Բաժիններ՝

Բյուջե 2019-ի «համն ու հոտը»: Կառավարությունը զգուշավո՞ր է դարձել

Սեպտեմբերի 27-ին կայացած կառավարության նիստում գործադիրի հավանությանն արժանացավ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը կառավարության բյուջետային ուղերձը, որը առաջիկայում կանցնի քննարկման փուլերով և կհաստատվի ազգային ժողովի կողմից: Առաջին հայացքից ներկայացված փաթեթը աչքի է ընկնում առավել զգուշավոր մոտեցումներով, ինչը վերաբերում է ինչպես տնտեսության զարգացման կանխատեսումներին, այնպես էլ՝ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների կառուցվածքին: Թե ինչո՞ւ ենք համարում զգուշավոր, և ինչ «համ ու հոտ» ունի ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքը, դեռևս առիթ կունենանք ներկայացնելու: Նախագծի կառուցվածքին, հիմնական մոտեցումներին և դրանից ակնկալվող արդյունքներին կանդրադառնանք հետագա առավել նեղ, ոլորտային քննարկումների և վերլուծությունների միջոցով, իսկ մինչ այդ համապարփակ անդրադառնանք հասարակության համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող 3 ուղղություններին՝ տնտեսական զարգացումներ, բյուջեի եկամուտներ և ծախսեր և պետական պարտք:

Տնտեսական զարգացումներ: Նախագծի համաձայն կառավարությունը 2018 թվականի համար կանխատեսում է 6.5 տոկոս տնտեսական աճ, որի համար հիմք են հանդիսացել ներքին տնտեսական զարգացումները, մասնավորապես` 2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի բարձր աճը (7.7%), ինչպես նաև արտաքին աշխարհից սպասվող զարգացումները, մասնավորապես՝ հիմնական գործընկեր երկրների և աշխարհի տնտեսական աճի կանխատեսումները և հումքային ապրանքների գների աճը: 

2019 թվականին կանխատեսվում է 2018 թվականի համե¬մատ ՀՆԱ-ի 4.9% իրական աճ, ինչի արդյունքում տնտեսական աճը կմոտենա իր ներուժային մակարդակին, իսկ անվանական ՀՆԱ-ն կկազմի 6,756.2 մլն դրամ: Տնտեսական աճի կանխատեսումներում հաշվի են առնվել ներդրումների աճի միտումները, ՀՀ կառավարության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև գործընկեր երկրների տնտեսական աճերի և հումքային ապրանքների գների զարգացման միտումները:
Միջին գնաճը 2018 թվականին սպասվում է 2.7 տոկոս, իսկ 2019 թվականի համար՝ 3.5 տոկոս:

Եկամուտները, ծախսերը և դեֆիցիտը: ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1,462.4 մլրդ դրամ եկամուտներ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով` 1,396.8 մլրդ դրամ:

Հաշվի առնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտների կանխատեսվող մակարդակը և դեֆիցիտի ու պետական պարտքի նպատակային ցուցանիշները, ՀՀ կառավարությունը 2019 թվականի պետական բյուջեի ծախսերի ծավալը առաջարկում է սահմանել 1,613.4 մլրդ դրամի չափով:

Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակութային բնագավառի ծախսերին՝ ընդհանուր ծախսերի շուրջ 44 տոկոսը: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը: Տնտեսության իրական հատվածի համար՝ շուրջ 12,3 տոկոսը, պետական բյուջեի ծախսերի մոտ 10 տոկոսը կօգտագործվեն պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին՝ դոտացիայի տեսքով: Պետական իշխանության մարմինները կօգտագործեն պետական բյուջեի ծախսերի 5,8 տոկոսը:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.24 %-ի չափով և կազմում է 151.6 մլրդ դրամ: 2019 թվականին պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը փոխառու միջոցների հաշվին կկազմի 225.1 մլրդ դրամ, ինչը կիրականացվի պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին՝ 70.0 մլրդ դրամ, և արտաքին վարկերի հաշվին՝ 155.1 մլրդ դրամ:

Պետական պարքը: ՀՀ 2019թ. պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 3,409 մլրդ դրամ (7,053 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 55.0%-ը, իսկ 2019 թվականի տարեվերջին այն կկազմի 3,610 մլրդ դրամ (7,468 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 53.4%-ը: 

Ըստ կանխատեսումների` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3,361 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.7 տոկոսը, և 2018 թվականի տարեվերջի համեմատությամբ՝ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի 0.9 տոկոսային կետով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս