Բաժիններ՝

Փաշինյանը փոխե՞լ է Լենինգրադյան փողոցն անվանափոխելու՝ իր նախկին մտադրությունը

Դեռևս նախորդ տարի «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի քաղաքապետարան ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկում էր մայրաքաղաքի Լենիգրադյան փողոցն անվանակոչել Արցախի ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով։

2017թ. օգոստոսի 29-ին այն ժամանակ դեռևս ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց փողոցների անվանափոխելու անհրաժեշտության մասին:

«Մենք առաջարկում ենք․

1. Երևանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անունով։

2. Երևանի Անաստաս Միկոյան փողոցն անվանափոխել Քըրք Քըրքորյանի անունով։

3. Երևանի Ֆրունզե փողոցն անվանափոխել Ապրիլյան Հերոսների փողոց։

4. Երևանի Ամիրյան փողոցն անվանափոխել Վռամշապուհ արքայի անունով։ Ի դեպ, 90-ականների սկզբին փողոցն արդեն իսկ անվանափոխված է եղել Վռամշապուհ արքայի անունով։

5. Երևանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անունով։

6. Իսակովի Պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող փողոցը անվանակոչել Մոնթե Մելքոնյանի անունով։

Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցությունը առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար»,- գրել էր Փաշինյանը։

Հատկապես լուրջ քննարկումների արժանացավ Լենինգրադյան փողոցն ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանափոխելու հարցը։ Մշակութային, հասարակական-քաղաքական բազմաթիվ գործիչներ ելույթներով հանդես եկան, դատապարտեցին արդեն նախկին իշխանություններին՝ Ռուսաստանին, Վլադիմիր Պուտինին չնեղացնելու նպատակով ժողովրդի պահանջը չկատարելու համար։

Ստորագրահավաք կազմակերպվեց, հարցումներ արվեցին, քաղաքային իշխանությունները, սակայն, արդեն նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ չկատարեցին հազարավոր քաղաքացիների և այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերի այդ պահանջը։ Տարոն Մարգարյանն անդրադառնալով Լենինգրադյան փողոցին՝ ասել էր, որ անվանափոխությունը նպատակահարմար չեն գտնում և չեն պատրաստվում դիմել այդ քայլին` մասնավորապես ընդգծելով, որ Երևանն ու Սանկտ Պետերբուրգը համագործակցում են և քույր քաղաքներ են:

Հարցն աշխարհաքաղաքական հարթություն էր տեղափոխվել։ Այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» ընդդիմադիր խմբակցության անդամ, այժմ՝ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը գործող իշխանությունների նկատմամբ լուրջ մեղադրանքներ հնչեցրեց:

«Իշխանությունները որոշակի զգուշավորություն ունեն Ռուսաստանի և Ռուսաստանի անցյալի հետ կապված փոփոխությունների հարցում, սակայն, ինչպես նորանկախ Հայաստանում վերացվեց Լենինի արձանը, այնպես էլ Լենինի անվան հետ կապված մյուս հուշերը պետք է թողենք պատմության գրկում»,- ասել էր նա՝ ավելացնելով, որ Լեոնիդ Ազգալդյանի` «Սա Հայաստան է և վերջ»-ը պետք է ծածանվի նաև ներկայիս Լենինգրադյան փողոցում. «Մեր հերոսը ևս մեկ բան կփոխի` իր արյամբ ձեռք բերված նորանկախ Հայաստանի հետ կապ չունեցող անունը փոխելով իր անվամբ»:

Լենինգրադյան փողոցը, այնուամենայնիվ, այդպես էլ չանվանափոխվեց Լ. Ազգալդյանի անունով, փոխարենը ավագանու որոշմամբ հերոսի անունով կոչվեց Երևանի Սարալանջի փողոցից մինչև Լեռ Կամսարի փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչը նախաձեռնության հեղինակների սրտով չէր։

168.am-ի հետ զրույցում «Լենինգրադյան փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով» կոչելու նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը փաստեց, որ փողոցներն անվանափոխելու հետ կապված առաջարկություններից Երևանի նախորդ իշխանությունների կողմից մի քանիսն ընդունվել էին։

«Նախորդ քաղաքապետի օրոք արդյունքն այն եղավ, որ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի անվան փողոց ունենալու առաջարկը հաստատվեց, իսկ Լ. Ազգալդյանի անվան փողոցը, որը նախատեսել էինք Լենինգրադյանը՝ պարզապես չընդունվեց։ Իսկ այն փողոցը, որը կոչվեց Ազգալդյանի անունով, մենք համաձայն չէինք, քանի որ այդ ամենը «ֆիշկա» դնելու մոտեցում էր։ Ազգալդյանի անունով շատ ավելի լուրջ փողոց պետք է անվանակոչվեր»,- նշեց Տ. Մարտիրոսյանը։

Դիտարկմանը, թե արդյո՞ք նախաձեռնության անդամները պատրաստվում են նույն առաջարկը ներկայացնել նաև Երևանի նոր քաղաքապետ Հայկ Մարությանին, Տիգրան Մարտիրոսյանը պատասխանեց, որ առաջիկայում կփորձեն այդ հարցը կրկին բարձրաձայնել, հատկապես այն դեպքում, երբ ընտրված ավագանիում կան այնպիսի մարդիկ, որոնք նախկինում նախաձեռնության անդամ են եղել։

