Ինչու է կայուն դրամը

Քաղաքական կրքերը կրկին հանգում են: Առժամանակ, իհարկե: Իշխանություններն անհրաժեշտության դեպքում առայժմ երաշխավորված հնարավորություններ ունեն դրանք ոգեկոչելու: Բերման ենթարկված-ձերբակալված ու ապա ստորագրությամբ, կամ գրավի դիմաց ազատ արձակված բազում հրապարակային կերպարներ կան: Քաղաքական ու քրեական կերպարներ:

Նրանց (հատկապես՝ քաղաքականաօլիգարխիկ կերպարների) հանդեպ քրեական պատասխանատվության հասարակական սպասումը դեռ երկար վառ կմնա: Փոխարենը՝ զուտ սոցիալ-տնտեսական ոչ մի միջադեպ հասարակական մասշտաբներ չի ստանում: Կառավարության շենքի դիմաց մեկ փոխհատուցման սպասումով արծվաշենցիներն են հավաքվում, կամ կարկտահարված որևէ գյուղի բնակիչներ: Կամ էլ՝ միջքաղաքային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային կազմակերպությունների վարորդներ: Բայց այս բողոք-ցույցերը մասշտաբ չունեն: Այդ պատճառով էլ անգամ լրատվամիջոցներում պատշաճ ուշադրության չեն արժանանում: Մեր երկրում համընդհանուր սպասումի փուլում են բոլոր ոլորտները` մշակույթից մինչև տնտեսություն: Տնտեսական սպասումներից ամենակարևորը, թերևս, ներդրումներն են: Բայց պարզվեց, որ արտասահմանյան ներդրումների սպասումը պատկերացրածից ավելի երկար է տևելու: Տնտեսության ոլորտի բոլոր փորձագետները՝ հին ու հայտնիներից մինչև նորաթուխ անփորձները, շուտասելուկի նման նույն տեքստն են կրկնում: «Ֆինանսները կայունություն ու խաղի հասկանալի կանոններ են սիրում»,- բացատրում են նրանք մեզ:

Սա հաստատ գիտեին նաև նոր իշխանությունները: Հեղափոխությունից հետո կադրային առումով ամենաքիչ փոփոխությունների ենթարկվեց հենց տնտեսության ֆինանսական ոլորտը: Սա, իհարկե, դրական քայլ էր: Այսօր արձանագրվող ֆինանսական կայունությունը գուցե հենց դրանով է պայմանավորված: Մենք սիրում ենք շեշտել, որ մեր հեղափոխությունը յուրահատուկ էր, զգլխիչ ու զարմանալի: Բայց ավելի շատ սիրում ենք, երբ որևէ արտասահմանցի է նման բառապաշարով խոսում մեր հեղափոխության մասին: Մեր չափ նաև նրանք են զարմացած: Հատկապես արտասահմանյան տնտեսագետ վերլուծաբանները: Հեղափոխությունից հետո պաշտոնական վիճակագրությունը տնտեսական ակտիվության ցուցանիշների աճ է արձանագրում: Վարչապետը, կարծեմ, երկնիշ աճի մասին էր խոսում: Կենտրոնական բանկն էլ, իր հերթին՝ ընդունում է, որ այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը բարձր է՝ 8,3 տոկոս: Իսկ այս տարվա հունվար-օգոստոսի ցուցանիշի աճը, նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ, 7,7 տոկոս է: Համարյա հպարտանալու թիվ է: Բայց այն ավելի պանծալի կլիներ, եթե այս տարվա օգոստոսին գնաճը 0,6 տոկոս չկազմեր:

Ախր, օգոստոսը (գյուղատնտեսական բերքահավաքի մյուս ամիսների նման) նախորդ տարիներին սովորաբար, գնաճի հակառակ, գնանկում էր արձանագրում: Անցած տարվա օգոստոսին, օրինակ, պաշտոնապես 0,4 տոկոս գնանկում է եղել` այս տարվա 0,6 տոկոս գնաճի տեղ։ Սույն փաստն արձանագրելով՝ ԿԲ-ն երկրի բնակչությանն անմխիթար միայնության մեջ չի թողնում «գնաճի հրեշի» դեմ հանդիման: Մեզ բացատրում են, որ «գնաճը շարունակում է մնալ կանխատեսված ցուցանիշների մակարդակում»: Իսկ կանխատեսված ցուցանիշը 4 տոկոս է: Ասեք, որ առանձին շնորհ է պետք ունենալ գնաճի տարեկան նպատակային ցուցանիշի հաշվարկի այսքան «ճշգրիտ» մեթոդ կիրառելու համար:

Անցած տարվա վերջում, 2018թ. պետբյուջեի նախագիծ մշակելիս, մեր տնտեսության ղեկավարները չորս տոկոսանոց գնաճը հաշվարկել ու հայտարարել են կանխատեսված ցուցանիշ, որովհետև գիտեին, որ նախորդ տարիների նման գյուղմթերքի բերքահավաքի ամիսներին գնանկում է արձանագրվում: Այս տարի անկման փոխարեն՝ գնաճ արձանագրվեց, բայց միևնույն է՝ հաշվարկել ու մեզ տեղեկացրել են, որ օգոստոսի վերջին 12-ամսյա գնաճն ավելանալով՝ դարձել է 3,3 տոկոս: Այսինքն՝ դեռ 0,7 տոկոս «աճելու» տեղ կա: Անկեղծությունը մեզ պարտադրում է խոստովանել, որ մեր երկրի տնտեսությունն իր բոլոր ատրիբուտներով ավելի կայուն է, քան երկրի քաղաքական համակարգը: Խոսքը և մի քանի հանրաքվեներով փոխված Սահմանադրության, և հեղափոխական իշխանափոխության մասին է:

Որպես ապացույց՝ տեսեք, թե որքան կայուն է ազգային դրամի փոխարժեքը տարադրամի նկատմամբ: Այս փաստն արձանագրվեց սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ԿԲ խորհրդի նիստում, երբ որոշվեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այն կրկին վեց տոկոս է: Հիմա վստահ կարելի է պնդել, որ մեր երկրի ֆինանսական համակարգի վրա ո՛չ միջազգային տնտեսական ճգնաժամերն են ազդում, ո՛չ ներքին քաղաքական գործընթացները: Դասական տնտեսագիտության իմաստով, սա գուցե բացատրություն չունի, բայց մեր պարագային այն լիովին հնարավոր է:

Բառացիորեն խորհրդի նիստի հաջորդ օրը ԿԲ-ն հայտարարեց, որ «դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքը կայուն է, եվրոն աննշան թուլացել է»: Բայց դա էլ եվրոյի մասնավոր ու աննշան ողբերգությունն է, և ամենևին էլ կապ չունի մեր տնտեսական կայունության հետ: Հատկապես, որ մեր նոր իշխանությունների տնտեսական քաղաքականությունն առայժմ հստակ հայտարարված չէ:

Չի բացառվում, որ հենց տնտեսական կայունությունն է իշխանություններին «ստիպում» առայժմ չշտապել տնտեսական նոր ու ամբողջական ծրագրերի մշակման հարցում: Հնարավոր ներդրումների խոստումներն ու դրանց սպասումն առայժմ չի ազդում ֆինանսատնտեսական կայունության վրա: Բայց սա հաստատ այն կայունությունը չի, որին սպասում են արտերկրյա հնարավոր ներդրողները: Եթե, իհարկե, սպասում են:

Տեսանյութեր

Լրահոս