Ի՞նչ է լինելու, եթե որևէ ուժ չհաղթահարի այդ 2 տոկոսի շեմը

Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ քաղաքական նպատակահարմարությունն այսօր իրենց օրակարգի տեսակետից 4-րդ հարցն է, և դա կքննարկվի լիագումար նիստում: Նա կարևորեց նախագծի իրավական անհրաժեշտությունն ու իրավական երաշխիքները և հորդորեց դրանց վրա ուշադրություն դարձնել:

«Ընտրական օրենսդրության փոփոխությունների կարևորագույն նպատակը Հայաստանում ժողովրդավարական ընտրական ինստիտուտների կայացումն է, Սահմանադրությամբ երաշխավորված ընտրական իրավունքի ապահովումը»,- ասաց Ա.Զեյնալյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում ընտրական ինստիտուտների նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը չեն համապատասխանել սահմանված նորմին, և դրա վերաբերյալ կան բազմաթիվ արձանագրումներ ու դատական ակտեր: Զեյնալյանի խոսքով՝ այս փոփոխությունները կոչված են պաշտպանելու այդ ընկալումները, որոնք ամիսներ առաջ հանգեցրին իշխանափոխության, այսինքն՝ Հայաստանում կառավարման և վստահության համակարգային ճգնաժամը մեկնարկել է այն պահից, երբ հիմք է դրվել ընտրողների ազատ կամարտահայտմանը խոչընդոտելու, քաղաքացիների կամարտահայտման վրա ապօրինի ազդեցություններ գործադրելու, ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր և կործանարար պրակտիկային:

Կարդացեք նաև

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն անդրադառնում են մի շարք հիմնարար խնդիրների, ինչպիսիք են` թեկնածուների տարածքային ցուցակների վերացում, պարզ համամասնական ընտրակարգի ընդունում, կոալիցիաների ձևավորման սահմանափակումների վերացում և ժամկետների ընդլայնում, կուսակցական բազմակարծության ապահովման նպատակով՝ ընտրվելու նվազագույն շեմի իջեցում, ընտրագրավի գումարի իջեցում և նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում, կանանց ներկայացվածության քվոտայի բարելավում, «Բոնուսային համակարգի» վերացում՝ Երևանի, Գյումրիի, Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ:

Ա.Զեյնալյանի խոսքով՝ Երևանի ավագանու վերջին ընտրությունները ցույց տվեցին երկրում առկա քաղաքական ներկապնակի իրական պատկերը, և այդ ամենը հաշվի առնելով՝ վարչապետը ներկայացրել է հրաժարական, ու դեկտեմբերին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը թույլ կտա հաղթահարել երկրում քաղաքական ճգնաժամը՝ ի դեմս խորհրդարանում քաղաքական կայուն մեծամասնության բացակայության:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե ընդունելի՞ է իրենց առաջարկը՝ 4-րդ ուժի համար սահմանել նվազագույնը 2% շեմ, և ի՞նչ է լինելու, եթե որևէ ուժ չհաղթահարի այդ շեմը:

Ա.Զեյնալյանը պատասխանեց, որ այդ դեպքում նորից է հայտարարվում գրանցում: Նա նշեց, որ նման իրավիճակ տեղի է ունեցել անցած տարի ավագանու ընտրություններում, երբ ընդամենը երկու ուժ էր հաղթահարել անցողիկ շեմը:

«Ծառուկյան» դաշինքի առաջարկը կառավարության համար ընդունելի է:

Գ. Պետրոսյանը նկատեց, որ, եթե տեսականորեն 3 ուժ է առաջադրվում, դա կարող է առաջացնել ճգնաժամ:

Զեյնալյանը նշեց, որ այս ընտրություններում դա գործնական նշանակություն չունի, դա տեսական խնդիր է, որ զուրկ չի հիմքերից, որը երևաց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ. «Եթե գտնում եք, որ գործնական նշանակություն ունի, կարող ենք քննարկել, եթե ոչ, կարող ենք հետագայում քննարկել»:

Գ.Կոստանյանն առաջարկեց դիտարկել հիպոթետիկ, որ դա կարող է լինել քաղաքական բոյկոտ. «Պատկերացրեք, որ քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրական գործընթացի մասնակցությունը՝ դրանով ամբողջությամբ չեզոքացնելով ընտրական գործընթացը: Նույն կերպ կարող ենք ասել՝ իհարկե, դա կարող ենք խելագարության վարկածի տեսանկյունից դիտարկել»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը հարցադրում արեց, որ հնարավո՞ր է հետագայում փոխել ընթացակարգերն ու անցում կատարել բաց համամասնական ընտրակարգի:

Ա.Զեյնալյանը նշեց, որ ցուցակներում առնվազն 80 թեկնածուի անուն պետք է լինի, իսկ իշխանական կուսակցությունները շատ ավելի թեկնածուներ են ունենում, և դա թղթային ներկայացնելը շատ դժվար է, պետք է լինի էլեկտրոնային քվեաթերթիկ, ինչը շատ բարդ է ապահովել մինչև դեկտեմբեր, և հաջորդ ԱԺ-ին էլ չի կարելի կաշկանդել դրանով, գուցե չհամաձայնեն:

Տեսանյութեր

Լրահոս