ԵՄ-ի ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանել են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ արտահերթ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի առաջարկը: Այդ մասին Զալցբուրգում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովում սեպտեմբերի 20-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Սեբաստյան Կուրցը: Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն դեռեւս տարբեր մոտեցումներ ունեն Brexit-ի նկատմամբ:
«Ինչպես գիտեք, մեր մոտեցումները տարբերվում են իրարից»,- ասել է Կուրցը, նշելով, որ պետությունների ու կառավարությունների ղեկավարները պաշտպանեցին Brexit-ի շուրջ գագաթնաժողովը նոյեմբերին անցկացնելու առաջարկը: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նախօրյակին հայտարարել էր, որ մտադիր է նոյեմբերի կեսերին հրավիրել հանրակցության անդամ 27 երկրների արտահերթ գագաթնաժողով՝ նվիրված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններին:
«Ես կցանկանայի բանակցություններն ավարտել այս աշնանը, ուստի կառաջարկեմ ղեկավարներին գագաթնաժողովը գումարել մոտավորապես նոյեմբերի կեսերին»,- ասել էր նա Զալցբուրգում կայացած մամուլի ասուլիսում: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: