Խաղողի գինը և մթերման հեռանկարը

Քաղաքական ու քաղաքականամերձ կրքերը նորից ստվերում են ամեն ինչ: Ոչ մի ոլորտ հասարակական ուշադրության չի արժանանում: Մամուլում ու սոցցանցերում միայն նախընտրական դեպքեր են: Այսինքն՝ հայոյանք ու քարոզչություն, որոնք, ի վերջո, նույն բանն են: Քննախույզ ու մանրակրկիտ աշխատանք պետք եղավ գտնելու լուրն այն մասին, որ «Սեպտեմբերի 18-19-ին Երևանում տեղի կունենա գյուղատնտեսական վիճակագրության հարցերով ԱՊՀ երկրների փորձագետների խորհրդակցություն»:

Միանգամից նշենք, որ չափազանց կարևոր միջոցառում է: Ի վերջո, մեր հայրենի վիճակագրության աքիլեսյան գարշապարը հենց գյուղատնտեսական վիճակագրությունն է: Այս վիճակագրության համաձայն՝ մենք պարբերաբար առաջինն ենք աշխարհում: Երբեմն, ասենք, կաթի մթերումների ցուցանիշներով: Երբեմն հասնում ու անցնում ենք ԱՄՆ-ին մսի մթերումներով:

Բնականաբար, խոսքը գյուղմթերքի արտադրության զուտ ֆիզիկական ծավալի մասին չէ, այլ` մեկ շնչին ընկնող բաժնի: Հուսանք, որ խորհրդակցությունը դրական ազդեցություն կունենա, և մեր գյուղատնտեսական վիճակագրությունն ավելի արժանահավատ կդառնա: Կամ գոնե՝ մի փոքր հոդաբաշխ:

Տեսեք, այս տարվա գյուղատնտեսական մթերումների շրջանը սկսվեց խաղողի մթերումների դեմ գյուղացիական ընդվզումներից: Ավելի ճիշտ` մթերման գների դեմ ընդվզումներից: Ու տարօրինակորեն գյուղոլորտի վիճակագիրների խորհրդակցության լուրի հետ հայտնվեց Խաղողագործների միության նախագահի կարծիքը ոլորտում ընթացող տարօրինակ զարգացումների մասին: Ըստ նրա՝ խաղողի մթերման ամենաբարձր գինը` մեկ կիլոգրամի դիմաց՝ 150 դրամ, եղել է 2015թ.: Մարդը զարմանում է, որ դրանից երեք տարի անց գինը բարձրանալու փոխարեն՝ նվազել է` դարձել 140 դրամ:

Բայց նույն հարցազրույցի մեջ նշվում է, որ նախորդ տարի մթերման գինը 130 դրամ է եղել: Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ՝ գինն ավելի բարձր է, բայց ավելի ցածր է երեք տարի առաջ արձանագրվածից: Ասածից որևէ բան հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել գյուղատնտեսական մթերումների պաշտոնական վիճակագրությունը: Նախ՝ նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին տարիներին, վիճակագրության լեզվով ասած, «խաղողի տնկարանների» (պարզ մարդկային լեզվով` խաղողի այգիների) ծավալը չի փոխվել: 2012թ.-ից միչև 2017թ. 17,1-17,5 հազար հեկտար տարածք է մշակվում՝ որպես խաղողի այգի:

Հավատանք այս թվին, անկախ այն փաստից, որ Արարատյան դաշտավայրի գյուղացիները բոլոր ծանոթներին միաբերան պատմում են, որ կամաց-կամաց կտրում են խաղողի այգիները: Բայց վիճակագրությունը ստուգելու համար հարկավոր է ցանկացած տվյալ համադրել հարակից մյուս տվյալների հետ: Մեր վիճակագրությունը միայն այգիների ծավալ չէ, որ հաշվարկում է: Ամեն տարի հավաքվում, հաշվարկվում ու հրապարակվում է նաև խաղողի արտադրության ծավալները:

