«Խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ»

Հայաստանյան ներքաղաքական իրադարձություններին հետևում են նաև Հայաստանի գործընկեր երկրներում՝ ակնկալելով, որ իրադարձությունները կընթանան անցնցում հունով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ ասելով, որ վարչապետի պաշտոնից հեռանալը ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով: Նա ներկայացրել է խորհրդարանական ընտրությունների հասնելու ճանապարհային քարտեզը, ըստ որի՝ իր հրաժարականից հետո ՀՀ նախագահն անհապաղ պետք է ընդունի կառավարության հրաժարականը, առաջիկա 14 օրերի ընթացքում երկու անգամ Ազգային ժողովում վարչապետ չի ընտրվում, ինչի բերումով ԱԺ-ն արձակվում է, և ՀՀ նախագահի կողմից նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ սպասելի էր ՀՀ վարչապետի հրաժարականի քայլը, որը մեծամասամբ ներկայումս պայմանավորված է այն հանրային աջակցությամբ, որը նա ունի: Ըստ նրա, գուցե մի փոքր ավելի ուշ կամ այլ պայմաններում, երբ չլիներ նման աջակցություն, ՀՀ վարչապետն այլ որոշում կայացներ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Իսկ այդ հանրային աջակցության աստիճանը, ըստ վերլուծաբանի, նա ստուգեց օրերս խորհրդարանի մոտ հավաք հրավիրելով: Այսինքն, Մաքֆարլեյնի խոսքով, վարչապետն իր վերջնական որոշումը կայացնելուց առաջ փորձեց հանրային տրամադրությունները մայիսյան իրադարձություններից ամիսներ անց:

«Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կարող է լինել, որից ամենահավանականը ես համարում եմ այն սցենարի իրականացման հնարավորությունը, որն իշխանություններն են ուրվագծել, իսկ հակառակ տարբերակը, բնականաբար, լի է անկանխատեսելի վտանգներով, որը բացառում եմ, քանի որ իրենք՝ մյուս ուժերն են հայտարարում, որ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, եթե այլ զարգացումներ չլինեն»,- ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա, արտահերթ խորհրդարանական ընտրությունները նման ժամկետում փորձաքար կդառնան ներկայիս իշխանությունների համար և վերջնական ցուցիչ կդառնան հանրային տրամադրությունների համար, ցուցիչ, թե ինչպես են կազմակերպվում ընտրությունները, և թե ինչպիսի գործընթացներ են նախաձեռնում պաշտոնյաները՝ մեծամասնություն ստանալով խորհրդարանում: «Կարծում եմ, որ հեղափոխություն իրականացրած ուժը կստանա ձայների մեծամասնությունը, քանի որ, ինչպես արդեն նշեցի, հանրային աջակցության մակարդակը և վստահությունը բարձր է իշխանության նկատմամբ: Դա բնական է, նման իրավիճակներում հաճախ է այդպես պատահում, նույնիսկ մեծամասնություն ստանալով և ոչ այնքան մեծ ներկայացված ընդդիմությամբ՝ ցանկության դեպքում կարելի է աշխատել:

Հանրային տրամադրությունների վերաբերյալ կասեմ հետևյալը, որ մայիսից շատ ժամանակ չի անցել, հասարակությունը դեռ վերելքի զգացողությունների մեջ է, առաջին անգամ նման գործընթացի միջոցով կարողացել է երկրում խոշոր փոփոխության հասնել, և ժամանակ է հարկավոր, որպեսզի հասարակությունը, ինչպես նաև իշխանությունները, ընդդիմությունը, ողջ քաղաքական, քաղաքացիական սպեկտրն իրատեսականության տեսանկյունից հասկանան, թե ինչպես կարելի է այս փոփոխությունը վերածել երկրի համար լայնամասշտաբ բարեփոխումների բոլոր ոլորտներում:

Սակայն, ես կարծում եմ, որ այդ ժամանակը կգա արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ դրանից հետո հասարակությունն ակնկալելու է որակական փոփոխություններ սեփական կյանքում, ու իրական քննարկումները կսկսվեն հենց այդ ժամանակ»,- ասաց վերլուծաբանը:

Իր հերթին՝ ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ իշխանություններն արագացրեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը, քանի դեռ ունեն վստահություն ժողովրդի կողմից:

«Իսկ ժամանակը նման դեպքերում աշխատում է իշխանությունների դեմ, քանի որ հսկայական աշխատանք կա անելու, իսկ հասարակության սպասումներն ավելի մեծ են, քան նախկին իշխանություններից: Հասարակության այն հատվածը, որն իշխանության հետ է, ակնկալում է, որ իր կյանքում լուրջ որակական փոփոխություն է լինելու հեղափոխության ավարտից հետո, ինչպես իշխանություններն են պնդում:

Թե ինչպես կընթանան զարգացումները՝ դժվար է ասել, բայց դժվար չէ ենթադրել, որ կարճ ժամանակահատվածում հեշտ չի լինելու հսկայական բարեփոխումներ իրականացնել, ուստի, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո ևս լինելու են զարգացումներ, որն իմաստություն է պահանջում իշխանություններից: Հարկավոր են լավ ծրագրեր, լավ կադրեր, ճիշտ քաղաքականություն այդ ամենն իրականացնելու համար: Ամենակարևորն այն է, որ հասարակությանը չհիասթափեցնելու համար հարկավոր են թեկուզ փոքր, բայց կյանքի որակի վրա ազդող փոփոխություններ, այլապես կլինի հիասթափություն, բողոքի ալիք:

Ուստի ես այն համոզմանն եմ, որ ճիշտ մշակված քայլերի դեպքում կարելի է խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո սկսել իրականացնել քայլեր, որը հասարակությանը կլցնի ապագայի նկատմամբ հավատով ու համբերությամբ, որը թույլ կտա իրականացնել երկարաժամկետ աշխատանք, որի կարիքը կա»,- ասաց վերլուծաբանը:

Մալաշենկոն նաև այն կարծիքին է, որ բարեփոխումները կարող էին սկսված լինել, սակայն իշխանությունը կենտրոնացավ քաղաքական խնդիրների լուծման վրա` նախապատրաստվելով Երևանի ավագանու ընտրությունների և քաղաքական սպասվող գործընթացների, թիմը ամբողջացնելու վրա: «Դա բավականին ժամանակատար էր»,- ասաց Մալաշենկոն:

Նրա խոսքով, Մոսկվայի տեսանկյունից, հաշվի առնելով այն խնդիրները, որոնք կան հայ-ռուսական հարաբերություններում, ցանկալի կլիներ այն ընդդիմության էական ներկայացվածություն խորհրդարանում, որի հետ Մոսկվան նախկինում աշխատել է, որպեսզի իշխանությունը չունենար այնպիսի մեծամասնություն, որը, շատերը մտածում են, թե կունենա: Սակայն դա, ըստ նրա, ներկայումս անհնար է թվում: «Բայց Մոսկվան հանգիստ է այս հարցերում, քանի որ նկատում է, որ իրադարձությունները դեռ զարգանում են»,- ասաց Մալաշենկոն:

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը նշեց, որ ԵՄ-ն սովորաբար առողջ քաղաքական համակարգի և գործընթացների կողմնակից է, որտեղ կա իշխանություն, ընդդիմություն, արտախորհրդարանական ազդեցիկ ակտիվ ուժեր, քաղաքացիական հասարակություն: «Բայց սրանք նաև արտասովոր քաղաքական զարգացումներ են. ԵՄ-ին մնում է հետևել և տեսնել, թե ինչ է տեղի ունենալու»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս