«Բոլթոնը կծանոթանա ՀՀ նոր իշխանությունների հետ, կհասկանան միմյանց դիրքորոշումները». Թևան Պողոսյան
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջանային է, և, բնականաբար, փորձելու է ամերիկյան շահերը ներկայացնել այստեղ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
Ըստ նրա՝ Բոլթոնը կծանոթանա ՀՀ նոր իշխանությունների հետ, կհասկանան միմյանց դիրքորոշումները, տեսակետները և այլն, կքննարկեն հայ-ամերիկյան օրակարգի խնդիրները, հավանաբար, կարծարծվի նաև Ղարաբաղյան հակամարտության խնդիրը, քանի որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է։
«Չկա կոնկրետ մեկ շեշտադրում։ Սա առաջին այցն է լինելու, և, բնականաբար, բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ուրախ կլինեմ, որ ՀՀ իշխանությունները, մեր բոլորի շահերից ելնելով, ներկայացնեն առկա խնդիրները և ըստ դրա՝ հասկանան նաև, թե ինչպես պետք է զարգացնեն հայ-ամերիկյան հարաբերությունները»,- ասաց Թ.Պողոսյանը։
Հարցին, թե ի՞նչ արդյունք կարելի է արձանագրել ՀՀ նախագահի ԱՄՆ այցից, Թ.Պողոսյանը հիշեցրեց, որ արտաքին քաղաքականությունը ՀՀ նախագահի իրավասության ներքո չէ, Բոլթոնի հետ էլ հանդիպում չի եղել ԱՄՆ-ում։
«Ցանկացած տեսակի հանդիպում պետք է օգտագործել հայկական շահերը ներկայացնելու համար։ Սա է գլխավոր խնդիրը»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան մեկնարկելու է հոկտեմբերի 20-ին։