ դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրված 26 մլն դոլարի մեծ մասը հաջորդ տարի կծախսվի հենց քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ամրապնդման վրա։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչը վրդովմունք է հայտնել այն մասին, թե ինչ են իրենց թույլ տալիս ամերիկյան դեսպաններն ամբողջ աշխարհում։
Ըստ նրա՝ բացի այն, որ նրանք հարված են հասցնում ժողովրդավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ԶԼՄ-ներին, որոնց իբր պաշտպանում են, նրանք իրենք իրենց էլ են հարված հասցնում՝ մերկացնելով ԱՄՆ քաղաքական կյանքում տեղի ունեցող երկերեսանիությունը։ «Այս ամենը վառ կերպով բնութագրում է Վաշինգտոնի ներկայիս քաղաքականությունը, որին հատուկ է արտասահմանյան պետությունների գործերին միջամտելը»,- ամփոփել է Զախարովան։
Ստանիսլավ Տարասովի խոսքով՝ ինչպես հեղափոխության օրերին, այնպես էլ հիմա կարող է ասել, որ Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումների հարցում արտաքին միջամտության հավանականության հարցը կբացահայտվի ժամանակի ընթացքում:
Ըստ նրա, ներկայումս դժվար է այդ մասին խոսել, քանի որ դրանք ենթադրությունների ժանրից են: «Այն, որ ընդհանուր առմամբ իրավիճակը Հայաստանի ներքաղաքական դաշտում Մոսկվայի ուշադրության կենտրոնում է՝ նույնիսկ քննարկման հարց չէ: Բոլորը հետևում են, տիրապետում են իրավիճակին և հույս ունեն, որ առաջիկա զարգացումները անկայունության նոր ալիք չեն բերի Հայաստանի ներքաղաքական կյանք, քանի որ Հայաստանը մեր դաշնակիցն է, ինտեգրացիոն կառույցների անդամ է: Այս ամենը մեզ չի կարող չանհանգստացնել: Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում, ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ են այցելում Հայաստան, և սա չի կարող վրիպել որևէ մեկի ուշադրությունից»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է Ռիչարդ Միլսի հայտարարություններին, ապա ռուս քաղաքագետի խոսքով, դեսպանի խոսքերը բավականին համարձակ են թվում: «Հատկապես ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա դիտարկումները սուր են ընկալվում, քանի որ այսօր չկա կարգավորման հստակ տեսլական կողմերի մոտ, չկա զիջումների գնալու պատրաստակամություն, կա մեծ անորոշություն և միայն մեկ լոկալ պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել վերջերս, առնչվում է միայն հրադադարի ռեժիմին, իսկ բանակցությունների հարցում դեռ համաձայնությունների մասին խոսելը շատ վաղ է: Ապրիլյան պատերազմն իր հերթին՝ կողմերի դիրքորոշումներում էական փոփոխությունների է հանգեցրել, որի պատճառով վերջին երկու տարվա ընթացքում մենք ականատես չենք եղել հակամարտող երկրների միջև որևէ էական բանակցային գործընթացի: Այս իրավիճակում, երբ դեսպանը նշում է, որ տարածքներ պետք է վերադարձվեն, առաջանում է մեծ դժգոհություն և դիտարկվում է երկրի ներքին որոշումներին միջամտություն, քանի որ դա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միակ խնդիրը չէ, խնդիրներ կան Ադրբեջանում, այդ մասին պետք է խոսել, իսկ տարածքներ վերադարձնել-չվերադարձնելու մասին խոսելը դեսպանի իրավասությունը չէ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ դեսպանն այդ մասին խոսեց հենց ներկայումս, Ստանիսլավ Տարասովը պատասխանեց, որ տարածաշրջանում նկատելի է ամերիկյան ակտիվության աճ:
«Ինչպես ասացի, ամերիկացի պաշտոնյաները միմյանց հերթ չեն տալիս և ժամանում են տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Նշմարվում է ակտիվություն նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, դրանով է պայմանավորված ամերիկյան սկզբունքների վերահաստատումը: Չեմ կարծում, որ այդ ակտիվությունը պայմանավորված է միայն միջազգային խնդիրներով: Կա նաև Հայաստանում ստեղծված իրավիճակը հասկանալու, հարաբերությունները զարգացնելու, տարածաշրջանում առավել ակտիվ դերակատարություն ստանձնելու ցանկություն՝ օգտագործելով նաև Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը, չնայած այդ իրավիճակը դեռ ինտենսիվ զարգացման փուլում է: Այսինքն` տարածաշրջանի նկատմամբ մեծացել է ամերիկյան հետաքրքրությունը, որը ենթադրում է, որ Ռուսաստանը ևս կմեծացնի զգոնությունը, համագործակցությունը, Ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվությունը»,- ասաց Տարասովը: