«Ոստիկանությունը երբեք անմեղության կանխավարկածով միջոցառում չի անում»
«Սուտ մատնության հանգամանքը կճշտվի բոլոր այն դեպքերում, երբ հաղորդումների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժելու կամ գործերը կարճելու որոշումներ կայացվեն: Այսինքն՝ մենք դրա մասով դեռ ժամանակ ունենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ պատասխանելով ԲՀԿ-ականների պնդումներին, թե սուտ մատնության հաղորդումներ են եղել, եթե պատշաճ չարձագանքվի, ոստիկանապետը պետք է հրաժարական տա:
Ըստ նրա՝ հաղորդումներ տվողների անձը հայտնի է, չեն կարող խուսափել սուտ մատնության համար պատասխանատվությունից, եթե քննությամբ կպարզվի, որ ահազանգը սուտ էր:
«Ոստիկանությունը երբեք անմեղության կանխավարկածով միջոցառում չի անում, մենք միշտ ենթադրում ենք, որ հանցագործության հատկանիշներ կարող են լինել, և իրականացնում ենք ստուգողական գործողություններ: Եվ այդ կասկածները պետք է փարատվեն»,- նկատեց Քոչարյանը: