
Արգենտինայի Տուկուման նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել

Արգենտինայի Տուկուման նահանգի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ է ընդունել` հավատարիմ մնալով Արգենտինայի ազգային օրենքին, որով ամեն տարվա ապրիլի 24-ը ի հիշատակ Հայոց ցեղասպանության հայտարարվում է «ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օր»: Այս մասին հայտնում է asbarez.com-ը:
«Արգենտինայում մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի կետերից մեկը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, ուստի նահանգների հավատարմությունը ոչ միայն հանրօգուտ գործողություն է, այլեւ դրանով ամրագրվում է հավատարմությունը 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած մարդկային ողբերգությունների դատապարտմանը, որոնք սերտորեն փոխկապակցված են ավելի ուշ տեղի ունեցած դեպքերի հետ: Տուցումանի այս կարեւորագույն քայլը միտված է դրան», – ասել է Արգենտինայի հայ դատի հանձնախմբի ղեկավար Նիկոլաս Սաբունջյանը:
Բանաձևի նախագիծը ներկայացրել են օրենսդիրներ Օսվալդո Մորելին, Իռեն Մեդինան, Սանդրա Մենդոսան և Սառա Ասանը: Տուկումանը դառնում է Արգենտինայի 21-րդ նահանգը, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունում: