«Հակահեղափոխությունը բացահայտ հարձակման է անցնում». Արա Պապյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակն ավելի է լարվելու, քանի որ ոչ իշխանական ուժերը, ըստ նրա՝ սաստկացնելու են իրենց պայքարը։

«Հրաժարական տալու և նոր վարչապետ չառաջադրելու միջոցով արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ես ռիսկային եմ համարում, որովհետև վստահություն կա, որ նրանք անպայմանորեն կառաջադրեն իրենց թեկնածուն, ինչը կանխելը դժվար է լինելու։ Անհնարին ծրագիր է՝ երկու շաբաթ շրջափակած պահել ԱԺ շենքը և թույլ չտալ, որ վարչապետի ընտրություն տեղի ունենա։ Պարտադիր չէ, որ բոլորն այնտեղ ներկա գտնվեն, բավարար է, որ քվորում լինի, մյուսներն էլ իրենց քվեն գրավոր ձևով ուղարկեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

Արա Պապյանի խոսքով՝ եթե այդ երկշաբաթյա ժամկետում վարչապետի թեկնածու ներկայացվի մյուս ուժերի կողմից, ապա բախումներն անխուսափելի են։

«Պետք է դուրս գալ կաղապարներից և գործել այն տրամաբանությամբ, որ երկրում հեղափոխություն է կամ հեղափոխության փորձ։ Ապօրինության վրա չի կարող օրինականություն խարսխվել։ Ակնհայտ է, որ մեզ մոտ տարիներ շարունակ եղել է ապօրինություն, այն Սահմանադրությունը, որի վրա Նիկոլ Փաշինյանն ուզում է խարսխել իր ողջ գործունեությունը, ապօրինի է։ Այդ համոզումը ժողովրդի մեջ եղել է, նաև ԱԺ ընտրություններն են եղել ապօրինի։ Հիմա այդ ապօրինությունն ինչո՞ւ պետք է դառնա օրինականության և մեր գործունեության հիմք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պլեբեսցիտ պետք է լինի՝ ժողովրդի կամքի փաստաթղթավորված ամրագրումն ունենալու համար։

Կարդացեք նաև

«Այսինքն՝ հարց ես դնում, ժողովուրդը քվեարկում է, և դա կարող է տեղի ունենալ 5 օրվա ընթացքում։ Դրա հիման վրա ստանում ես մեկ անգամ ևս գործելու մանդատ, և արդեն քո իրավունքի ուժով՝ որպես վարչապետ, լուծարում ես խորհրդարանն ու ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնում։ Եթե ամեն ինչ թողնենք այդպես զարգանա, ապա հանդիպակաց  կամ հակահեղափոխական ուժերը կարող են այնպիսի գործողություններ անել, որ անգամ մեր մտքով չի անցնում. պետք է զգուշանալ և պատրաստվել»,- ընդգծեց նա։

Վիճակը, ըստ նրա՝ օրըստօրե փոխվում է. «Հակահեղափոխությունը բացահայտ հարձակման է անցնում, մարդիկ, որ այսօր պետք է սեղանի տակ թաքնված լինեին, սպառնում են։ Սա արդեն վտանգում է ոչ միայն հեղափոխությունը, այլև բոլորիս։ Չի կարելի հետհեղափոխական վիճակը կառավարել նախահեղափոխական, հատկապես՝ հատուկ մարդկանց համար կարված-ձևված օրենքներով և Սահմանադրությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս