«Մեր քաղաքական ուժերի մեծամասնությանը միավորում է մի մեծ թերություն. դրա համար իրենց ձայն չեն տալիս». Ռուբեն Բաբայան

Հարցազրույց Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին Ձեզ համար։

– Եթե խոսում ենք այն դաշինքների և կուսակցությունների մասին, որոնք անցան ավագանի, արդյունքները սպասելի էին։ Այդ մեծ տոկոսները սպասելի չէին, բայց այդտեղ շատ մեծ դեր խաղաց նաև այն, որ վարչապետն այդ քվեարկությունը կապեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ։ Կարծես թե ընտրողները ոչ միայն ընտրում էին քաղաքապետի և համապատասխան թիվ, այլ նաև իրենց «այո»-ն էին ասում, որպեսզի այդ ընտրությունները տեղի ունենան հնարավորինս շուտ։ Համենայնդեպս, ինձ համար ամենակարևորն ընտրությունների որակն էր։ Ես ընդհանրապես մեծ տեղ եմ տալիս ձևին, ձևը թելադրում է և որակը։ Եթե դու ընտրում ես ընտրության քաղաքակիրթ ձև, արդյունքում ստանում ես ազատ և արդար ընտրություններ։ Աստված տա, որ սա չդառնա առաջին ու վերջին ազատ և արդար ընտրությունը 21-րդ դարում, ինչպես մենք դա արեցինք 20-րդ դարի վերջում ու հետո ինքներս չփորձեցինք պահպանել այն նվաճումը, որ ունեինք։

– Թեև ընտրությունների օրը կեղծիքներ, ընտրակաշառքի դեպքեր չեն գրանցվել, սակայն կարծիքներ կան, որ նախընտրական քարոզարշավն էր բավականին լարված, միմյանց նկատմամբ մեղադրանքներ էին հնչում, ինչն ուղղորդող նշանակություն ունեցավ։ Նաև Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ելույթների մասին է խոսվում, նշվում է, որ «Իմ քայլի» թեկնածուն մղվեց հետին պլան, ժողովուրդն իր ձայնը հենց Ն. Փաշինյանին տվեց։ Դուք այս ամենի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք և ինչպե՞ս եք գնահատում ամբողջ քարոզարշավը։

Կարդացեք նաև

– Դուք գործածեցիք երկու բառ՝ լարված և ագրեսիվ. կարծում եմ՝ լարվածը նորմալ երևույթ է, եթե նա քաղաքակրթության սահմաններում իրականացվի։ Իհարկե, լարված պետք է լինի, ես երբևէ չէի հավատա մրցակցող կուսակցությունների սիրո խոստովանություններին, ավելի շատ դա կեղծիք կհամարեի։ Բայց անձամբ ինքս կողմնակից եմ ամենամեծագույն  տարաձայնություններ ունենալու պարագայում՝ միշտ մնալ պարկեշտության սահմաններում։ Սա շատ կարևոր է։ Բայց ունենք այն, ինչ ունենք, և չենք կարող մեղադրել և նշել, թե մեր հասարակությունը շատ կիրթ է, իսկ գտնվում են քաղաքական գործիչներ, որոնք միմյանց հետ «արա»-ով են խոսում, կամ՝ սպառնալիքով, շանտաժով։

Ցավոք, հասարակությունը կամ հասարակության  որոշակի մասն այդպես է մտածում, այդպես է խոսում, գնահատականներ տալիս, համարելով, որ վիրավորանքը լավագույն փաստարկն է։ Ինչպե՞ս սրա դեմ պայքարել, չեմ կարծում, որ ոստիկանական մեթոդներով կարելի է դրա դեմ պայքարել։ Հարցն էլի վերադառնում է կրթության, մշակույթի ոլորտներ։ Այն անտեսված վիճակը, որում գտնվում էին կրթությունն ու մշակույթը, չէր կարող իր հետևանքները չթողնել, սա էլ է միանշանակ։ Դու անտեսում ես կարևոր ոլորտներ, հետո սկսում զարմանալ, թե ինչու հանրությունը իրար հետ ոչ թե խոսում է «պարոն»-ով և «տիկին»-ով, այլ «ձյաձ»-ով և «ծյոծ»-ով։

– Այսինքն՝ «ասֆալտին փռել», «պատերին ծեփել» արտահայտությունները հենց հանրության համա՞ր էին արվում։

– Կարծում եմ՝ այո։ Փորձառու քաղաքական գործիչ է, ինչքան էլ նման արտահայտություններն ինձ դուր չգան, քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչներն ընտրությունների ժամանակ առաջին հերթին  աշխատում են քանակի վրա, այլ ոչ թե՝ որակի, որովհետև, երբ հաշվում են քվեաթերթիկները, չեն հաշվում, թե ով է քվեարկել, այլ հաշվում են, թե քանիսն են քվեարկել։ Եվ եթե հասարակության կողմից նման արտահայտությունները շատ լավ արձագանք են գտնում, պարզ է, որ քաղաքական ուժերը սկսում են դա օգտագործել։ Ընդ որում, մենք տեսանք, որ մոտավորապես նույն կերպ իրար հակադրվող քաղաքական ուժերը դա օգտագործեցին։ Ես շատ կուզենայի, որ հանրությունը մերժեր նման դեբատների մակարդակը։

Ես կարծում եմ՝ կարելի է սկզբունքային, ամուր, ուժեղ լինել՝ առանց անցնելու որոշակի էթիկական նորմեր։ Այլ բան է, որ իմ ցանկությունները ոչ միշտ են համընկնում մեր իրականության հետ։ Բայց կարծում եմ, որ դա միշտ է լինելու. եթե ես ունենամ այնպիսի իրականություն, ինչպիսին երազում եմ, ուրեմն՝ պետք է որոշակի մեղքեր գտնեմ ինքս իմ մեջ, ուրեմն՝ ինչ-որ բան պակաս եմ երազում։  Յուրաքանչյուր հասարակություն թույլ է տալիս նման բաներ։ Չէի ուզենա, որ մեր քաղաքական գործիչները նման արտահայտություններ թույլ տային։

Շատ կուզեի, որ մեր քաղաքական գործիչները շատ արագ այդ ճանապարհն անցնեին՝ դեպի պետական գործիչներ, քաղաքական շահը, պետական շահը մի քիչ տարբերեն։ Ես հասկանում եմ, որ վիճակը նյարդայնացնող է, անկայուն, հաճախակի նյարդերն իրենց զգացնել են տալիս, մարդիկ կարող են և չդիմանալ, ինչ-որ արտահայտություններ իրենց թույլ տալ։ Եթե մենք ապացուցեցինք, որ կարող ենք կազմակերպել արդար, ազնիվ ընտրություններ, ինչո՞ւ չենք կարողանում կազմակերպել նախընտրական անհայհոյանք, առանց զրպարտանքների քարոզարշավ։

Կարծում եմ՝ կարող ենք, պետք է պարզապես որոշել, ինչպես որոշվեց, որ չենք օգտագործում ադմինիստրատիվ ռեսուրսներ, փող, գազելներով չենք տանում, չենք բերում, ընտրատեղամասերի առջև չենք կանգնեցնում Բաբաջանյանի դեմքի արտահայտությամբ ուղղորդողներ։ Եթե դա հնարավոր է, ուրեմն՝ հնարավոր է և զսպել սեփական լեքսիկոնը, և կարծում եմ՝ կշահեն բոլորը։

– «Իմ քայլը» դաշինքն 80 տոկոսից ավելի ձայն ստացավ, ինչը որոշ գործիչների մոտ մտահոգություն առաջացրեց, ոմանք ավտորիտարիզմի վտանգ են տեսնում, ոմանք նույնիսկ ֆաշիզմի տարրեր են փորձում գտնել։ Դուք ի՞նչ կարծիք ունեք։

– Ամեն ինչ էլ կարող է լինել։ Իհարկե, ուրախացնող է, գլուխդ էլ կարող է պտտվել այդ տոկոսից, բայց կա նաև երկրորդ կողմը՝ պարտավորեցնող։ Իհարկե, կերազեի այն ժամանակների մասին, որտեղ հակառակորդները մոտավորապես նույն ձայները հավաքեին, միմյանց հետ վիճեին գաղափարախոսություններով, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ունենք մի վարչապետ, որի հետ հասարակությունը կապում է հույս՝ կտրել բոլոր կապերը և չվերադառնալ նախկին համակարգին։ Սա կարող է դուր գալ, կամ ոչ, բայց յուրաքանչյուրս կարողանում ենք կառուցել մեր կյանքը, մեր երկիրը, երբ ադեկվատ ենք ընկալում և կարողանում ենք համակերպվել փաստերի հետ։ Եթե քաղաքական գործիչներն ուզում են վայելել նմանատիպ բարձր տոկոս, ուրեմն՝ նրանք ևս համապատասխան ճանապարհ պետք է անցնեն։ Քաղաքական գործչի կոչումը պետք է վաստակել ծանր աշխատանքով։

