«Ո՛չ, մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաճամը և կլուծենք». Նիկոլ Փաշինյան

«Այսօր պարոն Աշոտյանն ակնարկում էր, որ կարող է՝ մենք այնքան էլ ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում՝ եթե մենք խոսում ենք և իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի խոսակցությունը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բանակցությունների ընդհատման մասին խոսակցություններ չեն եղել, և այսօր նման պլաններ չկան, բայց քանի դեռ հստակ ազդակներ չկան, որ իրենք իրար ճիշտ են հասկանում և գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, այդ խոսակցության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ:

Ն.Փաշինյանը նշեց, որ իրենք գնալու են առաջ իրենց հունով, և ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական պահանջ է. «Ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»:

Ըստ նրա՝ եթե կան ուժեր, որոնց օրակարգում չկա դեկտեմբերին ընտրությունների մասնակցելը, իրենք չեն մասնակցի:

Հարցին՝ հնարավո՞ր է ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն առաջադրեն վարչապետի իրենց թեկնածուին, Ն.Փաշինյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն իր թեկնածուին առաջադրել էր և մի բան էլ ընտրել էր, դրանից ի՞նչ փոխվեց: Հիմա ավելի լավ իրավիճակ է, քան ունեինք ապրիլ-մայիսին»:

Կառավարության անդամների նոր թեկնածուների հարցը, նրա խոսքով, քննարկվում է, կուսակցական պատկանելությունն առաջնային չի լինելու հետագա կադրային քաղաքականության մեջ, այլ առաջնային լինելու է պրոֆեսիոնալ կարողությունը, ինչը չի նշանակում, որ կառավարությունում կուսակցական չի լինելու, ինչը չի նշանակում, որ կուսակցական է լինելու:

Վարչապետը հայտարարեց, որ իրենց գործողությունների սցենարը հրապարակված է, և քանի դեռ չեղյալ հայտարարված չէ, ուժի մեջ է: Նա հարցադրում արեց. «Իսկ ո՞վ է ասել, որ ես այդ սցենարն իրենց հետ համաձայնեցրել եմ: Երեկ ես իրենց տեղեկացրել եմ ՀՀ-ում հաստատված նոր քաղաքական իրավիճակի մասին, և ասել եմ, թե ինչ ենք պատրաստվում անել: Նրանք էլ ասել են, որ այս իրավիճակում իրենք չեն պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել, և ասել են շատ հստակ, և, եթե իրենք ուզում են վարչապետի թեկնածու առաջադրեն, թող փորձեն առաջադրեն:

Քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունեցել, քաղաքական ճգանաժամը խորանում է, և այն հաղթահարելու միակ տարբերակը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»:

Ն.Փաշինյանը նշեց, որ հենց խոսք էր լինում, թե իրենք ինչ են ակնկալում, ինքն ասում էր՝ դեկտեմբերին լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կա երկու տարբերակ՝ կա՛մ գնում են համագործակցության մթնոլորտում, կա՛մ գնում են ոչ համագործակցության մթնոլորտում: Համագործակցության մթնոլորտը, ըստ նրա, այն է, որ գնում են՝ բարելավելով Ընտրական օրենսգիրքը, եթե ոչ՝ ոչ: Նա նշեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները պետք է ընդունի Ազգային ժողովը, միջազգային կազմակերպությունները կարող են ցանկացած փոփոխություններ առաջարկել, իրենք որևէ խնդիր չունեն, որ ԸՕ-ն համապատասխանի միջազգային չափորոշիչներին:

Դիտարկմանը, որ հենց ինքն էր հայտարարում, որ ընտրությունները պետք է անցկացվեն մայիսին, քանի որ կուսակցություններին ժամանակ է պետք ընտրություններին պատրաստվելու և էյֆորիան անցնելու համար, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ, որ առաջիկա 15 տարում հետհեղափոխական էյֆորիան չի անցնելու, ինչը չի նշանակում, որ 15 տարի Հայաստանում ընտրություններ չեն լինելու»:

Վարչապետը մտավախություն չունի ընդդիմություն չլինելու առումով, քանի որ Սահմանադրությամբ ԱԺ առնվազն 1/3-ն ընդդիմություն պետք է լինի, չի կարող ոչ ոք չլինել, նույնիսկ, եթե որևէ մեկը 0.3% ձայն հավաքի, նա 30% ներկայացված է լինելու ԱԺ-ում. «Ժողովուրդը, կարծում եմ, կկատարի իր ընտրությունը, և եղած սահմանադրական երաշխիքներով մենք կունենանք պատշաճ խորհրդարան»:

Թե ի՞նչ է լինելու, եթե մայիս-հունիսին լինի ընտրությունները՝ հարցին, Ն.Փաշինյանը պատասխանեց, որ երեկ տեսան կառավարության և ԱԺ համագործակցությունը, որ ԱԺ-ն որոշել էր կառավարությունից թաքուն փոփոխություն անել, հրատապության ռեժիմով, իրենք զգուշացրել են չգնալ այդ ճանապարհով, որովհետև դրա վերջում լինելու է այն, ինչ եղավ, և ինքը դրա մասին հարկ է համարել տեղյակ պահել:

Հարցին՝ ՀՀ նախագահը կարո՞ղ է չստորագրել նախարարների ազատման հրամանները, վարչապետը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ՀՀ նախագահը որևէ բան անի ՀՀ քաղաքացիների դեմ»:

«Ով դեմ է հիմա ընտրություններ անցկացնելուն, կողմ է քաղաքական ճգնաժամը մի 8 ամիս էլ շարունակելուն: Մենք համաձայն չենք այդ տրամաբանության հետ: Համենայն դեպս, նրանք, ովքեր այդ տրամաբանությամբ են առաջնորդվում, իրենց նեղ խմբային շահերն ավելի բարձր են գնահատում հանրային շահերից»:

Հարցին՝ մտավախություն կա՞, որ մայիսին օրենսդիրն անվստահություն կհայտներ Փաշինյանին, վարչապետը պատասխանեց. «Երկրում հաստատված է ճգնաժամ, ես չեմ կարող հասկանալ այն մարդկանց, որոնք ասում են՝ մի՛ լուծեք այդ ճգնաժամը: Ո՛չ, մենք պատրաստվում ենք լուծել այդ ճգնաճամը և կլուծենք»:

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիները լիարժեք պատրաստ են և պլան «ա»-ին, պլան «բ»-ին, և անգամ պլան «գ»-ին: Երեկվա իրադարձությունների ստվերային որևէ շարժիչ նրան չի հետաքրքրում, իսկ ԱԺ-ում ներկայացված մյուս ուժերի մասին վարչապետն ասաց. «Իմ կարծիքն այն է, որ նրանք նորից սխալվեցին»:

Տեսանյութեր

Լրահոս