Օրինակ, հաշվարկվել է, որ 2012-ին արտադրվել է 241,4 հազար տոննա խաղող: 2013-ին` 240,8: 2014-ին` 261,3: 2015-ին համարյա փոքրիկ հրաշք է արձանագրվել խաղողագործության ոլորտում` պաշտոնապես արտադրվել է 309,2 հազար տոննա: Հաջորդ տարի ոչ փոքրիկ, բայց արդեն հակահրաշք է տեղի ունեցել: Խաղողի արտադրությունը 42 տոկոսի չափով անկում է արձանագրել: Արտադրվել է ընդամենը 178,8 հազար տոննա:

Բերքատվության նման անկումը պաշտոնական բացատրություն չունի: Առ այսօր: Հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, խաղողագործության վարկավորման պետական ծրագրեր չկան: Համապատասխան հասարակական կազմակերպության նախագահի խոսքերով՝ խաղողագործները բանկային վարկավորումից չեն օգտվում, որովհետև ոլորտը ռիսկային է և ոչ եկամտաբեր: Ավելին, նա Տնտեսական մրցակցության հաննաժողովին կոչ է անում ուսումնասիրել և պարզել, թե ինչ ծավալի եկամուտներ են ունենում վերամշակող կազմակերպությունները:

Աղոթող հրեայի մասին հայտնի անեկդոտի հանգույն` հրեան ասում է` «Թող որ ունենամ այնքան փող, որքան ունեմ հարևաններիս կարծիքով»: Ա՛յ այսպես: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում, որ ոլորտի փորձագետները տարիներ շարունակ մեր խաղողագործներին առաջարկում են փոխել մշակվող տեսակները և գինեգործության նպատակով ավելի հարմար սորտեր մշակել: Խաղողի բերքատվության աճը մեր մասնագետների ու գյուղացիների համար հակափաստարկ էր:

Նրանք բոլորը կարծում էին, որ վրացական գինին Ռուսաստանում լայն սպառում ունի միայն այն պատճառով, որ ավելի հայտնի ապրանքանիշ է: Բայց 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո մեզ չհաջողվեց ընդլայնել մեր գինու իրացման ծավալները:

Իսկ երբ երեք տարի առաջ ՌԴ իշխանությունները թույլատրեցին վրաց գինեգործներին վերադառնալ այդ պահին պարզվեց, որ հարևան երկրի գինեգործները անհրաժեշտ քանակի խաղող չեն գտնում մթերման համար: Ռուսական շուկայում վրացական գինու իրացման ծավալները՝ մերի համեմատ, առասպելական են` ավելի քան 100 մլն դոլարի: Ուստի, մինչև սեփական խաղողի այգիների վերականգնումը, մեր հարևանները խաղող էին ներմուծում Հայաստանից: Հիմա ներմուծման ծավալները կտրուկ նվազել են: Ու մեր խաղողագործները կրկին հայտնվել են ծանր վիճակում:

Նախկինում, երբ նման իրավիճակ էր ստեղծվում, իշխանությունները մթերող մեծ ու փոքր գինեգործական ընկերություններին պարտադրում էին մթերել բերքը: Տարիներ եղան, երբ վերամշակող ձեռնարկությունները նոր մթերման սեզոնից առաջ չէին հասցնում մարել գուղացիների նախորդ տարվա պարտքը: Հիմա դժվար թե նոր իշխանությունները դիմեն նման պարտադրանքի: Դրան գումարած, ըստ մամուլի տեղեկությունների՝ ոլորտից դուրս է մղվել նաև վերամշակող խոշոր ու հնագույն ձեռնարկություններից մեկը` Արտաշատի կոնյակի-գինու գործարանը (հիմնադրվել է, կարծեմ, 1906թ.): Այսինքն՝ խաղողի մթերման ոլորտում բարդ իրավիճակ է ձևավորվում:

Եվ բացառված չէ, որ գյուղացիական դժգոհությունները կուղղորդվեն ոլորտի խոշոր ու նախկինում մթերման ոլորտում որևէ խնդիր չունեցած ձեռնարկությունների դեմ: Դա էլ հավանաբար լուծում է: Տարօրինակ, անիմաստ, բայց ժամանակավոր լուծում: Հիմա մեր կառավարիչներից ո՞վ է թեկուզ միջնաժամկետ ծրագրի մասին մտածում:

Տեսանյութեր

Լրահոս