– «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն վաստակե՞լ էր այդ կոչումը։

– Կարծում եմ՝ այս պարագայում ավելի շատ խոսվում էր, թե ում կներկայացնի վարչապետը։ Պարզվեց, որ այդ գործոնն էլ է լավ աշխատում։ Իհարկե, անձամբ իմ ցանկությունը կլիներ, որ յուրաքանչյուր անհատ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, ով զբաղեցնելու է նման կարևորագույն պաշտոնը, ինքը ներկայանար՝ որպես ամբողջովին կայացած քաղաքական գործիչ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Աշխատանքի գնահատականը կարող ենք տալ շատ շուտ՝ մեկ-երկու ամսվա ընթացքում, որովհետև այսօր կանխավ ես չեմ կարող ասել ո՛չ այո, ո՛չ ոչ, աշխատանքը ցույց կտա։

– Քարոզարշավի ժամանակ գաղափարական, ծրագրային մասը երկրորդ պլան մղվեց։ Դա ինչո՞վ էր պայմանավորված։

– Գաղափարների պակասով (ծիծաղում է.- Ռ.Մ.)։ Կամ գաղափարները չափից շատ պոկված են իրականությունից, կամ էլ պարզապես գաղափարների պակաս կա։ Սա քաղաքային ընտրություն էր, բայց շուտով լինելու են ԱԺ ընտրություններ, և կուզեի շատ կոնկրետ լսել, թե ինչ արժեքային համակարգում են տարբեր դաշինքներ և կուսակցություններ տեսնում Հայաստանը։ Շատ լավ է, որ հանրությունն այսպիսի վստահություն ունի առաջնորդի հանդեպ, բայց երբ համակարգի կառուցվածքը կապված է միայն մեկ անձի հետ, օրինակ՝ ես վստահ չեմ, որ, եթե վաղը չլինի Նիկոլ Փաշինյանը, կլինեն արդար ընտրություններ, անկախ դատական համակարգ, չեն լինի մենաշնորհներ, և այլն։

Մենք պետք է փոխենք համակարգը, որը պետք է թելադրի քաղաքական  և պետական գործիչներին՝ գործել այդ շրջանակում։ Մենք հաճախ փոխում ենք Սահմանադրությունը՝ ըստ լիդերների։ Այս համակարգային փոփոխությունների գաղափարախոսությունն ինձ համար շատ ավելի կարևոր է, քան պարզապես գաղափարախոսությունը՝ սոցիալիստ ենք, կապիտալիստ ենք, և այլն։ Ես շատերին շատ լավ եմ վերաբերվում, բայց իմ ընտրությունը կատարելու եմ՝ ելնելով ներկայացված համակարգի տեսությունից։

– Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ  եք։ Կարծիքներ կան, որ ԱԺ-ն այս պահին հակակշիռ է կառավարությանը։

– Հակակշիռ կարող է լինել ընդդիմությունը, որը չունենք այսօր։ Ժողովրդավարությունը մեծամասնության թելադրանքը չէ, այլ փոքրամասնության իրավունքը։ ԱԺ-ն պետք է արտացոլի երկրում տիրող բաժանումը, չի կարելի ստեղծել արհեստական ընդդիմություն։ Բարի եղեք՝ իրականացրեք ընտրություններ, թող այս ընտրություններն էլ ազատ, արդար լինեն, մենք կունենանք կոնկրետ պատկեր։

– Միակուսակցականության վտանգ չի՞ լինի՝ հաշվի առնելով երկրում տիրող էյֆորիկ մթնոլորտը։

– Ես չեմ կարծում, որ երկրում էյֆորիկ մթնոլորտ է տիրում, որովհետև էյֆորիան երկար չի տևում։ Եթե դա տևում է 100 օրից ավելի, էյֆորիա չէ. հաճախ դա սթափ գնահատական է, գուցե ինչ-որ վախեր են, գուցե արդարացված, գուցե չարդարացված։ Միակուսակցական համակարգը, իհարկե, վատ է, բայց դրա համար պետք է մտածել այնպիսի համակարգի մասին, որ ունենալով նույնիսկ փոքրիկ ընդդիմություն, իսկ դա պարտադիր կլինի, չեմ կարծում, որ ժողովուրդը 100 տոկոսով միայն մի կուսակցության ձայն կտա, չի լինի նման բան, մյուս կուսակցությունները պետք է աշխատեն, առաջարկեն ինչ-որ հետաքրքիր բաներ։ Հաճախ վերլուծություն չի կատարվում, թե ինչ կատարվեց մեր երկրում, ինչու կոնկրետ այս քաղաքական լիդերը կամ այս քաղաքական ուժը հասավ հաջողության։ Կարծում եմ՝ մեր քաղաքական ուժերի մեծամասնությանը միավորում է մի մեծ թերություն՝ նրանք հետ են նայում, միշտ փորձում են խաղալ ժողովրդի նոստալգիկ զգացմունքների վրա, դրա համար իրենց ձայն չեն տալիս։ Մարդը միշտ նայում է առաջ, նրան հետաքրքրում է ապագան։ Չի կարելի մարդկանց գրավել՝ ասելով՝ մեր ժամանակ լավ էր։

Կամ վատ հոգեբաններ են աշխատում մեր քաղաքական գործիչների հետ, կամ ընդհանրապես հոգեբան չունեն՝ կարծելով, որ դա ավելորդ է։ Մարդն ուզում է, որ լինեն փոփոխություններ։ Կանայք ընտրությունների ժամանակ ամենաակտիվ զանգվածն են, ավելի ակտիվ են, քան տղամարդիկ, կանայք մշտապես փոփոխություններ են կատարում։ Պետք չէ մտածել, որ փոփոխության ցանկությունը չի ազդում քաղաքական դաշտի վրա։

– Խոսեցիք կանանց դերի կարևորության մասին, կարծիքներ կան, որ քաղաքականության մեջ կանանց այդքան էլ լուրջ չեն վերաբերվում, հոգեբաններն էլ նշում են, որ կին ընտրողներն իրենց ձայնը չեն տալիս կին թեկնածուներին։ Արդյո՞ք այս ընտրությունները դա չապացուցեցին, որովհետև կին լիդերները շատ քիչ ձայներ հավաքեցին։

– Շատ կուզենամ, որ կանայք մտնեն քաղաքականություն, ակտիվ զբաղվեն քաղաքականությամբ։ Շեքսպիրն ասել է՝ թատրոնը կյանք է, մարդիկ՝ դերասաններ, դա հենց այնպես ասված խոսք չէ։ Թատրոնը կառուցվում է երկրի հանրության սկզբունքով։ Թատրոնի ամենաշնորհակալ հանդիսատեսը կանայք են, և տղամարդիկ հիմնականում թատրոն են գալիս, որովհետև իրենց կանայք են բերում։ Սա շատ կարևոր է, երբ մենք խոսում ենք կյանքի այդ ընկալման մասին։ Շատ երկար ժամանակ համարվում էր, որ ռեժիսուրան տղամարդու մասնագիտություն է, և վերջ, այսօր բազմաթիվ կանայք հրաշք ռեժիսորներ են։ Ես ինքս դասավանդում եմ Թատրոնի և կինոյի ինստիտուտում և տեսնում եմ՝ ինչքան ակտիվ ու հետաքրքիր են աղջիկները, ինչքան ավելի առաջադեմ են, համարձակ, լայն մտածողություն ունեն։

Այս ամենը տեղափոխվում է նաև քաղաքական դաշտ, որովհետև կարելի է հրապուրել՝ միայն նոր դաշտեր բացելով։ Չի կարելի հրապուրել՝ ասելով՝ ես ձեզ քարոզում եմ այն, ինչ քարոզում էինք 100 տարի առաջ։ Սա կմնա ուղղակի քարոզ, իսկ եթե դու բացում ես նոր հորիզոններ, որոնց մասին քեզնից առաջ ոչ ոք չի խոսել, այստեղ կաշկանդվածությունն ավելի շուտ հաղթահարում են կանայք։

– Հասարակությունը պատրա՞ստ է ընդունել այդ նոր գաղափարները։

– Պետք է պատրաստենք։ Եթե մենք մշտապես շարժվեինք նրանով, թե ինչին է պատրաստ հասարակությունը, մենք ոչ մի տեղ չէինք գնա։ Միշտ պետք է լինեն մարդիկ, որոնք դժվարությամբ, քարկոծվելով այդ նույն հասարակության կողմից, բացում են նոր հորիզոններ։ Հետո գալիս է մի էտապ, երբ այդ նույն հասարակությունը սկսում է քարկոծել արդեն մյուսներին, մոռանալով, որ այն ձևը, որով ապրում է այսօր, ժամանակին ևս քարկոծվել է։ Պետք չէ վախենալ քարկոծվելուց, դա արժանի պարգև է յուրաքանչյուր մտածող մարդու համար։ Եթե քո մտածողությունը ընդունված կանոններից դուրս է գալիս, իհարկե, պետք է քարկոծվես, մեղադրվես, քեզ պետք է վիրավորեն, ամեն ինչ ասեն, բայց միևնույն է, պետք է անես այն, ինչ կարող ես անել։

– Այսինքն՝ ժամանակի ընթացքում հասարակության վերաբերմունքը կփոխվի։

– Երբ Նիկոլ Փաշինյանն սկսեց իր քայլերթը, շատերը ձեռք էին առնում, չէին հավատում։ Հիշեք «Ֆորեսթ Գամփ» ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը սկսում է վազել, և իրեն կամաց-կամաց միանում են շատ մարդիկ։ Շատ կարևոր է՝ առաջին քայլն անել, հավատալ քո նպատակին և գնալ։ Ձեռք կառնեն, կծիծաղեն, կքարկոծեն, հետո կմիանան։ Հետո գալիս է մյուս էտապը՝ ինչպես անել, որ հեղափոխությունից անցնես բարեփոխումների։ Այստեղ միայն սիրուն և պայծառ գաղափարներով հնարավոր չէ առաջնորդվել, այստեղ նույնիսկ ուրիշ շրջապատ, մասնագետներ են պետք, որոնց գուցե դժվար է գտնել, որովհետև երկար ժամանակ արհամարհում էինք պրոֆեսիոնալիզմը, մենք հայրենասիրությունը դարձրել էինք մասնագիտություն։ Վերջերս նման բան կարդացի, որ կան մարդիկ, որոնք չափից շատ սիրում են հայրենիքը, բայց հայրենիքին դրանից ոչ մի օգուտ չկա։ Կարծում եմ՝ այդտեղ կա որոշակի ճշմարտություն։

Հայրենասերը մասնագետն է, որը կարողանում է իր գործով օգուտ բերել հայրենիքին, այսինքն՝ մարդկանց։ Հայրենիքն առանց բնակության դատարկ քարտեզ է, որը կարելի է ուզած չափով գծել։ Մասնագետը չի հայհոյում, մասնագիտությունը չի հանդուրժում հայհոյանք, մասնագիտությունը հետազոտություն է, որովհետև ինչքան խորանում ես քո մասնագիտության մեջ, այնքան նոր հորիզոններ են բացվում, ժամանակ չես ունենում ուրիշներին մեղադրել, բայց հետո պարզվում է, որ քո հորիզոններից օգվում են ուրիշները, ինչը շատ լավ է, ընտիր է։ Հայրենասերը միայն սիրում է։

– Պարոն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում կառավարության այս 4 ամսվա աշխատանքը, մշակույթի ոլորտում տեսնո՞ւմ եք փոփոխություններ։

– Ցավոք սրտի՝ ոչ։ Այն, ինչի մասին խոսում եմ՝ ասելով՝ համակարգային փոփոխություններ, դրանք դեռ չկան։ Ես հասկանում եմ, որ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաս, թե ինչ համակարգի մեջ պետք է աշխատես։