«Չնայած, առանջնահերթությունների հետ կապված, շատ ավելի կարևոր հարցեր կան, սակայն այս հարցն էլ օրակարգում կպահենք։ Կարծում եմ՝ պետք է գնալ հետևյալ տարբերակով, քանի որ ներդրվելու է հանրաքվեի ինստիտուտը, կարելի է ինչ-որ փաթեթի մեջ ներառել նաև Լենինգրադյան փողոցն Ազգալդյանի անունով անվանակոչելու հարցը, և երևանաբնակները թող այդ հարցը որոշեն քվեարկությամբ։ Քանի որ նախկինում անվանափոխության հետ կապված կային կողմ և դեմ արտահայտվողներ, սակայն իմ տեսանկյունից՝ կողմ արտահայտվողներն ավելի շատ էին։ Իրատեսական եմ համարում, որ անվանափոխությունը տեղի կունենա, եթե, իհարկե, ամեն ինչ գնա իմ սցենարով, միգուցե այլ ընթացք ունենա»,- շեշտեց Տ. Մարտիրոսյանը։

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ միայն Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց անվանակոչելու հարցը չէ։ Նրա կարծիքով՝ Երևանի փողոցների անվանակոչության սկզբունքային մոտեցման հարց պետք է առաջ քաշել, քանի որ ժամանակին «Ելք» խմբակցությունը ներկայացրել էր փաթեթային առաջարկություն։

Անահիտ Բախշանն էլ անդրադառնալով Լենինգրադյան փողոցը Լ. Ազգալդյանի անունով չանվանափոխելու պատճառներին՝ փաստեց, որ նախորդ իշխանություններն այդ քայլին չգնացին, քանի որ մտածում էին, որ դա լուրջ մարտահրավեր կլինի Ռուսաստանին, և չցանկացան հարաբերությունները վատացնել ՌԴ-ի հետ։

«Դրա հետևանքով մեր հերոսի՝ անկախության խորհրդանիշներից մեկի անունով էլ չունեցանք կենտրոնական փողոց, փոխարենն ունեցանք կորած-մոլորված փողոց, որը համարվեց «հերոսական» քայլ, որ հերոսի անունով փողոց են անվանակոչել, սա շատ սխալ էր»,- շեշտեց Ա. Բախշյանը։

Հարցին, թե արդյոք Երևանի նոր քաղաքապետին առաջիկայում կներկայացնի՞ առաջարկ՝ Լենինգրադյան փողոցն անվանափոխելու հետ կապված, Ա. Բախշյանը նկատեց, որ այլևս Երևանի ավագանու անդամ չէ, հետևաբար՝ անձնապես չի կարող նման առաջարկ ներկայացնել։

«Եթե Երևանի «Լույս» դաշինքը նման նախագիծ ներկայացնի, իհարկե, կկանգնեմ այդ նախագծի կողքին»,- եզրափակեց Ա. Բախշյանը։

Չնայած այս թեմայով մեզ չհաջողվեց զրուցել նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, հասկանալու համար, թե ինչ մտադրություններ ունի Լենինգրադյանը Լ. Ազգալդյանի անունով փոխելու հետ կապված, սակայն զրուցեցինք Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, «Հովեր» պետական կամերային երգչախմբի երգիչ, դերասան Արթուր Մանուկյանի հետ։

Ըստ նրա, այսօր Լենինգրադ քաղաքն արդեն չկա, բայց Լենինգրադյան փողոցը Երևանում կա, ինչը, նրա բնորոշմամբ, արդեն աբսուրդի ժանրից է։

«Իհարկե, մենք պետք է գնահատենք մեր արժանավոր մարդկանց, այս հարցը մենք կքննարկենք, և միահեծան որոշումներ հաստատ չեն լինելու։ Պետք է հաշվի առնենք բոլորի տեսակետները, որպեսզի գոհացնող հանգուցալուծում ունենանք»,- նշեց «Իմ քայլը» դաշինքի անդամը։

Հարցին, որ ներկայիս իշխանությունները նախկիններին մեղադրում էին՝ ասելով, որ փողոցը չեն անվանափոխում, քանի որ վախենում են, թե այդպիսով Ռուսաստանի հետ հարաբերությունները կվատանան, արդյո՞ք այս պարագայում ներկայիս իշխանությունները չպետք է փոխեն փողոցի անունը, և մի՞թե չկա նույն մտավախությունը, որ այսօր էլ նման քայլով ՌԴ-ի հետ հարաբերությունները կվատանան, Արթուր Մանուկյանը նկատեց, որ «վախի վրա կառուցած ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման»։

«Եթե ռուսները խնդիր կունենան, մեզ կասեն, կնստենք ու նրանց հետ էլ կխոսենք։ Ռուսները մեր գործընկերներն են, մեր թշնամիները չեն, բայց սա չի նշանակում, որ մենք նրանցից պետք է վախենանք։ Մենք կարող ենք ռուսներին սիրել, բայց վախենալ չենք կարող և նման բան թույլ չենք կարող տալ, սա կործանարար ճանապարհ է»,- նշեց Ա. Մանուկյանը։

Այս հարցի վերաբերյալ փորձեցինք ճշտել նաև ՀՀ վարչապետի տեսակետը, հասկանալու համար՝ արդյո՞ք պնդում է իր նախկին կարծիքը, և անհրաժեշտություն կա՞ Լենինգրադյան փողոցն այսօր անվանափոխել։

Սակայն մեզ հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը նշեց, որ վարչապետի օրակարգն այնքան հագեցած է, որ այս հարցին չի անդրադարձել, և խորհուրդ տվեց հարցն ուղղել Երևանի քաղաքապետարանին։

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս