Հարկերի կշիռը ՀՆԱ-ում կնվազի. Ո՞ւմ է պետք պատժել դրա համար
Օրերս «2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն ուղարկվեց Ազգային ժողովի քննարկմանը: Ըստ էության, նախագծի մասին մինչ այս եղած քննարկումները, թերևս, եղել են օրենքի նկատմամբ որոշակի հետաքրքրություն ունեցող մարդկանց կողմից, իսկ այժմ, երբ այն ներկայացվել է քաղաքական ուժերի քննարկմանը, բյուջեի նկատմամբ թե՛ քննարկումները, թե՛ հասարակության հետաքրքրվածությունը գնալով կբարձրանա, եթե, իհարկե, քաղաքական զարգացումների պատճառով այդ քննարկումները չդադարեցվեն:
Այս առումով ուշագրավ դիտարկում արեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա՝ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը՝ «պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։ Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Սրա համար նա պետք է պատժի ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Հասկանալու համար մատնանշված խնդիրը, պետք է պատասխանենք 3 պարզ հարցերի:
Ինչո՞ւ է նվազել հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը: Օրենքի նախագծում հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը 2018 թվականի համար իսկապես ունի նվազում, իսկ 2019 թվականին նախատեսվում է որոշակի բարելավում: Հասկանալու համար, թե ինչո՞վ է պայմանավորված ցուցանիշի անկումը, պետք է վերլուծենք նաև ճշգրտված հարկային եկամուտները, որը ևս ներկայացված է բյուջեի նախագծում:
Բանն այն է, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկային գերավճարներն այլևս չեն ընդունվում, իսկ ԱԱՀ-ի վերադարձը ևս կանխատեսվում և հաշվարկվում է, ինչի արդյունքում՝ եթե նախկինում փաստացի և ճշգրտված ցուցանիշները տարբերվում էին 1-2 տոկոսային միջակայքով, ապա այժմ արդեն դրանք հավասարվել են իրար: Ինչպես երևում է գծապատկերից, երբ դիտարկում ենք ճշգրտված հարկային եկամուտների ցուցանիշը, ապա ակնհայտ է, որ առկա է դրական դինամիկա, 2017 թվականի 19.5 տոկոսի փոխարեն՝ 20.2 տոկոս: 2019 թվականի համար կանխատեսվում է ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների 20.7% մակարդակի ապահովում: Ընդ որում, 2019 թվականին ճշգրտված հարկային եկամուտների կշիռը ՀՆԱ-ում (առանց ԱԱՀ վերադարձի և գերավճարների) կբարելավվի 0.5 տոկոսային կետով: Համադրելիության խնդիրը հասկանալու համար բյուջեի ուղերձի 133-րդ էջում ներկայացված է աղյուսակ, որտեղ ցուցանիշներն արդեն բերված են համադրելի վիճակի:
Ակնկալվում է, որ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.6%` 2018 թվականի սպասողական և 2017 թվականի փաստացի 22.4%-ի դիմաց: Այստեղ մնում է փաստել, որ ըստ էության 2018 թվականի համար օրենքով հաստատված 21.3 տոկոս ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, չի կատարվի, և 2019-ի համար ծրագրվածը ևս կլինի ավելի ցածր:
Կա՞ տարբերություն նախորդ և ներկա իշխանությունների նպատակադրումների մեջ: Այս հարցի պատասխանը ևս դրական է, և դա ապացուցելու համար բավարար է համադրել հրապարակված ցուցանիշները Միջնաժամկետ ծախսերի ծրագրով ներկայացված ցուցանիշների հետ: Ըստ ծրագրի, հարկային եկամուտների համար կանխատեսվում էր տարեկան միջինը 0.4 տոկոսային կետով բարելավում, ինչը նաև հիմք կհանդիսանար ընթացիկ ծախսերի մակարդակը նվազեցնել հարկային եկամուտներից, այդպիսով տնտեսությունը բերելով տնտեսագիտության մեջ հայտնի «ոսկե կանոնի» օպտիմալ մակարդակին: Եթե 2015-2017 թվականին ընթացիկ ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը գերազանցել է հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը շուրջ 2.5 տոկոսային կետով, ապա հորիզոնի վերջում հարկային եկամուտները/ՀՆԱ-ն կգերազանցի ընթացիկ ծախսերի մակարդակը շուրջ 2.0 տոկոսային կետով` հիմքեր ստեղծելով հեռանկարային տնտեսական աճի համար:
Ինչպես ակնհայտ է դառնում երկու գծապատկերների համադրումից, նոր իշխանության նպատակադրումները նախորդի համեմատ ավելի համեստ են և ակնհայտ պակաս են թե՛ 2017-ի, և թե՛ 2018-ի համար սահմանված նպատակադրումներից:
Պե՞տք է արդյոք պատժել Ֆինանսների նախարարությանը: Եվ, ի վերջո, պատասխանելով վերջին հարցին, պետք է միանշանակ նշենք՝ ոչ, ավելին, պատժելու փոխարեն՝ Ֆինանսների նախարարությունը գովեստի է արժանի, այն պարզ պատճառով, որ իրականացնում է իր աշխատանքը պրոֆեսիոնալ և առանց էմոցիոնալ զեղումների: Երբ ամիսներ առաջ նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների ներկայությամբ նշեց, որ աշխատավարձերի բարձրացում չի սպասվում, հանրության տարբեր շերտերը սկսեցին խիստ քննադատել, սակայն ժամանակը ցույց տվեց, որ նախարարը պարզապես չխաբեց հանրությանը և բնական է, որ մասնագիտական պատասխանը չէր համընկնում էյֆորիկ սպասումներին: Նույնը իրավիճակը նաև հիմա է, և պետք չէ նախարարությանը մեղադրել իր սթափ գնահատականների համար:
Դրանից բացի, ՀՀ ֆինանսների նախարարությունը պատասխանատվություն չի կրում կոռուպցիայի և ստվերի նվազեցման համար, այնպես որ, եթե այդ ցուցանիշի համար մեկը պետք է պատժվի, հաստատ՝ ոչ Ֆինանսների նախարարությունը: Լինելով պրոֆեսիոնալ կառույց, Ֆինանսների նախարարությունն իրականացրել է հաշվարկներ, որոնց հիման վրա էլ պլանավորել է բյուջեն և հաշվարկներում ներկայացրել է թվեր, որոնք իրատեսական են և առաջիկա ֆինանսական տարով կատարման ենթակա: Հակառակ դեպքում, պրոֆեսիոնալիզմի բացակայությամբ կարելի էր տասնյակ տոկոսանոց աճ նկարել, որն այդպես էլ ոչ միայն չէր իրականանա, այլև ընդհակառակը, լուրջ խնդիրներ կառաջացներ բյուջետային գործընթացի կատարման համար:
Հայկ Բեջանյան