– 4 ամիսը բավարար չէ՞ր։

– Ես կուզենայի, որ այդ 100 օրվա հաշվետվությունը ոչ թե լիներ միջոցառումների թվարկում, որն ուզածդ նախարարի ժամանակ կլիներ, այլ պարզապես ասել, թե այս 100 օրվա ընթացքում ինչ խնդիրներ են ի հայտ եկել, և ինչ ուղիներ ենք մենք տեսնում՝ այդ խնդիրները լուծելու։ Ինչ-որ բանից հրաժարվելու համար այդ բանը պետք է ատես, ատելու համար պետք է լավ ճանաչես՝ ինչից ես հրաժարվում։ Դուք չեք բաժանվի ձեր կնոջից կամ ամուսնուց, եթե չատեք իրեն, իսկ ատում եք, որովհետև լավ եք ճանաչում։ Նույն բանն այս համակարգի մեջ է։ Մեզ մոտ սովետական համակարգ է մնացել՝ ժանգոտված, չաշխատող, և այդ համակարգը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ կա անձնական շահագրգռվածություն՝ փող։ Երբ վերացնում ենք այդ անձնական շահագրգռվածությունը, համակարգը պարզապես կանգնում է, որովհետև օրենքների այնպիսի իրար հակասող բուրգ է, որ օրենքը չխախտելու համար ավելի լավ է ընդհանրապես չաշխատել։

Օրենքները ոչ թե նպաստում են այս ոլորտի զարգացմանը, այլ արգելափակում են։ Պետք է առաջին հերթին փոխել ամբողջ համակարգը, փորձել անել այնպես, որպեսզի տաղանդը, աշխատասիրությունը հնարավորություն ունենա ազատ արտահայտվելու և զարգանալու։ Ընդ որում՝ ոչ թե ինչ-որ մեկի կամ ինչ-որ մի հանձնաժողովի կամքով, այլ՝ որովհետև օրենքներն ու բնական ընթացը դա են ենթադրում։

Եթե ես իմանայի՝ ինչպես, ես կլինեի այնտեղ, ես չգիտեմ՝ ինչպես, կարող եմ ասել միայն մի բան, այն, ինչ ասել եմ այն ժամանակ, երբ դարձա թատրոնի ղեկավար. ես ասել եմ՝ ես չգիտեմ՝ ինչպիսին պետք է լինի թատրոնը, բայց ես գիտեմ՝ ինչպիսին նա չպետք է լինի։ Սա շատ կարևոր է։ Համակարգն արատավոր է, պետք է քանդվի, կառուցվի նորը, և, փառք Աստծո, աշխարհում շատ մոդելներ կան։ Բայց դա նաև ցավալի պրոցես է, որովհետև խփելու ես շատ մարդկանց, որոնք արդեն սովորել են այդ համակարգին։ Մշակույթի նախարարությունը փոխելով՝ չի փոխվի որևէ բան, որովհետև սա միանգամից խփելու է մարդկանց սոցիալական պաշտպանվածությանը։

Տաղանդի, աշխատանքի գնահատականը պետք է ուրիշ չափանիշերով որոշվի։ Դուք չե՞ք նկատել, որ մեր կյանքում շատ բան փնթի է արվում։ Դատական պրոցեսներն են փնթի գնում, հետախուզությունն է փնթի աշխատում, բարձրաստիճան պաշտոնյաներն են փնթի խոսում. դա պրոֆեսիոնալիզմի պակաս է, պրոֆեսիոնալը փնթի չի աշխատում։ Փնթիությունը գալիս է դիլետանտիզմից։ Կրթություն, կրթություն, մասնագիտացում. ուրիշ ճանապարհ աշխարհում չկա։ Գերմանիան, որն այսօր ԵՄ շարժիչ ուժն  է, միայն կրթությունով է դրան հասել։ Ամենաառաջադեմ կրթությունն է հիմա այնտեղ, և հասել է նրան, որ բարձրագույն կրթությունն արդեն անվճար է ոչ միայն՝ գերմանացիների, այլև՝ օտարերկրացիների համար։ Ինչքան մեծ տեղ են տալիս կրթությանը։

Մենք չենք լուծի որևէ հարց ամենաարդար, ամենաազնիվ ընտրություններով, երբ անգամ կուսակցությունները կհավաքեն 20-30 տոկոս. եթե մնանք անկիրթ, մենք կունենանք այն, ինչ ունենք հիմա։

Տեսանյութեր

Լրահոս