ՀՀ վարչապետը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից կազմակերպված Leaving No One Behind in an Age of Technological Revolution խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են տեխնոլոգիական հեղափոխության դարաշրջանում համագործակցության զարգացմանը, փորձի փոխանակմանն ու երկրների զարգացմանը վերաբերող հարցեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և ՄԱԶԾ-ի միջև համագործակցության զարգացումն ու ընդլայնումը, գործընկերային կապերի հետևողական խորացումը` ի նպաստ մեր երկրի կառավարման համակարգի զարգացմանը, տարբեր ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, փորձի փոխանակմանը:
Նա նշել է, որ ՀՀ կառավարությունն ընթանում է տնտեսության կառուցվածքի փոփոխության ճանապարհով` շեշտը դնելով բարձր տեխնոլոգիական ճյուղի զարգացման վրա: «Մեր նպատակն է Հայաստանն ագրարային երկրից վերածել բարձր տեխնոլոգիական երկրի, տնտեսության ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն. դա մեր ամենակարևոր խնդիրներից է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացներից հետո կառավարության առաջնահերթություններից մեկն է իրական փոփոխությունների իրականացումը տնտեսության զարգացման ուղղությամբ, մասնավորապես, դրանում նորագույն տեխնոլոգիաների դերի բարձրացման, կառավարման համակարգի, կրթության ոլորտների զարգացման ուղղություններով:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերն ու համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն Հայաստանի շարունակական զարգացմանն ու առաջընթացին: Իր խոսքում վարչապետն անդրադարձել է մեր երկրում տեխնոլոգիական ներուժի իրացմանը, ՏՏ ոլորտի հնարավորություններին, երիտասարդների շրջանում տեխնոլոգիական մոտեցումների խթանմանն ու տարածմանը, Հայաստանում ներդրումների իրականացման հնարավորություններին և այլ թեմաների: