
Էստոնիան հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի ավելի քան 100 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Էստոնիան մտադիր է 2026 թվականին շարունակել ռազմական օգնությունը Ուկրաինային՝ այդ նպատակով հատկացնելով ավելի քան 100 միլիոն եվրո, ինչը կազմում է երկրի ՀՆԱ-ի 0.25 տոկոսը։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Հանո Պևկուրը՝ Ուկրաինայում երկօրյա այցի ընթացքում, գրում է «Европейская правда»-ն։
Նախարարը վստահեցրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին, որ Էստոնիան շարունակելու է աջակցությունը՝ Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում։ «Մենք կպահպանենք այն սկզբունքը, ըստ որի՝ մեր ՀՆԱ-ի 0.25 տոկոսը կուղղվի Ուկրաինային աջակցելուն», – նշել է Պևկուրը։
Ըստ նրա, հաջորդ տարի օգնության տրամադրման գործում առանցքային դեր կունենան Էստոնիայի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունները։ Պևկուրը նաև հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գլխավոր քարտուղար Ռուստեմ Ումերովի և Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ՝ քննարկելու վերջին զարգացումները և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգության հարցերը։