«ԱՄՆ պատժամիջոցները չեն կարող շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցությունը». իրանագետ

Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Իրանի Միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու որոշումը։
Ըստ Դ. Թրամփի, Իրանի Միջուկային համաձայնագիրը, որը կնքվել էր ԱՄՆ նախորդ նախագահ Բարաք Օբամայի օրոք, «խիստ անհաջող և ձախողված» է։

Իսկ արդեն օգոստոսի 6-ին պաշտոնական Վաշինգտոնը վերականգնեց Իրանի դեմ պատժամիջոցները՝ հայտարարելով, որ պատրաստ է պատժամիջոցներ կիրառել նաև այն երկրների դեմ, որոնք կշարունակեն համագործակցել Իրանի հետ այն բանից հետո, երբ ուժի մեջ մտնեն ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները։

Օրերս էլ Երևանում ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը հայկական, վրացական և ադրբեջանական ընկերություններին հորդորեց իրանական որոշ ընկերությունների հետ առևտրային հարաբերություններ չձևավորել։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին և դրանց ազդեցությանը հայ-իրանական տնտեսական համագործակցության վրա, նկատեց, որ ցանկացած պատժամիջոցային փաթեթ Հայաստանի բիզնես շրջանակների և Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ստեղծում է որոշակի ռիսկային դաշտ։

«Բայց խոսել այն մասին, որ հենց այդ պատժամիջոցները կարող են զգալիորեն շրջադարձային կերպով խաթարել Հայաստան-Իրան տնտեսական գործակցությունը՝ տեղին չէ։ Այս համատեքստում մենք Իրանի հետ պետք է աշխատենք՝ հաշվի չառնելով Իրանի և այլ երկրների հարաբերություները, որովհետև մեր երկու պետությունների միջև առկա քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը կենսական նշանակության են թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի համար»,- ասաց իրանագետը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների երկրորդ փաթեթը վերաբերելու է Իրանի նավթի արտահանմանը, և Միացյալ Նահանգների վարչակարգը հայտարարել է, որ դրանք պարտադիր կիրառվելու են։

Ըստ իրանագետի՝ Իրանի ընդանուր արտահանման զգալի հատվածը կազմում է հենց նավթը և նավթամթերքները, և այս համատեքստում ակնհայտ է, որ Իրանի տնտեսության վրա այդ պատժամիջոցները որոշակի ազդեցություն կթողնեն։

«Պետք է նկատենք, որ Եվրամիության երկրները չեն պատրաստվում հետևել ԱՄՆ պատժամիջոցներին և շարունակում են մնալ ոչ միայն Միջուկային համաձայնագրի կողմ, այլև փորձ են կատարում շրջանցել ամերիկյան պատժամիջոցները, քանի որ դրանք միջազգային բնույթ չունեն։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա խնդրի լուծումը շատ պարզ է՝ Հայաստանում այն ընկերությունները, որոնք աշխատում են Միացյալ Նահանգների հետ, գուցե ունենան դժվարություններ Իրանի հետ գործարքներ իրականացնելիս։

Սակայն հայկական ընկերությունների զգալի մասը Միացյալ Նահանգների հետ առևտուր կամ որևէ այլ բիզնես գործարքների մեջ չէ, հետևաբար՝ այդ ընկերությունները որևէ վախ կամ անհանգստություն չպետք է ունենան Իրանի հետ իրենց հետագա համագործակցությունը շարունակելու առումով։ Մենք նույնիսկ կարող ենք հայկական բիզնեսին խորհրդատվություն տրամադրել առ այն, եթե միևնույն ընկերությունն աշխատում է երկու երկրների հետ, ապա կարելի է այդ ամենն այնպես կազմակերպել, որպեսզի ըստ էության ունենանք երկու ընկերություններ, որոնցից մեկը կաշխատի՝ Իրանի, մյուսը՝ ԱՄՆ-ի հետ»,- շեշտեց Վարդան Ոսկանյանը։

Հիշեցնենք, որ Իրանի Միջուկային համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի հուլիսի 14-ին Իրանի և վեց գերտերությունների միջև՝ Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս